Քաղաքական

ԳԼՈԲԱԼԱՑՈՒՄ-ի եւ ԳԼՈԲԱԼԻԶՄ-ի Դրական եւ Բացասական Արգասիքը

(Ապրիլեան խոհեր)

Լորեթա Ղեւոնդեան

 

Համաշխարհային մտածողութիւնը 20-րդ դարի վերջին եւ դեռ 21-րդ դարը չսկսած, ձեւաւորւեց նոր աշխարհայեացքով եւ երկիր մոլորակի բնակչութիւնը փոխակերպւած ու նորամուտ տերմիններ ընդունեց իր բառապաշարում: Ինտերնետ, նոր սերնդի սմարթ հեռախօսներ, համամոլորակային հաղորդակցական ցանց (հեռակայ աշխատանք, առցանց կրթութիւն՝ գտնւելով աշխարհի ցանկացած կէտում, հեռակայ յարաբերութիւններ եւ …)

Նորամուտ տերմիններից են ԳԼՈԲԱԼԱՑՈՒՄ եւ ԳԼՈԲԱԼԻԶՄ հասկացութիւնները, որոնք մինչեւ 1960-ական թթ. տնտեսագէտների եւ սոցիոլոգների կողմից օգտագործւել են, որպէս հոմանիշներ:

Տնտեսագէտներից ոմանք գլոբալացումը օգտագործել են, որպէս «Շուկայի գլոբալացում» անունով եւ սոցիոլոգներից ոմանք էլ գլոբալացումը սահմանում են, որպէս «Այն բոլոր գործընթացների ամբողջութիւն, որոնց միջոցով աշխարհի մարդիկ միաւորւում են մի հասարակութեան մէջ»:

Գլոբալացում կամ համաշխարհայնացում` ապրանքների, կապիտալի, ծառայութիւնների, մարդկանց, տեխնոլոգիայի եւ տեղեկատւութեան ազատ տեղաշարժն է: Այն երկրների միջազգային միաձուլման գործընթացն է, որն առաջանում է աշխարհայեացքների, արտադրանքի, մտքերի եւ մշակոյթի այլ տեսակէտների հաղորդակցումից եւ ընդլայնում է սոցիալական կապերն ամբողջ աշխարհում:

Աստիճանաբար ակնյայտ դարձաւ, որ հաղորդակցական ցանցերն աւելի քիչ են ծառայում տեղեկատւութեան եւ առաւել ծառայում են գովազդի, մարկետինգի, հեռուստատեսային ծրագրերի եւ մշակութային այլ արտադրանքի արտահանմանը։

Մեծ ուշադրութեան է արժանի գլոբալացման ազդեցութիւնը մշակոյթի համակարգում եւ ազգային պատնէշները վերացնելու պարագային՝ կամայ, թէ ակամայ: Հաղորդակցական ցանցերի աննախադէպ զարգացումն ու ընդլայնումը, երեւի թէ, առաջին հերթին խօսում է նոր համաշխարհային մշակոյթի ձեւաւորման մասին։

Տնտեսական կողմի վրայ կենտրոնանալիս մեր առջեւ յառնում է աւելի քան մռայլ մի հեռանկար՝ մինչ այժմ ինքնավար ազգային շուկաները եւ արդիւնաբերութիւնները արագ կլանւում են մէկ ոլորտի մէջ եւ անհետանում են ազգային գոյութեան սահմանները։

Այս դէպքում խօսքն արդէն համամոլորակային մասշտաբի աննախադէպ ստանդարտացման մասին է։ Երբ տնտեսական մռայլ հեռանկարը փոխանցւում է մշակութային տիրոյթ, ապա ստանում ենք մշակոյթի՝ աշխարհով մէկ կատարւող ստանդարտացման եւ տեղային տարբերութիւնների կազմալուծման պատկերը։

Զանգւածային մշակոյթի ներխուժման, յարաճուն առեւտրայնացման եւ տեսողականացման, ինչպէս նաեւ այլ հանգամանքների ճնշման ներքոյ, նոր ուժով յառնում է ազգային մշակոյթի ճակատագրի հարցը՝ փրկելու համար անհետացումից։

Միւս տերմինը՝ Գլոբալիզացիան ներառում է գիտատեխնոլոգիական զարգացում, մասնաւորապէս համացանցի զարգացում, որի շնորհիւ պետութիւնների միջեւ հեռաւորութիւնը աննշան է դառնում: Այսօր մենք ունենք հնարաւորութիւն, տեղեկութիւն ստանալու եւ իրագործելու համաշխարհային ազատ առեւտուր եւ տնտեսութեան ոլորտի ընդլայնում:

Գլոբալիզացիան աշխարհը ձեւաւորւում է, որպէս մէկ միասնական համակարգ։ Այն ենթադրում է տնտեսական, քաղաքական, կրօնական եւ մշակութային արժէքների միաձուլումն ու միասնականացումը։

Գլոբալիզացիայի գործընթացը մէկ ընդհանուր քաղաքակրթութեան ներսում չի տարանջատում էթնիկ, լեզւական, մշակութային եւ այլ առանձնայատկութիւններ: Այն համաշխարհային յարաբերությունների մէջ նպաստում է քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային մոդելների շաղկապումը եւ ամրապնդում է գաղթի (միգրացիա) գործընթացը։ Գլոբալիզացիան իր մէջ պարունակում է ազգային, մշակութային բազմազանութիւնը հարթեցնող եւ ամբողջ աշխարհին մշակութային մէկ մոդել, աշխարհայեացքային մէկ համակարգ պարտադրող երեւոյթ։

Գլոբալիզացիայի պայմաններում քաղաքակիրթ հասարակութիւններում քաղաքացիական ազատական բարոյականութիւնը նպաստում է անհատի ինքնաիրացմանն ու ինքնուրոյն դրսեւորմանը։ Միւս դէպքում մշակոյթների ինքնութիւնը դրսեւորող աւան-դոյթները դադարում են գոյութիւն ունենալ եւ ենթադրաբար վերաիմաստաւորում են:

Երեւի թէ, չնչին տարբերութիւններ կան ԳԼՈԲԱԼԱՑՈՒՄ-ի եւ ԳԼՈԲԱԼԻԶՄ-ի միջեւ: Եզրակացնենք, որ ԳԼՈԲԱԼԱՑՈՒՄ-ը չափորոշում է ԳԼՈԲԱԼԻԶՄ-ի՝ առաւել կամ նւազագոյն իրագործմանը, ցանկացած հարթակում:

Այս տերմինները՝ դրական եւ բացասական կողմերով եկել են, նոր դարաշրջանում ծառայելու գերտնտեսական, գերքաղաքական եւ գերուժ պետութիւններին, իրենց ծաւալապաշտական նորաձեւ գործելակերպին:

Եթէ գլոբալացումը եւ գլոբալիզմը աւետաբեր են ներկայ երկիր մոլորակին, ապա ինչո՞ւ դեռ շարունակւում են փոքր ազգերի ու երկրների վերացման ու ձուլման գործընթացը ՝ զինեալ գործողութիւններով եւ միտումնաւոր բնաջնջման կարգախօսով եւ ոչ՝ բնականոն ընթացքով, որով տւեալ երկրները հնարաւորութիւն ունենան հանդուրժողական գործելակերպով տրւել միաձուլման եւ համաշխարհայնացման գործընթացին: Ինչո՞ւ օրըստօրէ միջուկային ռումբերի քանակը աւելանում է եւ երկրները միմեանց սպառնում են միջուկային յարձակումներով:

Եթէ գլոբալացումը կանաչ ապագայ է խոստանում, ապա ինչո՞ւ գերուժ երկրները չեն հրաժարւում իրենց ծաւալապաշտական ծրագրերից եւ գլոբալիզմի լոզունգով քողարկում են իրենց ընթացքը:

Արդեօ՞ք քաղաքակիրթ եւ գերուժ պետութիւնները կատարեալ կերպով հետեւում են գլոբալ կարգախօսին եւ համահաւասար ընդունո՞ւմ են բոլորին՝ բացառելով կրօնի, ազգութեան, մաշկի գոյնի եւ երկրի պատկանելիութիւնը:

Պատասխանը՝ իհարկէ ՈՉ…

Փաստը Ուկրաինայի, Արցախի եւ վերջերս Գազայի միջադէպերն են: Ուկրաինայի պարագային, բոլոր եւրոպական երկրները՝ յանձինս ԱՄՆ-ին, միահամուռ հովանաւորեցին եւ գրկաբաց ընդունեցին այդ երկրի փախստականներին եւ նիւթական ու զինեալ օժանդակութիւններ ցուցաբերեցին պետութեանը:

Միւս կողմում՝ Արցախում ամիսներ պաշարւած արցախցիները սովամահ եղան եւ միջազգային կազմակերպութիւնները «բերանները ջուր կտրած» ականատես եղան ազերիների եւ թուրքերի բարբարոսութիւններին: Արդիւնքում, երբ 120 հազար արցախցիները կեանք ի բռին՝ հարկադրւած թողեցին իրենց պապենական օջախը, դարձեալ համաշխարհային «պապանձւած» արդարութիւնը, որեւէ քայլ չձեռնարկեց: Վստահաբար, եթէ 120 հազարն էլ կոտորւէին, երեւի կորտորածից յետոյ ՄԱԿ-ի եւ համաշխարհային ԱՆԱՐԴԱՐ ատեանները միայն լուռ ականատես կը լինէին, ինչպէս՝ 1915 թւին եղան…

Գլոբալացման առաջին զոհերն են փոքր ազգերը եւ պետութիւնները: Այն, գեղեցիկ եւ խոստումնալից պատգամներով հեռացնում է փորք ազգերին իրենց բնօրրանից եւ պայծառ ապագայի հեռանկարով, ընդհանրական շահերը փոխակերպւում են անձնականի եւ անհատները հեռանում են իրենց ազգային կերպարից եւս:

Այսպիսով մարդ-ռոբոդը ակամայից իր ուժերը կենտրոնացնում է միմիայն անձնական եւ մինչեւ «քթի ծայրին» հասնող կիզակէտին եւ տժգունանում են անգամ ընտանեկան եւ աւանդական կեանքի չափանիշները: Ենթակային այլեւս չի հետաքրքրում իր միջավայրում կատարւող անցուդարձը, եթէ այն շահեկան չէ իր համար: Համացանցը թելադրում է այն ինչ գլոբալ քաղաքականութիւնն է տնօրինում եւ անհատներն տրւելով դրան ներքաշւում են անյատակ լաբիրինթոսի մէջ:

Ուրեմն համաշխարհային գիւղի մտայնութիւնը եկել է սատարելու ԲԱԲԵԼՈՆԵԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹԵԱՆ գործընթացը՝ յանուն արդի համաշխարհային հսկաների նպատակա-դրւած գործելակերպին: Այսպիսով Գլոբալ տերմինը ստեղծւել է, կառավարելու համաշխարհային հասարակութեանը, ըստ գերուժ տէրերի ցանկութեան եւ տրւելով ազգակործան քաղաքականութեանը՝ գլոբալացման պիտակը, որպէս զարգացման նշան հրամցնելով աշխարհին:

«Համաշխարհային գիւղ» հասկացութեան խայթող լոյսը իր ձգողական ուժով կուրացնում է իրատեսութիւնը եւ մարդկանց քանդելով իրենց հայրենիքից եւ ազգային պատկանելիութիւնից, պատճառ է դառնում, որ մարդը իր կամքից անկախ, յաջողութեան թիրախին հասնելու ջանքը՝ անհատական սահմաններից դուրս չներդրի:

Սա փոքրագոյն բաժինն է բազմակողմանի գլոբալ հասկացութեան վերլուծման: Ներկայիս փոքր ազգերի շարքին գտնւող ՀԱՅ ԱԶԳ-ն ընկել է նորօրեայ տերմինների յորձանուտում եւ տրւելով գերուժերի ապազգային քաղաքականութեանը, կորցնում է իր երկրի ամբողջականութիւնը, դժգունանում է հազարամեայ հպարտանալու արժանի պատմութիւնը՝ հոգեւոր եւ իրական արժէքներով հանդերձ եւ նա ձեռնպահ դիրքով ապրում է հայրենիքում, որպէս օտարացի, չբորբոքելով ջղերը՝ յանուն անձնական շահերի:

ԹՈ՛Ղ ՍԹԱՓՒԵՆՔ ԲՈԼՈՐՍ…

20.04.2024

Թեհրան

Related Articles

Back to top button