Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազան. «Չերկնչէք թշնամուց, որը զաւթել է Հայոց պետութիւնը»

«ԱԼԻՔ» – «Սրբազան Պայքար» շարժման առաջնորդ, քաղբանտարկեալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը ՀՀ ԱԱԾ շէնքում գտնւող «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել ժղովրդին, որում ասւում է.

«Փառք քեզ, Աստւած, փառք քեզ, ամէն բանի համար փառք Քեզ։

Դժւար, տառապալից, ամօթալի, խայտառակութեամբ լեցուն, բայց հետաքրքիր զարգացումներով օրեր եւ ժամանակներ ենք ապրում՝ երկունքի օրեր, երբ ի վերջոյ կը ծնւի ազատագրումը եւ կը գլորւի չարիքի իշխանութիւնը։

Ես, գտնւելով տեղեկատւական ամբողջական շրջափակման պայմաններում, կցկտուր տեղեկութիւններ եմ ստանում, թէ ինչ է տեղի ունենում թէ՛ ընդհանուր դաշտում եւ թէ՛ «Սրբազան Պայքար»-ի համակիրների նկատմամբ՝ հալածանք եւ ահաբեկչութիւն։ Ցաւում եմ միայն, որ այս հալածանքին եւ ահաբեկչութեան են ենթարկւում մեր նահատակ հերոսների ծնողները՝ յատկապէս այժմ անազատութեան մէջ գտնւող Արա Ռոստոմեանը։ Սա անարգանք է՝ անպատւութիւն։ Յուսամ երբեւէ կը կարողանանք դուրս գալ այս ծանր անէծքի տակից։

Չեմ ուզում երկարել, պարզապէս ասեմ, որ այս ճանապարհը իմ գիտակցւած որոշումն է՝ Հայրենիքի ազատագրութեան համար չխնայել ոչինչ եւ «Քաւ լիցի ինձ պարծենալ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչւած է ինձ համար՝ ես էլ աշխարհի համար» (Գաղ. Զ:14):

Այո՛, յստակ է ովքեր դուրս են եկել ճշմարտութեան համար պայքարի՝ ընդդէմ ստի եւ կեղծիքի, նրանք հանգիստ ու դադար չեն ունենալու ո՛չ հոգեպէս եւ ո՛չ էլ ֆիզիկապէս եւ «Երանի նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի հագենան» (Մատթ. Ե։6):

Իմ գիտակցւած որոշումն է պատրաստ լինել անարգանք, սուտ, զրպարտութիւն, լուտանք, կալանք, զրկանք կրել, բայց չապրել անպատիւ, անհայրենիք, ինքդ քեզ հետ անհաշտ, կքած վախից ու սարսափից, ինքդ քեզ ու քո ինքնութիւնը ուրացած։

Փառք Տիրոջը այս բոլոր հալածանքների համար։ Քանի դեռ այսպէս է մեր կեանքը, մեր բնակավայրը լինելու է կալանավայր՝ քանի դեռ ազատագրւած չէ մեր պետութիւնը, չի կարող ազատ լինել իմ կեանքը։

Ես յանձն եմ առել այս ճանապարհը՝ կրելով ողջ պատասխանատւութիւնը։ Միայն խնդրում եմ ձեզ չերկնչէք թշնամուց, որը զաւթել է Հայոց պետութիւնը եւ «ոչ ոք չմոլորեցնի ձեզ պատիր խօսքերով, որովհետեւ թէպետ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ» (Կղ. Բ։5):

Միայն ասեմ, այն ինչ ներկայացւել է մամուլում եւ այն էլ ի՛նչ մամուլ, ամբողջութեամբ սուտ է եւ կեղծիք՝ յարմարեցւած իրենց նպատակին։

Մնացեալը ապագայում։

Երբ այս տողերը գրում էի, լուր ստացայ, որ չարիքը յարձակւել է Մայր Աթոռի վրայ եւ ցանկացել ձերբակալել Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանին։ Զօրակցութիւնս Սրբազան եղբօրս՝ անխոնջ ու նւիրեալ, ազնւական հոգեւորականին։ Մայր Աթոռի վրայ յարձակումը յարիր է միայն մարդասպան և հոգեսպան ռեժիմին՝ չարի իշխանութեանը։ Սա այլեւս ամէն ինչի վերջն է եւ յատկապէս չարի վերջը։

Յաղթանակը այլընտրանք չունի…

27.06.2025թ.

Յ. Գ. Դարձեալ դիմում եմ իրաւապահներին՝

Տղէրք ձեր այսօրւայ Վեհարանը գրոհելը նման է եղել հրոսակների ներխուժմանը, որոնք այնուամենայնիւ Վեհարանի վրայ չեն արշաւել։ Դիմում եմ ձեզ՝ անէծքի տակ մի՛ մտէք, չարիքին մի ծառայէք, ձեր զաւակները հարց են տալու եւ չկարողանաք արդարանալ։ Միշտ ասել եմ՝ այս չարիքը ձեզ յանցակից, մեղսակից եւ արիւնապարտ է դարձնում։

Մի՛ մտէք եւ վերցրէք Աստծոյ անէծքը»։

Related Articles

Back to top button