«Ուիթքոֆը շատ արդիւնաւէտ հանդիպում է ունեցել Պուտինի հետ»

Թրամփը մեկնաբանել է իր յատուկ բանագնացի եւ ՌԴ նախագահի հանդիպումը
«ԱԼԻՔ» – «Իմ յատուկ բանագնաց Սթիւ Ուիթքոֆը շատ արդիւնաւէտ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպման մասին գրել է սոցիալական ցանցերում: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Նշանակալի առաջընթաց է գրանցւել: Ես դրա մասին տեղեկացրել եմ մեր որոշ եւրոպացի դաշնակիցներին: Բոլորը համաձայն են, որ այս պատերազմը պէտք է աւարտւի, եւ մենք կաշխատենք դա անել առաջիկայ օրերին եւ շաբաթներին»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն անդրադառնալով յաջորդ շաբաթ Թրամփ-Պուտին հանդիպման հնարաւորութեանը՝ նշել է, որ չգիտի՝ Դոնալդ Թրամփը կը հանդիպի՞ Վլադիմիր Պուտինի հետ, թէ՞ ոչ: Յայտնել է Sky News-ը:
Նա յաւելել է, որ դա կախւած է նրանից, թէ կողմերից իւրաքանչիւրը ինչպիսի «առաջընթացի» կը հասնի։
Ռուբիօն նշել է, որ նրանց միջեւ հեռախօսազրոյց նախատեսւած չէ, բայց նրանք կարող են խօսել առաջիկայ մի քանի օրերի ընթացքում։
Երբ ԱՄՆ պետքարտուղարը հարցրել է Ռուսաստանի դէմ երկրորդական պատժամիջոցների մասին, որոնք կարող են կիրառւել ուրբաթ օրը, Ռուբիօն պատասխանել է, որ Թրամփը որոշում կընդունի առաջիկայ 24-36 ժամւայ ընթացքում։
Նա յայտարարել է, որ այժմ նրանք «աւելի լաւ են հասկանում» այն պայմանները, որոնց դէպքում Ռուսաստանը կը դադարեցնի Ուկրաինայի հետ հակամարտութիւնը։
Նշենք, որ նախօրէին The New York Times պարբերականը յղում կատարելով իր հաւաստի աղբիւրներին հաղորդել էր, որ Դոնալդ Թրամփը նախատեսում է յաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապէս յետոյ մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ըստ աղբիւրների՝ Թրամփն իր ծրագրերը բացայայտել է եւրոպացի առաջնորդների հետ հեռախօսազրոյցի ժամանակ։ Հանդիպումները տեղի կունենան առանց իր եւրոպացի գործընկերների մասնակցութեան:
«Եւրոպացի առաջնորդները, որոնք փորձել են համակարգող դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի դադարեցմանը նւիրւած հանդիպումներում, կարծես թէ համաձայն են Թրամփի յայտարարութեան հետ»,- ասել է աղբիւրներից մէկը: