Թուրքական դասագրքերը լւանում են աշակերտների ուղեղները՝ ժխտելով փոքրամասնութիւնների դէմ իրականացւած ցեղասպանութիւնները
Թուրք հետաքննող լրագրող Ուզայ Բուլութը «Գէյթսթոուն» ինստիտուտի կայքում հրապարակել է մի յօդւած՝ «Թուրքական դասագրքեր. շրջելով պատմութիւնը գլխիվայր» վերնագրով։
Բուլութը գրել է. «Թուրքիայի պետական մարմինները թիրախաւորել էին Անատոլիայի իրենց բնիկ ժողովուրդներին, մասնաւորապէս՝ պոնտացի յոյներին եւ հայերին: 20-րդ դարում Օսմանեան Թուրքիան մեծամասամբ բնաջնջեց այդ ժողովուրդներին ցեղասպանութեան միջոցով»:
Բուլութը պարզաբանել է. «Թուրքիայի կառավարութիւնը, սակայն, ցեղասպանութեանը վերաբերում է որպէս յոյների եւ հայերի «անհիմն պնդումների»: Թուրքիայի պատմութեան դասագրքերում վերնագրերը նախկինում կոչւում էին «Պոնտոսի խնդիրը» եւ «Հայկական Հարցը», իսկ այժմ դրանք փոխւել են «Պոնտոսի անհիմն պնդումներ» եւ «Հայկական անհիմն պնդումներ» անւանումների»։
Թուրքիան նաեւ հերքում է, որ հայերը, ասորիները եւ յոյներն այն հողի բնիկ ժողովուրդներն են, որտեղ դարեր անց բնակութիւն են հաստատել թուրքերը, գրաւել այդ հողերը եւ բնաջնջել այնտեղ արդէն ապրող մարդկանց:
«Մահմեդական թուրքերը Կենտրոնական Ասիայից միայն 11-րդ դարում եկան Հայկական լեռնաշխարհ եւ Անատոլիա, որն այդ ժամանակ Արեւելեան Հռոմէական (Բիւզանդական) կայսրութիւնն էր։ Ռազմական արշաւանքների միջոցով մահմեդական թուրքերը գրաւեցին այն մեծ ու փոքր քաղաքները, որտեղ դարեր շարունակ ապրում էին բնիկ քրիստոնեաները: Օսմանեան թուրքերը վերջնականապէս ներխուժեցին Կոստանդնոպոլիս (այսօրւայ Ստամբուլը) 15-րդ դարում՝ կործանելով Բիւզանդական կայսրութիւնը։ Դրանից յետոյ լայն տարածում ստացան բռնութիւններն ընդդէմ քրիստոնէական կրօնական եւ մշակութային ժառանգութեան»,- գրել է Բուլութը։
Ցաւալի է, որ իրենց երկրի իրական պատմութեան մասին գաղափար չունեցող թուրք պատանի դպրոցականների ուղեղները լւանում են իրենց երկրի ծագման մասին կեղծիքներով, եւ ատելութիւն սերմանում փոքրամասնութիւնների մնացորդների նկատմամբ: Հետեւաբար, այս երեխաները մեծանում են՝ թութակի պէս կրկնելով այն սուտը, որը նրանց սովորեցրել են դպրոցում՝ հերքելով, որ Օսմանեան կառավարութիւնը ցեղասպանութիւն է իրագործել բնիկ ժողովուրդների՝ հայերի, ասորիների եւ յոյների նկատմամբ։ Այս թուրք երեխաները որեւէ մեղք չունեն, որ չգիտեն ոչ իրենց երկրի իսկական պատմութիւնը, ոչ էլ փոքրամասնութիւնների դէմ իրականացւած ցեղասպանութեան մասին փաստերը: Նրանց սնում են այն ստերով, թէ իբր փոքրամասնութիւնները դարեր շարունակ երջանիկ ապրել են Օսմանեան կայսրութիւնում, մինչեւ եւրոպական տէրութիւնները նրանց դրդել են ապստամբել իրենց կառավարութեան դէմ: Ընդհակառակը, Օսմանեան կայսրութիւնում ապրող փոքրամասնութիւնները միշտ ենթարկւել են ճնշումների, ստրկութեան, յարձակման, կողոպուտի, առեւանգման, բռնաբարութեան եւ կոտորածի՝ գագաթնակէտին հասնելով 1915 թւականի ցեղասպանութեամբ: Այս փոքրամասնութիւնները նոյնիսկ երկրորդ կարգի քաղաքացիներ չէին համարւում: Նրանք որեւէ իրաւունք չունէին եւ գտնւում էին իրենց դաժան իշխողների ողորմածութեան ներքոյ: Բուլութը ճիշտ է բնութագրել թուրք դպրոցականների կրթութիւնը որպէս «ապատեղեկատւութիւն, դիտաւորեալ խեղաթիւրում եւ պատմական ռեւիզիոնիզմ»։
Սա միայն հայերի ու թուրքերի վէճը չէ։ Թուրքական կառավարութիւնը բոլորից լաւ գիտի, որ ցեղասպանութեան մեղադրանքները հիմնւած են փաստերի վրայ, քանի որ Օսմանեան արխիւները, որոնք գտնւում են նրա տիրապետման տակ, բացայայտում են ճշմարտութիւնը, նոյնիսկ այն բանից յետոյ, երբ ընտրողաբար մաքրւել են մեղադրական ապացոյցներից:
2007 թւականին Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիան հրապարակեց մի բանաձեւ, որում, մասնաւորապէս, ասւում էր. «Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիայի համոզմունքն է, որ 1914-1923 թւականներին օսմանեան արշաւը կայսրութեան քրիստոնեայ փոքրամասնութիւնների դէմ ցեղասպանութիւն էր հայերի, ասորիների եւ պոնտացի ու անատոլիական յոյների դէմ»։
Ըստ «Ցեղասպանութեան դիտորդի» (Genocide Watch) նախագահ դոկտոր Գրէգորի Հ. Սթենթոնի՝ ժխտումը ցեղասպանութեան վերջին փուլն է. «Ժխտումը ցեղասպանութեան շարունակութիւնն է, քանի որ այն զոհերի խմբին հոգեբանօրէն եւ մշակութային ոչնչացման շարունակական փորձ է՝ նոյնիսկ զրկելով նրա անդամներին իրենց հարազատների սպանութիւնների յիշողութիւնից»։
Աւելի կարեւոր է, որ ես Թուրքիայի հպարտ քաղաքացիներին առաջարկում եմ՝ ուշադիր լսել ներկայի Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ճշմարտացի խոստովանութիւնը, որը նա արել է 1926 թւականի օգոստոսի 1-ին «Լոս Անջելէս Էքզամիներ» թերթին տւած հարցազրոյցում. «Նախկին երիտթուրքերի կուսակցութեան այս մնացորդները պէտք է պատասխան տան միլիոնաւոր մեր քրիստոնեայ հպատակների կեանքի համար, որոնց անխղճօրէն զանգւածաբար վտարեցին իրենց տներից ու կոտորեցին»։ Յուսով եմ, որ Թուրքիայի ոչ մի քաղաքացի այնքան յիմար չի գտնւի, որ Աթաթուրքին անւանի ստախօս, այլապէս նրան անմիջապէս կը բանտարկեն, եթէ նա բնակւում է Թուրքիայում, իսկ եթէ ներկայումս գտնւում է երկրից դուրս, ապա անմիջապէս կը ձերբակալեն հայրենիք վերադառնալուն պէս:
Թուրքական կառավարութիւնը, ի վերջոյ, պէտք է առերեսւի ճշմարտութեանը եւ թուրք անմեղ աշակերտներին սովորեցնի պատմութեան ողբերգական փաստերը կոտորածների եւ ցեղասպանութեան մասին, որոնց համար ոչ այսօրւայ երիտասարդ սերունդը, ոչ էլ ներկայիս թուրքական կառավարութիւնը պատասխանատւութիւն չեն կրում, քանի որ նրանք նոյնիսկ գոյութիւն չեն ունեցել այդ տարիների կոտորածների ժամանակ։ Բոլոր ժողովուրդներն էլ մութ ծալքեր ունեն իրենց պատմութեան մէջ, բայց դրանք թաքցնելու փոխարէն նրանք մաքրւում եւ առերեսւում են իրենց իրական պատմութեանը, ներառեալ ողբերգական եւ փառաւոր դրւագները: Միայն այդ դէպքում ժողովուրդները կարող են յաղթահարել իրենց մութ անցեալն ու առաջ շարժւել: Տեսէ՛ք Գերմանիայի օրինակը, որն ընդունեց իր մեղքը Հոլոկոստի համար եւ փոխհատուցեց: Հակառակ դէպքում, թուրքերի ապագայ սերունդները կը մեծանան՝ փորձելով ժխտել եւ ստել իրենց ամօթալի անցեալի մասին, եւ միշտ խղճի խայթ կը զգան մի բանի համար, որում նրանք ոչ մի դերակատարութիւն չեն ունեցել: Սակայն, իրենց կեղծիքների ու ժխտումների պատճառով նրանք կը դառնան այդ յանցագործութիւնների մեղսակիցները։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ