Քաղաքական

Վիշապն արթնացել է

ՎԱՀԷ ԴԱՒԹԵԱՆ

Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր,

էներգետիկ անվտանգութեան փորձագէտ

 

Նոր աշխարհակարգի ձեւաւորումն իր առաւել ցայտուն դրսեւորումն է ստանում Մերձաւոր Արեւելքում, ինչը որոշակի մարտահրաւէրներ է պարունակում նաեւ Հայաստանի համար:

Վերջերս Սաուդական Արաբիան յայտարարեց 1974 թ.-ին ԱՄՆ հետ կնքւած նաւթային համաձայնագիրը չերակարցնելու որոշման մասին, ինչը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել Վաշինգտոնի գլխաւոր աշխարհաքաղաքական գործիքի՝ դոլարի համար:

Օրերս էլ յայտնի դարձաւ, որ Իրանն ու Բահրէյնը պատրաստւում են վերականգնել դիւանագիտական յարաբերութիւնները, որոնք խզւել էին դեռ 2016 թ.-ին՝ Վաշինգտոնի ուղիղ ճնշման ներքոյ:

Յատկանշական է, որ Բահրէյնը Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ-ի առանցքային սաթելիտներից էր: Բաւական է նշել, որ Բահրէյնի ջրերում է տեղակայւած ԱՄՆ 5-րդ ռազմական նաւատորմը:

Թէ՛ Ալ-Ռիադի, թէ՛ Մանամայի որոշումները կարող են որակւել որպէս Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ ռազմավարական նահանջ, ինչը յատկապէս ընդգծւում է տարածաշրանում Չինաստանի ազդեցութեան աճի ֆոնին:

Թէ՛ իրանա-սաուդական (2023), թէ՛ իրանա-բահրէյնեան յարաբերութիւնների կարգաւորումը փաստացի տեղի է ունենում Պեկինի միջնորդութեամբ: Վերջինս, սթափ գիտակցելով Ծոցի երկրների կարեւորութիւնը էներգակիրների մատակարարման հարցում, դինամիկօրէն զարգացնում է սեփական արտաքին քաղաքականութեան մերձաւորարեւելեան վեկտորը: Սակայն եթէ ի սկզբանէ այդ վեկտորի սնուցումը տեղի էր ունենում բացառապէս գէոտնտեսական միջոցներով, ապա վերջին տարիներին, յատկապէս՝ 2017 թ.-ից ի վեր, երբ Չինաստանն իր սահմաններից դուրս առաջին ռազմաբազան հիմնեց (Ջիբութի), Պեկինը սկսել է աւելի ներառական մօտեցում դրսեւորել՝ հմտօրէն կիրառելով դիւանագիտական, լաբբիստական եւ այլ գործիքներ:

Վիշապն արթնացել է:

Փաստացի այսօր ձեւաւորւում է մի աշխարհաքաղաքական առանցք, որի ներքոյ Չինաստանը փորձելու է կեանքի կոչել «Մեծ Եւրասիա» նախագիծը: Վերջինիս առանցքային մեգատարածաշրջաններից է Մերձաւոր Արեւելքը, որի համար պայքարում Պեկինն առայժմ յաղթում է:

Գանք Հայաստան:

Ակադեմիական աշխարհաքաղաքականութիւնից քիչ թէ շատ հասկացող իւրաքանչիւր ոք կը հաստատի, որ Մերձաւոր Արեւելքն ու Հարաւային Կովկասն օրգանապէս կապւած տարածաշրջաններ են, ինչը յատկապէս ընդգծւում է իրանական գործօնի լոյսի ներքոյ:

Չինաստանի ակտիւացումը Մերձաւոր Արեւելքում, որն իրականցւում է Իրանի հետ ռազմավարական երկխօսութեան խորացման պրիզմայի միջով, լուրջ հէնք է ստեղծում նաեւ հարաւկովկասեան ուղղութեամբ նոյն չինական ներառականութեան համար:

Պեկինի աշխարհաքաղաքական սխեմաներում Իրանը դիտւում է նաեւ որպէս Հարաւային Կովասում չինական շահերի անուղղակի առաջխաղացման դերակատար: Արդիւնքում երկու կողմերն էլ բաւարարւած կը լինեն. Թեհրանը կը ստանայ ելք դէպի Սեւ ծով ու կամրապնդւի որպէս տարածաշրջանային գերտէրութիւն, Չինաստանն էլ հնարաւորութիւն կը ստանայ նւազեցնելու այս ուղղութեամբ Հնդկաստանի աճող ազդեցութիւնը՝ ներառելով նոր ձեւաւորւող տրանսպորտային հաղորդակցութիւնները «Գօտի եւ ճանապարհ» նախաձեռնութեան մէջ:

Այսպիսի կոնֆիգուրացիայի պայմաններում Հայաստանի համար առանցքային արտաքին ու անվտանգային մարտահրաւէր պէտք է հանդիսանայ Իրանի ու Չինաստանի հետ դիւանագիտական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղութիւններով ռազմավարական երկխօսութեան խորացումը:

Թէեւ աւելի ճիշտ կը լինէր խօսել նշւած երկրների հետ ոչ թէ երկխօսութեան խորացման, այլ առայժմ գոնէ վերականգնման մասին՝ հաշւի առնելով 2020-ին Հայաստանի միացումը իրենից հակաչինական նախաձեռնութիւն ներկայացնող կրօնական ազատութիւնների ալեանսին, ինչպէս նաեւ Իրանի հետ գրեթէ բոլոր առանցքային նախագծերի փաստացի սառեցումը:

Related Articles

Back to top button