Լարիսա Ալավերդեան. «Ադրբեջանում դատւում է միջազգային իրաւունքը»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանում գործողութիւններ են տեղի ունենում, դատւում են ոչ միայն կոնկրետ մարդիկ, դատւում է միջազգային իրաւունքը, այդ թւում՝ միջազգային մարդասիրական իրաւունքի բոլոր նորմերը ոչ թէ ոտնահարւած են, այլ Ադրբեջանն ուղղակի հակադրւում է միջազգային իրաւունքին ընդհանրապէս»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտէի մօտ բողոքի ցոյցի ժամանակ ասել է «Ընդդէմ իրաւական կամայականութեան» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդեանը։ Այս մասին է յայտնել yerevan.today-ը:
Նա յաւելել է․ «Իմ սարսափը ոչ միայն Ադրբեջանի գործողութիւններից է, այլ այն ահաւոր, ես կասէի՝ անմարդկային քաղաքականութիւնից, որը վարում են ՀՀ օրւայ իշխանութիւնները։ Եւ այստեղ մենք եկել ենք, որովհետեւ օրւայ իշխանութիւնը ոչ միայն պատշաճ քայլեր չի անում, այլ իր հնչեցրած բոլոր յայտարարութիւնները ուղղակի սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդէպ ցեղասպանական քաղաքականութիւնը»։