ՀՀ նախկին արտգործնախարար. «Փաշինեանի հրաժարականը Ամանորի լաւագոյն նւէրը կը լինի»
«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը սպառել է իրեն, ժողովուրդը յոգնել է պարտութիւններից, կորուստներից, չարաշահումներից, իշխանութիւնների լկտիութիւնից ու շահարկումներից։ Այս մասին յայտարարել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանեանը։
«Ժամանակն է, որ Փաշինեանը մտածի հրաժարական տալու մասին, սա կը լինի Ամանորեայ լաւագոյն նւէրը հայ ժողովրդի համար, որպէսզի երկիրը դուրս բերւի ստեղծւած իրավիճակից»,-յաւելեց նա։
Օսկանեանը յիշեցրել է, որ հայ բանտարկեալները երկար ժամանակ անօրինական կերպով պահւում են Բաքւի բանտերում, եւ որ խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցութիւններ են ընթանում արդէն երկու տարի։
«Չեմ կասկածում, որ մեր բոլոր տղաները շուտով վերադառնալու են, եւ գուցէ, ի վերջոյ, Փաշինեանն ինչ-որ թուղթ ստորագրի Ադրբեջանի հետ, գուցէ Թուրքիայի հետ սահմանը բացւի, բայց դա մեզ չի մխիթարի, քանի որ դա լինելու է Փաշինեանի սխալների պատճառով Արցախը կորցնելու գնով։
Ինչո՞ւ է ուզում թաղել այս հարցը, ոչնչացնել մեր հայրենիքի մի կարեւոր հատւածի անցեալը, ներկան ու ապագան։ Որպէսզի ապագայում չկարողանանք խօսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրաւունքի մասին։
Այսօր նրանց վերադարձի իրաւունքից օգտւելու հնարաւորութիւն կայ։ Միջազգային հանրութիւնը պատրաստ է օրակարգ մտցնել այս հարցը, մնում է, որ Հայաստանի իշխանութիւնները պաշտպանեն այն»,- յաւելեց ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը։