Վահէ Դաւթեան. «Անկարան եւ Լոնդնոը նոր արշաւ են նախաձեռնել հայկական ԱԷԿ-ի դէմ»

«ԱԼԻՔ» – Քաղաքական գիտութիւնների դոկտոր, էներգետիկ հարցերով փորձագէտ Վահէ Դաւթեանն ահազանգել է Մեծամօրի ատամոկայանի դէմ Անկարայի եւ Լոնդոնի նախաձեռնած նոր արշաւի մասին:
«Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից կրկին ակտիւացել է հակաատոմային հռետորաբանութիւնը, այս անգամ՝ համակարգւած տեղեկատւական հարւածների տեսքով ընդդէմ Հայկական ԱԷԿ-ի։
Օրերս Թուրքական NTV հեռուստաալիքը եւ բրիտանական Daily Mail պարբերականը սինխրոն կերպով Մեծամօրի ԱԷԿ-ի մասին նիւթեր են տարածել, որոնցում ՀԱԷԿ-ը որակւում է որպէս «նոր հնարաւոր Չեռնոբիլ»: Նիւթերում գերակշռում են մաշւած շաբլոնները, էմոցիոնալ լեզուն եւ խիստ վիճարկելի «փորձագիտական» կարծիքները։
NTV-ն ՀԱԷԿ-ն անւանում է «ռումբ», ընդգծելով դրա գտնւելու վայրը սէյսմիկ ակտիւ գօտում եւ ռէակտորի տարիքը։ Դրա «հաստատման» համար մէջբերւում է արեւմտեան «փորձագէտ» Պիտեր Մարկօ Թէյսը, ով կոչ է անում ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին «անյապաղ միջամտել՝ անվտանգութեան սպառնալիքը վերացնելու համար»:
Daily Mail-ը եւս ընտրել է նոյն ալարմիստական ոճը: Հրապարակւած նիւթը համահունչ է ադրբեջանական խօսոյթին՝ «կայանը կարող է պայթել ցանկացած պահի», «աղէտն անխուսափելի է» եւ այլն:
Միչդեռ՝
Հայկական ԱԷԿ-ում վերջին տարիներին «Ռոսատոմի» կողմից անցկացւած խորքային արդիականացումը էապէս բարձրացրել են կայանի անվտանգութեան, կայունութեան ու արդիւնաւէտութեան մակարդակը:
Իր հերթին, ՄԱԳԱՏԷ-ն պաշտօնապէս հաստատել է, որ արդիականացւած ՀԱԷԿ-ը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին։ Աւելին՝ գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսին 2023 թ. յայտարարել է՝ կայանի շահագործումը իրականացւում է խիստ վերահսկողութեան ներքոյ եւ գործող անվտանգութեան կարգաւորումների համաձայն։
Ի՞նչու է կրկին բարձրացւել հակամիջուկային աղմուկը։
Պատասխանը պարզ է՝ ՀԱԷԿ-ի դէմ տեղեկատւական գրոհները հանդիսանում են աշխարհաքաղաքական ճնշման գործիք։ Դրանց նպատակն է թուլացնել Հայաստանի էներգետիկ անվտանգութիւնը, վարկաբեկել Ռուսաստանի հետ համագործակցութիւնը ատոմային ոլորտում եւ միջազգային տեղեկատւական դաշտում ձեւաւորել անորոշութեան եւ սպառնալիքի մթնոլորտ։
Դա համակարգային արշաւի մաս է՝ ուղղւած Հայաստանի էներգետիկ անվտանգութեան դէմ։ Ընդ որում այդ արշաւը ո՛չ գիտական հիմք ունի, ո՛չ էլ փորձագիտական արժանահաւատութիւն։ Գործ ունենք սովորական քաղաքական պոպուլիզմի հետ՝ քօղարկւած «էկոլոգիական մտահոգութեան» տակ։
Ակնյայտ է, որ Հայաստանը չպէտք է տրւի նման տեղեկատւական ճնշումների: Դրան հակառակ՝ անհրաժեշտ է խորացնել համագործակցութիւնը ՄԱԳԱՏԷ-ի հետ, ամրապնդել կապերը «Ռոսատոմ»-ի հետ՝ շարունակելով տեխնոլոգիական արդիականացման ուղին։
Էներգետիկ անվտանգութիւնը ինքնիշխանութեան հարց է։ Իսկ Հայկական ԱԷԿ-ը՝ ոչ թէ սպառնալիք, այլ վահան»,- սոցցանցերի իր հարթակներում գրել է փորձագէտը: