Իրանի մեսիջը Փաշինեանին եւ թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու

Իրանի գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով աւագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին յայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը ուղղակի սպառնալիք է Իրանի Ազգային Անվտանգութեանը եւ տարածաշրջանային կապերին։ «Առաջարկւող «Զանգեզուրի միջանցք»-ը ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ռեժիմի կողմից ղեկավարւող աշխարհաքաղաքական ծրագիր է՝ Իրանի Ազգային Անվտանգութիւնն ու ռազմավարական կապերը խաթարելու համար։ Այն նպատակ ունի խզել Իրանի ցամաքային կապերը Կովկասի հետ եւ ցամաքային շրջափակում սահմանել ինչպէս Իրանի, այնպէս էլ Ռուսաստանի վրայ հարաւից»,-ասել է նա։
Իրանը յստակ յայտարարել է, որ դէմ է Զանգեզուրի միջանցքին, քանի որ դա Մեծ Թուրանի ծրագրի մի մասն է։ Այս մասին գրում է «Հանրապետութեան հրապարակ» տելեգրամեան ալիքը՝ յաւելելով. ««Զանգեզուրի միջանցք»-ի կեանքի կոչումը կը հարւածի Իրանի տարածքային ամբողջականութեանը՝ Իրանի Ատրպատական նահանգը Ադրբեջանը կարող է անջատւել Իրանից եւ միանալ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Բացի այդ, Իրանն այդ միջանցքն ընկալում է որպէս Իրանը Կովկասից, Հայաստանից կտրելու հակաիրանական նախագիծ։ Իրանի համար կարեւոր է ունենալ ուղիղ կապ Հայաստանի հետ եւ Հիւսիս-Հարաւ միջանցքով՝ ՀՀ-ով ելք ունենալ դէպի Վրաստան ու Սեւ ծովի նաւահանգիստներ: Իրանի մեսիջը յստակ էր՝ ԱՄՆ-Իսրայէլ տանդեմն ու նրանց տարածաշրջանային դաշնակիցները՝ Թուրքիա-Ադրբեջան-Փաշինեան եռեակը պատրաստ են կեանքի կոչել «Զանգեզուրի միջանցք» հակառուսական եւ հակաիրանական նախագիծը»։
Ըստ հեղինակների, Փաշինեանն ու թիմը, յանուն իշխանութեան, փողի եւ 2026 թւականին ամէն գնով վերարտադրւելու, պատրաստ են Հայաստանը դարձնել հակառուսական եւ հակաիրանական պլացդարմ՝ դրանից բխող բոլոր աղէտալի հետեւանքներով հայոց պետականութեան ու հայ ժողովրդի անվտանգութեան համար։
«Եթէ Փաշինեանն ու քպական կլանը մնան իշխանութեան եւ, ուժայինների վրայ յենւելով, կեղծիքներով եւ ընդդիմադիրներին բանտերը նետելով, 2026 թւականին կարողանան վերարտադրւել, ապա դա յանգեցնելու է հայոց պետականութեան կորստին ու Հայկական Հարցի փակմանը, ինչի մասին երազում են Անկարան եւ Բաքուն։ ՀՀ-ում ազգային ու պետականամէտ ուժերը, այդ թւում՝ Հայ Առաքելական Եկեղեցին, պէտք է հասնեն իշխանափոխութեան. դա արդէն ներքաղաքական հարց չէ, այլ պետութեան ու հայրենիքի փրկութեան օրակարգային թիւ մէկ հարց»,- գրում է ալիքն ու յաւելում, որ սեփական կամքով թուրքական լաբբին ՀՀ-ում իշխանութիւն չի զիջելու։
«Փաստ»