Իսրայէլի վարչապետը ներողութիւն է խնդրել Կատարի վարչապետից

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն հեռախօսազրոյցի ժամանակ ներողութիւն է խնդրել Կատարի վարչապետ եւ արտգործնախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիից՝ սեպտեմբերի 9-ին Դոհայում արմատական պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների վրայ յարձակւելու պատճառով երկրի ինքնիշխանութիւնը խախտելու համար։
Այս մասին յայտնում է իսրայէլական հեռուստատեսութեան 12-րդ ալիքը։
Հեռուստաալիքի տւեալներով՝ Իսրայէլի վարչապետը Սպիտակ տնից զանգահարել է իր կատարցի գործընկերոջը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայութեամբ։ Զրոյցի ընթացքում Նեթանիահուն ափսոսանք է յայտնել յարձակման ժամանակ կատարցի անվտանգութեան աշխատակցի մահւան կապակցութեամբ։
Հնարաւոր է՝ կողմերը քննարկեն Դոհայի յարձակման համար փոխհատուցման հարցը։
Իսրայէլի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի հանդիպումը Սպիտակ տանը կազմակերպւել է սեպտեմբերի 29-ին։