«ԱԼԻՔ» օրաթերթի 25000-րդը

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Մեծ ցնծութեամբ եւ հպարտութեամբ տեսայ, մեր «ԱԼԻՔ»-ի 25000-րդ համարի լոյս ընծայումն որի համար, ջերմօրէն եւ ի խորոց սրտի, շնորհաւորում եմ, «ԱԼԻՔ»-ի մեծ ընտանիքին, խմբագրական կազմին, պաշտօնեաներին, աշխատակիցներին եւ բոլոր «ԱԼԻՔ» սիրողներին, ի մասնաւորի, գլուխ եմ խոնարհում վախճանեալ խմբագիրների յիշատակին եւ ըստ ամենայնի, գնահատում եւ շնորհաւորում եմ նաեւ մօտ անցեալի եւ ներկայի խմբագիրներ՝ սիրելիներ Սեդա Դաւթեանին, Դերենիկ Մելիքեանին եւ Արամ Շահնազարեանին։
25000-ը, նիւթական աշխարհում, միլիարդների համեմատ, մի համեստ գումար է սակայն մամուլի ասպարէզում, այն էլ սփիւռքեան պայմաններում եթէ մի օրաթերթ իր 25/000-րդ համարն է լոյս ընծայում, դա նշանակում է անսասան հաւատքի, աննկուն կամքի, գերմարդկային տքնաջան աշխատանքի եւ աննահաջ պայքարի արդիւնք։
Մանկութեանս օրերին, սկզբում պոստայի ապա ցրիչների միջոցով, ստանում էինք, «ԱԼԻՔ» օրաթերթը, «Վերածնունդ»-ն ու նրան կից «Բաբոխ»-ը, սովետասէրների պարբերականները որոնք Բ աշխարհամարտի աւարտից եւ սովետական բանակի Իրանից յետ քաշւելուց յետոյ, դադարեցին հրատարակւելուց, տեսել եմ նաեւ Իրանի նաւթի ազգայնացման օրերին լոյս աշխարհ եկած հայ թուդէիների օրգան «Նոր Այգ» պարբերականը, որն թուդէ կուսակցութեան հաշւեյարդարից յետոյ դադարեց, ինչպէս նաեւ Իսլամական յեղափոխութեան ընթացքին, հակադաշնակցական հակումներովը «Փիւնիկ»-ը, որն եւս իր նախորդների ճակատագրին ենթարկւեց սակայն «ԱԼԻՔ»-ը, մնաց, մնում է ու դեռ երկար պիտի մնայ, քանզի «ԱԼԻՔ»-ը.-
Ազգի եւ Հայրենիքի շահերը վեր է դասել ամէն բանից եւ Հայ ժողովրդի եւ Հայաստանի գերագոյն շահը համարել է Հայ Դատն ու նրա արդար լուծումը։
Եղել է ճնշւողների կողքին եւ որպէս ճնշւած ազգի հարազատ զաւակ դէմ լինելով ամէն կարգի բռնութեանց, միշտ ձգտել է թէ՛ անհատի, եւ թէ՛ ազգերի ամբողջական ազատութեան եւ անկախութեան։
Քայլել է իրականութեան համընթաց եւ եղել է փաստացի տեղեկատւութեան հաղորդող եւ որպէս յեղափոխական եւ յառաջադիմական մի կուսակցութեան օրգան, իր քարոզչական հրապարակումները կատարել է փաստերով։
Համոզւած լինելով, որ ազգի գոյատեւման կարեւոր ազդակներից մէկը ազգային մշակոյթի անաղարտ պահպանումն է նպաստել է ազգային մշակոյթի զարգացմանն ու տարածմանը։
Գիտակցելով դարի գիտական բազմակողմանի, արագընթաց զարգացումների ազդեցութիւնը, կեանքի բոլոր բնագաւառներում, իր էջերում լայն տեղ է յատկացրել գիտական նորարարութեանց, ինչպէս նաեւ գիտնակաների եւ այլոց ձեռքբերումներին։
Որպէս Իրանահայութեան միակ օրաթերթ առանց խտրականութեան, կանոնաւոր կերպով արտացոլել է հայ համայնքների, ազգային կառոյցների, միութիւնների կեանքն ու գործունէութիւնները։
Ահա վերոնշեալ սեղմ կերպով ներկայացրած գործունէութեան շնորհիւ է, որ «ԱԼԻՔ» օրաթերթը գոյատեւել եւ իր 25000-րդ համարը լոյս աշխարհ է հանել որի համար արժանի է բարձր գնահատանքի ու դրւատանքի։
24.09.2025 թ.
Երեւան