
«ԱԼԻՔ» – Իրանի Համահայկական խաղերի 57-րդ շրջանը համախմբում է երկրի տարբեր քաղաքների ու հայկական մարզական կազմակերպութիւնների շուրջ 350 մարզիկների։ Այս տարւայ խաղերի ծրագիրն ընդգրկում է 6-ը մարզաձեւ՝ ֆուտբոլ, բասկետբոլ, թեթեւ ատլետ, թենիս, սեղանի թենիս եւ շախմատ, «ԱԼԻՔ»-ին այս մասին յայտնել է կազմակերպիչ յանձնախումբը:
Նոյնի համաձայն ֆուտբոլի մրցումները, ինչպէս վերջին մի քանի տարիներին, անց են կացւելու 7-հոգանոց ձեւաչափով։
Նշւում է, որ Իրանի 57-րդ Համահայկական խաղերին մասնակցութեան յայտն են ներկայացրել են՝ Հ. Մ. «Սիփան» Մ., Հ. Մ. Մ. «Նայիրի» Մ., Հ. Մ. «Սարդարապատ» Մ., Հայկական Բարեգործական Ընդհանուր Մ., Հ. Համալսարանական Ընդհանուր Մ., Փերիոյ Կրթասիրաց Միութիւններն ու Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրը, եւ բնականաբար Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան Թաւրիզի, Ուրմիայի եւ Շիրազի մասնաճիւղերը, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» Մ.-ը եւ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը։
Այս շրջանի խաղերին Հայաստանից եւս թիմերի մասնակցութեան հրաւէրներ էին ուղարկւել, սակայն ստեղծւած իրավիճակի հետեւանքով նրանց ներկայութիւնը հնարաւոր չեղաւ ապահովել։ Նախորդ շրջանում, խաղերին աւելի մեծ աշխուժութիւն հաղորդելու նպատակով, Հայաստանից հրաւիրւել էին բասկետբոլի երիտասարդական տղայոց երկու խմբեր՝ «Միրաք» եւ «Շենգաւիթ» թիմերը։
57-րդ շրջանի յանձնախումբը
Խաղերի ընդհանուր պատասխանատուն Արթին Մինասեանն է, օգնականը՝ Արմէն Հաղին, իսկ նիւթական եւ ֆինանսական հարցերի պատասխանատուն՝ Արա Ռոստամլուն։
Մարզաձեւերի պատասխանատուն Արսէն Տէր-Գէորգեանն է։ Բացման արարողութեան եւ Մարզական միութեան հետ կապի պատասխանատուն Արմոնդ Միրզախանեանն է, իսկ ճամբարի պատասխանատուն է Արգին Շահբազեանը։
Քարտուղարութեան եւ գրասենեակի աշխատանքները համակարգում է Նարէ Քեշիշեանը, Հասարակայնութեան հետ կապերի գրասենեակը՝ Անի Յովսէփեանը, իսկ Կենտրոնական վարչութեան հետ կապը՝ Անահիտ Աբրահամեանը։
Իրանի 57-րդ Համահայկական խաղերը, իրենց բազմամարզաձեւ ծրագրով եւ Իրանի տարբեր հայկական համայնքների մասնակցութեամբ, շարունակում են հայկական մարզական կեանքի կարեւոր հարթակներից մէկը մնալ՝ համախմբելով տարբեր սերունդների մարզիկներին մրցակցային եւ համայնքային միջավայրում։



