ԹեհրանՀամայնք

Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրութեան 107-ամեակի առիթով Հանրապետական մաղթանք եւ Դրօշի օրհնութիւն

Կիրակի, 1 յունիս 2025 թւականին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Ս. եւ Անմահ Պատարագի մատուցմամբ, Հանրապետական Մաղթանքի կատարումով եւ Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերին զոհւած հերոսների հոգիների հոգեհանգստեան կարգով, յիշատակւեց Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրութեան 107-ամեակը:

Ս. Պատարագի ընթացքում ընթերցւեց Հանրապետական մաղթանքը, տեղի ունեցաւ դրօշի օրհնութեան արարողութիւն, որը մէկտեղւեց «Մեր Հայրենիք» օրհներգի կատարմամբ: Յաւարտ Ս. եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսէյի, Բաշ Ապարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցող ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։

Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը նախագահեց Թ. Հ. Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Պատարագիչն էր Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանը իսկ օրւայ առիթով Թեմակալ Առաջնորդի պատգամը ընթերցեց Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:

Սրբազան հօր պատգամի մէջ նշւած էր. «28 ՄԱՅԻՍԻ ՊԱՏԳԱՄ

Քրիստոնէական եկեղեցու եւ ընդհանրապէս ժողովուրդների կեանքում եղել են եւ երեւի լինելու են պահեր, երբ ժողովուրդը աշխարհից իրեն եկած դժւարութիւնների դիմաց մի պահ ինքն իրեն տկար է զգում, բայց երբ նա իր աչքի առաջ ունի իր կոչման եւ առաքելութեան տեսիլքը, երբ մտածում է, որ ինքը, որպէս մարդ անհատ, պատկանում է հաւաքականութեան եւ մի հայրենիքի, այդ զգացումը նրան ուժեղացնում է եւ իր դիմադրականութեան մէջ անյաղթելի է դարձնում։ Այսպիսի պահ էր որ մեր ժողովուրդը ապրեց 1917-ի վերջին, եւ 1918-ի առաջին կիսում՝ մինչեւ Մայիս։

Մեր ժողովուրդը կարծէք թէ այդ օրերում աւելի լաւ էր հասկանում Պօղոս առաքեալի այս խօսքը, թէ «Մենք մեր ուշադրութիւնը կենտրոնացնում ենք ոչ թէ նիւթական իրականութիւնների, այլ՝ հոգեւոր իրականութիւնների վրայ, որովհետեւ նիւթական իրականութիւնները ժամանակաւոր են, մինչդեռ հոգեւոր իրականութիւնները՝ յաւիտենական»։ Հայ ազգը նիւթական ձեռքբերումներով թուլացել էր, տկարացել էր, ամէն կողմից թշնամուց էր պաշարւած, սակայն հոգեւոր դիմադրողութեամբ էր օժտւած, որովհետեւ նրա մէջ Քրիստոնէական հաւատքը այնքան ուժեղ էր եւ այնքան ամուր, որ մէկ մարդու նման վտանգը դիմագրաւեց՝ որպէս արդիւնք իր քրիստոնէական հաւատքի դրսեւորման։ Ահա թէ այդ օրերի կացութիւնը գնահատող եւ իրավիճակը գեղեցիկ կերպով մեզ փոխանցող մտաւորականներից մէկը ինչպէս է նկարագրում. «Արարատեան դաշտի ժողովուրդը մի մարդու պէս ոտքի կանգնեց, գործում են ամենքը։ Ազգային խորհուրդը վարում է բանակի լրացման, կազմակերպման ու մատակարարման գործը։ Հրամանատարութիւնը կարգաւորում ու բարձրացնում է զօրքի մարտական ուժը, զօրավար Սիլիկեանը մի շարք հրամանատարների հետ միասին հրամաններով ու կոչերով խրախոյս է ներշնչում զինւորներին ու հասարակութեանը։ Ամենքը լծւում են թիկունքային աշխատանքի։ Կանայք, օրիորդներ, ուտելիք, ծխախոտ եւ վիրակապեր են պատրաստում։ Հոգեւորականութիւնը խաչ ու քարոզով մտնում է ժողովրդի ու զօրքի մէջ։ Գարեգին Եպս. Յովսէփեանը շրջում է մի մասից միւսը եւ իր հրաշունչ ճառերով բարձրացնում է զօրքի տրամադրութիւնը։ Կրկնւում էին Վարդանանց պատերազմի օրերը…»։

1918-ի Մայիսին մեր ժողովուրդը մղեց իր պատմութեան ամենավճռական մահ ու կենաց ճակատամարտը Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի ազգակերտ ճակատամարտերում, որովհետեւ այդ օրերում իր առաջ կանգնած էր լինել չլինելու հրամայականը, իր աստւածատուր բնազդը նրան մղեց կեանքի, ապրելու, գոյատեւելու ու յաւերժանալու։ Այդ բնազդով էր, որ Արարատեան դաշտում հաւաքւած մեր ժողովուրդը մէկ մարդու պէս կուրծք տւեց թշնամուն ու ջախջախեց նրա բանակը եւ ապահովեց Հայաստանի անկախութիւնը։

Երբ 107 տարիների պատմութեան խորքից դիտում ենք մեր ժողովրդի այդ կեանքի պատմութիւնը, տեսնում ենք լուսաւոր դէմքը այն հերոսների, որոնք կերտեցին այդ ժամանակահատւածի մեր ժողովրդի պատմութիւնը։ Առանց պատմութեան ճանաչման՝ դժւար թէ որեւէ ժողովուրդ կարողանայ երկար գոյատեւել։ Մեր այսօրւայ կեանքում մենք կոչւած ենք առաւելագոյն չափով կառչելու ոչ միայն մեր ազգային աւանդութիւններին ու սովորութիւններին, այլ մանաւանդ մեր եկեղեցուն եւ հայրենիքին։ Տէր կանգնել մեր եկեղեցուն եւ հայրենիքին նշանակում է ամէն բանից առաջ՝ պահել մեր լեզուն, մշակոյթը, ճանաչել մեր պատմութիւնը եւ մեր քրիստոնէական հաւատքը, որովհետեւ երբ դու չես ճանաչում քեզ, չես կարող Տէր կանգնել քո ունեցածին։

Մեր անմահանուն հերոսների յիշատակի առաջ կանգնած, իրենց կողմից եւս ասում ենք Պօղոս առաքեալի բառերով՝ «Մենք մեր ուշադրութիւնը կենտրոնացնում ենք ոչ թէ նիւթական իրականութիւնների, այլ՝ հոգեւոր իրականութիւնների վրայ, որովհետեւ նիւթական իրականութիւնները ժամանակաւոր են, մինչդեռ հոգեւոր իրականութիւնները՝ յաւիտենական»։ Այդ հոգեւոր իրականութիւններից են՝ հայրենիքը, ազգը եւ եկեղեցին։ Եռագոյն դրօշը յուշարար պէտք է լինի մեր ժողովրդի բոլոր զաւակներին, յանուն ազատութեան եւ անկախութեան թափած մեր հերոսների արեանը։ Անմահանուն Ծառուկեանը կը գրէ՝ «Արիւնների եւ սարսափի միջից յառած ով դու դրօշ, պիտի ծածանւես յաւիտեան հայոց երկնակամարի ներքեւ»։

Փա՜ռք մեր նահատակների յիշատակին. Փա՜ռք նրանց, որոնք իրենց կեանքով կերտեցին մեր ազատ ու անկախ Հայաստանը եւ հազար փառք նաեւ այն ժողովրդին ու նրանց ժառանգորդներին, որոնք կը կերտեն մեր վաղւայ ամբողջական հայրենիքը՝ իր ամբողջական ժողովրդով, Աստծու փառքի եւ մարդկութեան բարիքի համար՝ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն»:

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Սեւան Դանիէլեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմի ներկայացուցիչը, Պատգամաւորական Ժողովի ներկայացուցիչները, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչները, Ազգ. Մարմինների ներկայացուցիչները, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button