Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Հայաստանի իշխանութիւնները իրաւունք չունեն հայ ժողովրդի սեփականութիւնը եղող Արցախը ընդունել տալ Ադրբեջանի կազմի մէջ»
«Արցախը հայկական է եղել, հայկական է, եւ հայկական պիտի՛ մնայ»
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Արծւաբոյն Արցախի Անկախութեան հռչակման 32-րդ ամեակ՝ Սեպտեմբերի 2-ը հայաշխարհը նշեց հոգեհանգստեան արարողութիւններով ու բողոքի երթերով:
Այդ առիթով, երէկ՝ երեկոյեան ժամը 18:30-ին, Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ կիրակնամուտի արարողութիւն, եւ ապա ժամերգութեան աւարտին կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ յանուն Արցախի Հանրապետութեան նահատակւած հայ զաւակների հոգիների խաղաղութեան համար:
Հոգեհանգստեան արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր խօսքը ուղղելով ներկաներին եւ անդրադառնալով հայ ժողովրդի արեամբ ազատագրւած Արցախին, ընդգծեց. «32 տարիներ առաջ հերոսական մեր ժողովրդի զաւակները Արցախի իրենց հայրենական-պապենական հարազատ հողի վրայ իրենց արեամբ, իրենց անկախութիւնը հռչակեցին եւ միեւնոյն ժամանակ իրենց ուխտը կատարեցին հաւատարմօրէն տէր կանգնելու իրենց հայրենիքին եւ 1994 թ.-ի մայիսին երեքամեայ պատերազմից յետոյ ծունկի բերեցին անբարտաւան եւ յոխորտացող Ալիեւին եւ ստորագրել տւեցին հաշտութեան դաշինքը»:
Սրբազան Հայրը այսպէս շարունակեց. «Մենք այսօր այս արարողութեան մատուցմամբ եւ մեր ժողովրդի զաւակները, որտեղ որ կան այս օրերին նոյն յանձնառութեամբ, նոյն պատասխանատւութեան գիտակցութեամբ, իրենք-իրենց պատրաստ են մատաղ անել Արցախի համար: Ժողովուրդների կեանքում միշտ եղել են ցաւալի դէպքեր, միշտ եղել են նեղութիւններ, միշտ եղել են ե’ւ խաղաղութիւն ե’ւ պատերազմ ու կռիւ, մենք որպէս ժողովուրդ այդ դառնութիւնը ունեցել ենք: Մեր ժողովրդի պատմութեան ընթացքում, մենք ե’ւ յաղթել ենք, ե’ւ յաղթանակի ուրախութիւնը վայելել ենք, բայց նաեւ պարտւել ենք եւ պարտութեան դառնութիւնը, նաեւ կրել ենք, բայց երբեք չենք յուսահատւել մեր կեանքի ու գոյապայքարի մէջ ու միշտ ամուր կանգնած ոչ ենք ասել, թշնամու գերիշխանութեանը, ոչ ենք ասել իր մեծամտութեան հետեւանքով մեր երկիրը արշաւած եւ մեր ժողովրդի կեանքը բռնաբարել ուզող թշնամուն, եւ ոչ ենք ասում այսօր էլ նրանց: Մենք երբեք չենք կարող ընդունել պատմական Արցախը այսպէս կոչւած՝ նորելուկ եւ նոր բուսած Ադրբեջանի կազմի մէջ: Մենք նաեւ ասում ենք Հայաստանի իշխանութիւններին, որ իրենք իրաւունք չունեն հայ ժողովրդի սեփականութիւնը եղող Արցախը ընդունել տալ Ադրբեջանի կազմի մէջ:
Արցախը հայկական է եղել, հայկական է, եւ հայկական պիտի՛ մնայ, ինչ էլ լինի դժւարութիւնները»:
Թեմակալ առաջնորդը խօսքը ուղղելով ՄԱԿ-ի քարտուղարին, ով ժամանակին եղել է «Գիւլբենգեան» հիմնադրամի հոգաբարձուների անդամ, ասաց. «Մեր ակնկալութիւնն է, որ ՄԱԿ-ի քատուղարը անձամբ այցելի Արցախ եւ փորձի ինքն էլ իր հերթին Արցախի շրջափակման ենթակայ եւ ամենօրեայ մահւան սպառնալիքին ենթակայ մեր ժողովրդի շրջափակումը վերացնել»:
Սրբազան Հայրը ժողովրդին կոչ ուղղեց թօթափել անտարբերութիւնը, այն համազօր համարելով դաւաճանութեան:
Օրւայ արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի դիւանը, եւ պատգամաւորներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ խորհրդի անդամներ, Թեհրանի Հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:
Յատկանշական է, որ նաեւ այսօր՝ սեպտ. 3-ին եւս Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագից յետոյ տեղի է ունեցել հոգհանգստեան արարողութիւն՝ Արցախում նահատակւած հայորդիների հոգիների խաղաղութեան համար:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ