ՄիջազգայինՔաղաքական

ԵՄ-ն յստակ յանձնարարականներ է տւել ԵՄ թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկւայում կայանալիք շքերթին

«ԱԼԻՔ» – Եւրամիութիւնը յստակ յանձնարարականներ է տւել Եւրամիութեան թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկւայում կայանալիք շքերթին եւ չայցելել Ռուսաստան։ Այս մասին լրագրողներին յայտնել է Լատւիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժէն Լիւքսեմբուրգում ապրիլի 14-ին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակում, յայտնում է European Pravda-ն։

Բրաժէի խօսքով՝ կիրակի՝ ապրիլի 13-ին, Արեւմտեան Բալկանեան երկրների ներկայացուցիչների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ եւրոպական կողմը նրանց յստակ յանձնարարականներ է տւել՝ չմասնակցել մայիսի 9-ին նւիրւած մոսկովեան տօնակատարութիւններին։

«Երէկ (ապրիլի 13-ին, ԽՄԲ.) մենք զբաղւած երեկոյ ունեցանք Արեւմտեան Բալկանեան մեր գործընկերների հետ ընթրելով… Շատ քննարկումներ եղան արժէքների, ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան, այդ թւում՝ պատժամիջոցների համակարգման մասին: Սա ներառում է շատ յստակ հրահանգներ ԵՄ անդամ երկրների կողմից թեկնածուներին՝ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկւայում, չանել նման ուղեւորութիւններ, քանի որ դա չի համապատասխանում ԵՄ արժէքներին»,- ասել է Բրաժէն:

Նա ասել է, որ Ուկրաինային աջակցութեան առումով «նախատեսւում է շատ գործնական քննարկում, ինչպէս փողի, այնպէս էլ ռազմական աջակցութեան, ԵՄ-ի սեփական կարողութիւնների վերաբերեալ (Ուկրաինային ռազմական աջակցութեան համար – խմբ.):

«Ապրիլի 13-ին Ռուսաստանի Դաշնութեան կողմից Սումիի վրայ կատարւած ցնցող յարձակումը ցոյց է տալիս, որ Ուկրաինային անհրաժեշտ են աւելի շատ հակաօդային պաշտպանութեան համակարգեր»,- յաւելել է Լատւիայի ԱԳՆ ղեկավարը։

Related Articles

Back to top button