Միքայէլ Մալխասեան. «Ներգաղթը հնարաւոր է խրախուսել նախ արտագաղթը վերահսկելով՝ այդ դէպքում միայն Սփիւռքի հայրենակիցների համար՝ ՀՀ-ն գրաւիչ կը դառնայ»
-Վերջին տարիներին ՀՀ Վիճակագրական կոմիտէի հրապարակած տւեալների համաձայն՝ Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է բացասական միտում ցոյց տալ։ Որո՞նք են պատճառները: Ինչո՞վ է պայմանաւորւած ժողովրդագրական անկումը: Այս ամէնը կապւա՞ծ է սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ դրանով պայմանաւորւած արտագաղթի, ինչպէս նաեւ պատերազմի, անվտանգային միջավայրի վատթարացման հետ:
Հայաստանում վերջերս նոր մարդահամար անցկացւեց եւ այդ մարդահամարի նախնական արդիւնքները թոյլ են տալիս որոշակի անհրաժեշտ վերանայումներ կատարել նախընթաց հրապարակումների եւ մեկնաբանութիւնների ուղղութեամբ:
Բանն այն է, որ 2011 թւականի մարդահամարի հիմքով էին շարունակւում մինչ այս հրապարակումները եւ ընթացիկ հաշւառումները կատարելը, բայց 2011 թւականից յետոյ 2022 թւականի մարդահամարը այլ պատկեր է վկայում: Մամուլում շատ տարբեր մեկնաբանութիւններ կան եւ յաճախ հակասական գնահատականներ են հնչեցւում:
ՀՀ անկախ Հանրապետութեան պատմութեան մէջ 3 մարդահամար է տեղի ունեցել 2001, 2011 եւ 2022: Վերջին մարդահամարը նախատեսւած էր 2020 թւականին, որովհետեւ ՄԱԿ-ի համապատասխան կառոյցը «UN Population Division»-ը նախատեսել էր միաժամանակ ամբողջ աշխարհում մարդահամար իրականացնել, որպէսզի վերջապէս ֆիքսեն աշխարհում քանի մարդ է ապրում մի կոնկրետ պահի:
Սակայն, 2020 թւականին կորոնավիրուսը սկսեց, նաեւ ՀՀ-ում տեղի ունեցաւ պատերազմ:
Կորոնավիրուսը նոյն տեմպերով շարունակւեց 2021 թւականին: Որոշեցին 2022 թւականին կատարել, այդուհանդերձ տարբերութիւններ կան նախորդ եւ վերջին մարդահամարների միջեւ: Վերջին մարդահամարը արւել է մասնակի մեթոդով, այսինքը՝ տնային տնտեսութիւնների 25 տոկոսի հիման վրայ են վիճակագրութիւն ձեւաւորել, իսկ նախորդ մարդահամարները համընդհանուր են եղել: Բոլորի ընդհանուր ընդգրկմամբ: Հետեւաբար, ստանում ենք հետեւեալ արդիւնքն առ այն, որ մեզ մօտ բնակչութեան թիւը աւելին է, քան նոր մարդահամարի արդիւնքները, բայց նախ երեւոյթն է անհրաժեշտ բացատրել: Հայաստանում գրեթէ 100 տոկոս ճշգրտութեամբ ֆիքսւում են ծնունդները եւ մահերը, այսինքը ծնողները ծննդատներից են գրանցում կատարում: Բնական շարժի արձանագրումները ծնունդներ եւ մահերը, այն գրեթէ 100 տոկոս ճշգրտութեամբ է լինում: Մեր վերջին տարիների խնդիրը 2020 թւականի պատերազմի մեր նահատակների մասունքների նոյնականացման հարցն էր: Ցաւօք այդ գործընթացը աւարտւած չէ, բայց եթէ դիտարկում ենք վիճակագրութիւնը, այն ազդում է ցուցանիշին:
Միւսը մեխանիկական շարժն է՝ միգրացիան՝ ներգաղթը, արտագաղթը: Այստեղ խնդիր կայ ցուցանիշերը ճիշտ հաշւարկելու, սահմանային ելքերը լիարժէք միգրացիոն պատկեր չեն ցոյց տալիս: 2013 թւականից ՀՀ-ում ներդրւել է նոր համակարգ, որը հաշւի են առնում սպառողական զամբիւղը եւ տարբեր այլ գործօններ:
2023 թւականի ապրիլի 28-ին ՀՀ Վիճակագրական կոմիտէն 2022 թւականի մարդահամարի նախնական արդիւնքների վերաբերեալ հրապարակում կատարեց: Մարդահամարի օր էր ֆիքսւեց 2022 թւականի հոկտեմբերի 13-ը եւ այդ օրւայ դրութեամբ ՀՀ մշտական բնակչութեան թւաքանակը ըստ վերջին մարդահամարի 2 մլն. 928 հազար 914 մարդ է, առկայ բնակչութեան թւաքանակը 2 մլն. 638 հազար 917 մարդ է: Մեծ տարբերութիւններ կան մշտական եւ առկայ թւաքանակների միջեւ եւ ստանցւում է տարբերութիւնը 289 հազար 927 մարդ, եւ սա ամենամեծ տարբերութիւնն է ՀՀ մարդահամարների պատմութեան մէջ: Եթէ հաշւի առնենք մարդահամարի իրականացման ժամանակահատւածում դեռեւս միգրացիոն ակտիւ հոսքերի մնացորդ կար, ապա պատկերն աւելի ոչ կայուն էր դառնում: Այսինքը հեռացւած հայերի տեղը ունենք Ռուսաստանից ուկրաինական ճգնաժամի պատճառով ժամանակաւոր կամ այլ երկրներից եկած ժամանակաւոր ուսանողական հոսքեր, որոնք մեր բնակչութեան ռէալ պատկերը չեն արտացոլում: 2021 թւականի հոկտեմբեր-դեկտեմբեր հաշւեկշիռի համաձայն յունւար-դեկտեմբերի եւ յունւար-սեպտեմբերի ամսական հրապարակումներից ստացւած տւեալների ՀՀ փաստաթղթերով մօտաւորապէս +30 հազար է, ընդհանուր +23,5 հազար: Ստացւում է որ ՀՀ-ում փաստացի բնակւող ՀՀ քաղաքացիները ի տարբերութիւն առկայ բնակչութեան ընդհանուր թւաքանակի առնւազն 7,5 հազար աւելի քիչ են քան հրապարակւած մարդահամարի տւեալները: Ստացւում է, որ մօտաւորապէս 250 հազարով աւելի քիչ է նախորդ մարդահամարի թւաքանակից: Այսինքը 11 տարում մենք մօտաւորապէս այդքան կորուստ ունենք: Այդտեղ բաւական տարբեր են պատճառները 2010-ին առաջին կէսին եւ վերջին 3 տարիներին ընդհանրապէս 2010-ական ՀՀ-ից հեռանալու հիմնականը սոցիալ-տնտեսական պատճառներն էին եւ ցուցանիշերը աւելի համեստ էին 2021 թւականի սոսկալի թւականի համեմատութեամբ:
2021 թւականը մեզ մօտ հակառեկորդային տարբեր երեւոյթներ բերեց: 2010-ին ՀՀ-ից կայուն հոսք կար դէպի Ռուսաստանի Դաշնութիւն եւ աւելի շատ սեզոնային միգրացիա էր: Օրինակ յաճախ միգրանտներից հարցումները վկայում են, որ իրենք ՀՀ-ում հնարաւորութիւն ունեցել են տարրական կենսապայմանները ապահովել, բայց գնացել են, որովհետեւ տւեալ երկրում աշխատանքի համար աւելի բարձր են վարձատրում եւ իրենք ինչ-որ հարցեր լուծելու համար որոշել են գնալ ՀՀ-ից, տարբեր պատճառներ կան: Մենք ՀՀ-ում աշխատանքի արժէքի հարց ունենք, ոչ միայն զուտ աշխատանքի բացակայութեան, այլ աշխատանքը գնահատելու հետ կապւած հարց կայ:
Պատկերը փոխւում է 2020 թւականից յետոյ, պատերազմից յետոյ մենք ունենում ենք նման իրավիճակ, որ անվտանգութեան գործօնը գալիս է առաջին պլան, որովհետեւ եթէ մինչեւ պատերազմը 2020 թւականին ՀՀ-ում ունէինք ընդամէնը 3 տասնեակ գիւղեր, որոնք սահմանամերձ էին համարւում, այդ գիւղերի թիւը մօտեցել է 200-ի: ՀՀ-ի ամենամեծ քաղաքներից մէկը՝ Կապանը յայտնւել է ուղիղ թշնամու նշանառութեան տակ, իսկ Ջերմուկ քաղաքի հանգստեան գօտիների մեծ մասը, եւ այն, իհարկէ, խնդիր է ստեղծում: Տեսէք, Ռուսաստանի Ներքին գործերի նախարարութեան միգրացիոն հարցերի գծով գլխաւոր վարչութիւնը հրապարակել էր, թէ որքան են ՌԴ քաղաքացիութիւն ձեռքբերում, մեր միգրացիոն հոսքերը նախորդ 10 տարում 80 տոկոսով կապւած են եղել Ռուսաստանին:
2020 թւականին այն 30 հազարի շեմը հատեց: Ամէն տարի մեր բնակչութեան մի տոկոսը ստանում էր Ռուսաստանի քաղաքացիութիւն, իսկ 2021 թ. գերազանցել է 45 հազարը եւ սա արդէն բնակչութեան 1,5 տոկոսից աւելին է: Սա արդէն բնական ցուցանիշ է եւ ասածս ոչ թէ Ռուսաստանի հարցով ընկալւի, այլ ՀՀ-ի տեսանկիւնից, այլ զուտ ՀՀ-ի ապագայի տեսանկիւնից, որ քո մարդկային ռեսուրսը աստիճանաբար քո վերահսկողութիւնից դուրս են գալիս:
Եթէ, օրինակ, Իրանի բնակչութեան չափ տարեկան աճ ունենայինք այդ երկրում անցած տարում մօտ +600 հազար բնական աճ է արձանագրւել: Հիմա մենք այդպիսի դրական ցուցանիշեր չունենք մեզ մօտ նաեւ ծնելիութիւնն է պակասել քան օրինակ խորհրդային տարիներին: Այն նշանակում է, որ մենք երկարաժամկէտ հեռանկարում չունենք այդպիսի դրական ցուցանիշեր:
-Պարոն Մալխասեան արդեօք պատերազմներից, աղէտներից յետոյ ծնունդներն աճո՞ւմ են: Պատերազմի ժամանակ հիմնական կորուստները վերարտադրողական տարիքի, դեռեւս այդ գործընթացներում չներառւած մարդկանց կորուստներ էին:
Պատերազմից յետոյ ունենք դրական չնչին առանձին ելեւէջներ, բայց դրանք գլոբալ փոփոխութիւն չեն բերում, այսինքն եթէ մենք ունենայինք կտրուկ աճ ծնելիութեան, ապա կարող էինք ուրախանալ, որ երկարաժամկէտ բնակչութեան թիւը կաճի: Մասնաւորապէս նախակովիդեան ցուցանիշը վերականգնման միտում է արձանագրում: Մի քանի տարի էլ մահացութիւնը կը նւազի յետոյ աստիճանաբար պատկերը կը կայունանայ:
-Ինչպիսի՞ ժողովրդագրական քաղաքականութիւն է անհրաժեշտ, որ դրսեւորեն ՀՀ իշխանութիւնները:
ՀՀ-ում յանուն արդարութեան վերջին 20-տարիներին որոշ քայլեր արւել են, միանւագ վճարների համակարգը գործադրւեց, հիպոտեկային արտօնութիւններ եւ այլն, բայց այս միջոցառումները միշտ ունենում են 2-3 տարւայ էֆեկտ. նման քայլերը անհրաժեշտ է թիրախային կատարել ՀՀ-ում հիմնական խնդիրը երկրորդ երեխայի ծնունդն է, եւ տարէցտարի աւելի է նւազում, եւ երրորդ երեխաների տեսակակշիռը մի փոքր աճում է, մասնաւորապէս գիւղական բնակավայրերում, մարզերում 3-րդ երեխայի ծնունդը սոցիալական հարցի լուծումն է, բայց այդ համատարած երեւոյթ, այնուամենայնիւ չէ: Մեզ մօտ հիմնական խնդիր կայ երկրորդ երեխայի ծնելիութեան խթանման հետ կապւած:
ՀՀ-ում նւազում են մահացութեան ցուցանիշերը կապւած կովիդի տեմպերի նւազման եւ բնական է, որ առաջիկայ տարիներին այդ ցուցանիշը կը վերադառնայ նախակովիդեան ցուցանիշին: Ինչ վերաբերում է ծնելիութեան խթանման քայլերին, ապա առաջին երեխան ՀՀ-ի ընտանիքների մեծագոյն մասը ունենում են, եւ աւանդոյթի ուժով պահպանւել է այդ մակարդակը, սակայն պետութիւնը խնդիր ունի 2-րդ երեխայի խթանման, որը կարելի էր լրջօրէն խրախուսել: Կատարւած ներդրումը հետագայում կրկին ազդելու է ժողովրդագրական իրավիճակին: ՀՀ-ում 3-րդ երեխայի համար խրախուսանքը մեծ է եւ գիւղական բնակավայրերում, մարզերում յատկապէս:
Շատ դէպքերում եւ շատ մարզերում ծնելիութեան ցուցանիշը կապւած է հասարակութեան գնողուկանութեանը բնակարանային, գոյքային ցուցանիշին:
-Այսինքը ժողովրդագրական քաղաքականութիւնն ընկալւո՞ւմ է, որպէս սոցիալական օժանդակութեան գործիք։
Այո, այդ ձեւակերպումը շատ ճիշտ է, պետութեան տեսանկիւնից պէտք է լինէր այնպիսի գործիքակազմ՝ քարոզչութիւն, հոգեբանական աշխատանք, որ հասարակութիւնը, ընտանիքը այլ կերպ ընկալէր, եւ զաւակն էլ այդ հոգեւոր կապի արդիւնք դիտարկէր: Այսինքը՝ պետութիւնները պէտք է ցոյց տան, որ երեխան փող չէ, բայց մարդկային մեծագոյն արժէք է, հնարաւոր է ասածս մի փոքր անընկալելի հնչի:
-Պարզ է, անվտանգութիւն, հաւատ, յոյս, մարդկային բարոյական արժէքների խթանման մասին էք ակնարկում, սրանք ժողովրդագրական իրավիճակի համար կարեւորագոյն ասպեկտներ են, եւ մօտ երեք տարի պատերազմի մէջ գտնւող Հայաստանը, բնականաբար, չի բաւարարում այդ պահանջները։ Պարոն Մալխասեան, Սփիւռքի ներգաղթի կազմակերպումը իրատեսական է՞ք համարում ինչպիսի քաղաքականութիւն է անհրաժեշտ մշակել այդ ուղղութեամբ:
Ես այդ հարցում բաւական զուսպ մօտեցում եմ ունեցել, որովհետեւ իմ կարծիքով, եթէ ՀՀ-ից շարունակւում է մեր քաղաքացիների արտահոսքը, մեր իշխանութիւնները նախ եւ առաջ անհրաժեշտ է այնպիսի ծրագրեր ստեղծեն, որ տեղաբնակները չհեռանան յետոյ նոր մտածեն Սփիւռքից վերաբնակեցման մասին: Այսինքն մենք հիմա հակառակ գործընթացում ենք. Հայաստանը Սփիւռքը համալրելու գործընթացի մէջ է եւ այն է անհրաժեշտ նախ կանխել: Յետոյ այդ գործընթացի ընթացքում քայլեր ձեռնարկել հայրենակիցներին Հայաստան վերադարձն ապահովելու, որը ես կարծում եմ միայն առանձին որոշ ոլորտների դէպքում հնարաւոր կը դառնայ: Բայց, այստեղ մի այլ հանգամանքից էլ անհրաժեշտ է զգուշանալ, որովհետեւ մենք կարող ենք վնասել Սփիւռքի աւանդական համայնքներին, մեր աւանդական կառոյցները կարող են տուժել: Ես ցանկութիւն չունեմ որեւէ մէկին մեղադրել կամ վիրաւորել: Այստեղ պէտք է հարցին մօտենալ այնպէս, որ ՀՀ-ից շարժը նւազի: Մենք չունենանք այն պատկերը, որ ՀՀ-ից նոր թւաքանակով մարդիկ հեռանան:
Ես աւելի հակւած եմ, որ ՀՀ-ի ներսում ստեղծւի իրավիճակ, որ արտագաղթ չլինի կամ նւազ տեմպերով լինի եւ յետոյ ՀՀ-ում այնքան լաւ լինի այդ սոցիալ տնտեսական իրավիճակը եւ անվտանգութեան հարցերը, որ ամէն պահի մեր հարեւաններին հնարաւոր չլինի խաթարել մեր անդորրը, այդ դէպքում մեր Սփիւռքի հայրենակիցների համար ՀՀ-ն գրաւիչ կը դառնայ ինքնաբերաբար մեր հայրենակիցները այդպէս կը տեղափոխւեն Հայրենիք: Երկրի գրաւչութիւնը նախ անհրաժեշտ է փոխւի եւ այս պարագային երկիրը բնակւողների համար կը դառնայ ապագայի տեսլականի մաս: Խնդրում եմ յանկարծ չընկալւի այնպէս, որ ես կողմնակից չեմ հայրենադարձութեան:
Շնորհակալութիւն պարոն Մալխասեան:
Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ