Վահէ Յովհաննիսեան. «Հայաստանը քէֆ ուրախութիւնների մէջ ապրող, կենցաղային պետութիւն է, հէնց դառնանք լուրջ պետութիւն՝ Ադրբեջանի պահանջների ցանկը կը մեղմւի»
Ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանն ուզում են, որ տարածաշրջանում խնդիր չլինի, որովհետեւ իրենց գլուխը խառն է այլ բաներով, եւ հարցերը լուծելու համար բնական է, որ պէտք է ճնշեն թոյլ կողմին։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը:
«Հիմա շատ կարեւոր է, որ Հայաստանում լինեն փոփոխութիւններ, որոնք կը բերեն բանակցային նարատիւի փոփոխութեան։ Բանակցային այս բովանդակութիւնը բերում է երկու բանի՝ պատերազմի եւ հայրենազրկման։ Հայաստանի անելիքն այդ երկուսը կասեցնելն է։ Այս առումով ողջունում եմ Արցախում տեղի ունեցող փոփոխութիւնները, դա ուշացած էր, բայց շատ կարեւոր։ Կարեւորում եմ, որ Հայաստանում նոր, սոլիդ իշխանութիւն ունենանք։ Այն լղոզւած վիճակը, որ կար Արցախում, հիմա փոխւում է, նոյն փոփոխութիւնները պէտք են նաեւ Հայաստանում։ Մեզ համար վտանգաւոր է ե՛ւ գործող իշխանութիւնը, ե՛ւ նաեւ արկածախնդիր, իրավիճակը ճիշտ չհասկացող որեւէ այլ իշխանութիւն»,- ասաց Յովհաննիսեանը։
Հարցին՝ ինչ ռազմավարութիւն է հարկաւոր Հայաստանին՝ Ադրբեջանի կողմից օրէցօր մեծացող պահանջները կասեցնելու համար, Վահե Յովհաննիսեանն ասաց․
«Ինչո՞ւ մենք յաղթեցիքն 90-ականների պատերազմը, որովհետեւ աւելի լուրջ պետութիւն էինք, քան Ադրբեջանը, ինչո՞ւ 2020-ին յաղթեց Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանն աւելի լուրջ պետութիւն էր, քան մենք։ Հիմա՝ ինչպէս կասեցնել Ադրբեջանի անվերջ պահանջների ցանկը, պարզ է՝ դառնալ լուրջ պետութիւն, հէնց քո թշնամին, դաշնակիցը, հարեւանը ֆիքսեցին, որ դու լուրջ պետութիւն ես, թէկուզ պարտւած, այդ ցանկը շատ արագ է մեղմւելու։ Հիմա Եւրոպան եւ Ռուսաստանն ականջները կախ լսում են Ադրբեջանի բոլոր պահանջները, որովհետեւ Հայաստանը կիսաքանդւած, կենցաղային պետութիւն է քէֆ ուրախութիւնների մէջ ապրող, հէնց դառնանք լուրջ պետութիւն, մեզ հետ արագ կը սկսեն խօսել ռացիոնալ օրակարգով»։