Զախարովան պատասխանել է՝ «Թուրքիայի դրօշը ծածանւում է այնտեղ, որտեղ աւելի վաղ ծածանւում էր Ռուսաստանի դրօշը» հարցին
«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 25-ի ճեպազրոյցում պատասխանել է «Թուրքիայի դրօշը ծածանւում է այնտեղ, որտեղ աւելի վաղ ծածանւում էր Ռուսաստանի դրօշը» հայ լրագրողի հարցին:
«Ինչպէ՞ս է ստացւում, որ Թուրքիայի գործողութիւնների արդիւնքում բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ ծածանւել է Ռուսաստանի դրօշը, ինչ-ինչ պատճառներով սկսել է ծածանւել թուրքական դրօշը։ Սկզբում դա Ղարաբաղն էր, հիմա՝ Սիրիան։ Ցանկալի կը լինէր հասկանալ»,- հարցրել է լրագրողը։
«Ես չհասկացայ: Իսկ որտե՞ղ է ծածանւում Թուրքիայի դրօշը, բացի Սիրիայից»,- հարցրեց Մարիա Զախարովան։
«Դէ Ղարաբաղում, օրինակ, Շուշիում եւ այլ վայրերում»,- ասաց լրագրողը։
«Ինչքան հասկանում եմ, Ղարաբաղում ծածանւում է Ադրբեջանի դրօշը։ Այսինքն՝ կարծես թէ համաձայն էք Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի դրօշի հետ։ Չէ՞ք ուզում հարցնել: Ձեզ մօտ ամէն ինչ կարծես թէ պարզ է»,- պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։
«Ես Հայաստանի այն քաղաքացիներից եմ, ովքեր կտրականապէս համաձայն չեն Նիկոլ Փաշինեանի ճանաչման մասին ձեր հնչեցրած մտքի հետ»,- արձագանգել է լրագրողը։
Իր հերթին, Մարիա Զախարովան նշել է, որ աւելի վաղ յստակօրէն բարձրաձայնել է այս հարցի առնչութեամբ հէնց Հայաստանի ղեկավարութեան վերաբերմունքը։
«Ես բարձրաձայնել եմ, կը ներէք, ոչ թէ դրա առնչութեամբ մեր վերաբերմունքը, այլ բարձրաձայնել եմ այս հարցում Հայաստանի ղեկավարութեան վերաբերմունքը։ Ես բարձրաձայնեցի այն որոշումները, որոնք ընդունւել են Հայաստանի ղեկավարութեան կողմից Լեռնային Ղարաբաղը որպէս Ադրբեջանի տարածք ճանաչելու հարցում»,- նշել է ՌԴ ԱԳՆ խօսնակը։
Մարիա Զախարովան տարակուսել է՝ ինչու է լրագրողը ուզում յստակեցնել մի երկրի վերաբերմունքը մէկ այլ երկրի գործողութիւններին։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանը ողբերգութիւն է ապրում: Ռուս դիւանագէտը յիշեցրել է, որ ՌԴ զինւած ուժերը երկար տարիներ այդ երկիրը եւ ամբողջ տարածաշրջանը յետ են պահել իրավիճակի վատթարացումից։
«Նորից եմ ասում, որ մենք պէտք է ամէն ինչ ընդհանուր առմամբ բնութագրենք որպէս իրադարձութիւնների ողբերգական զարգացում։ Եւ ամէն ինչ պէտք է անել, որպէսզի խուսափենք, դէ, գոնէ մեր կողմից, դա արւել է այս տարիների ընթացքում, որպէսզի խուսափենք իրավիճակի սրումից, դրա վատթարացումից»,-շեշտել է Զախարովան։
«Համաձայն եմ ձեզ հետ, որ Ռուսաստանն ամէն ինչ արեց էսկալացիա թոյլ չտալու համար, բայց մէկ այլ երկիր, կոնկրետ երկիր, ամէն ինչ անում է, որ այդ էսկալացիան լինի»,- ասել է լրագրողը։
«Դէ, ինձ թւում է, որ այդ դէպքում նման հարցերը պէտք է ուղղել այլ երկրին»,-պատասխանել է Զախարովան: