Թրամփի խորհրդական. «ԱՄՆ նոր նախագահը կը կենտրոնանայ խաղաղութեան հաստատման, ոչ թէ Կիեւին տարածքներ վերադարձնելու վրայ»
«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփը կը կենտրոնանայ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու, այլ ոչ թէ Կիեւին տարածք վերադարձնելու վրայ։ Այս մասին BBC-ին ասել է Թրամփի աւագ խորհրդական, Հանրապետական կուսակցութեան ստրատեգ Բրայան Լանզան։
Նրա խօսքով՝ Թրամփի վարչակազմը Զելենսկիին կը խնդրի արտայայտել «աշխարհի իրատեսական տեսլականի» իր տարբերակը, եւ սա ոչ թէ յաղթանակի, այլ խաղաղութեան տեսլական է»։
«Եթէ նախագահ Զելենսկին նստի բանակցութիւնների սեղանի շուրջ եւ ասի. «Դէ, մենք կարող ենք խաղաղութիւն ունենալ միայն Ղրիմ ունենալու դէպքում», նա մեզ ցոյց կը տայ, որ ինքը լուրջ չէ»,- ասել է նա։
Լանզան պարզաբանել է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային անիրատեսական է եւ «ԱՄՆ-ի նպատակը չէ»։
«Երբ Զելենսկին ասում է, որ մենք կը դադարեցնենք այս ռազմական գործողութիւնները միայն այն ժամանակ, երբ Ղրիմը վերադարձւի, մենք նորութիւն ունենք նախագահ Զելենսկու համար. Ղրիմը չկայ։ Եւ եթէ ձեր առաջնահերթութիւնն է հետ վերցնել Ղրիմը եւ ստիպել ամերիկացի զինւորներին կռւել Ղրիմը հետ վերցնելու համար, դուք ինքներդ գործէք»,- աւելացրել է նա։
Նրա խօսքով՝ ԱՄՆ-ի առաջնահերթութիւնը «խաղաղութիւնն ու սպանութիւնների դադարեցումն է»։
Լանզան նաեւ քննադատել է այն աջակցութիւնը, որը Բայդէն-Հարրիսի վարչակազմը եւ եւրոպական երկրները ցուցաբերել են Ուկրաինային։
«Իրականութիւնը տեղում այն է, որ եւրոպական ազգային պետութիւնները եւ նախագահ Բայդէնը հէնց սկզբից Ուկրաինային չեն տւել այս պատերազմում յաղթելու կարողութիւն եւ զէնք, եւ նրանք չկարողացան վերացնել Ուկրաինայի յաղթանակի սահմանափակումները»,- ասել է նա: