
«ԱԼԻՔ» – Եւրոպական եռեակի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից ձեռնարկւած գործողութիւններից յետոյ, Կահիրէում Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ ստորագրւած համագործակցութեան համաձայնագիրը կը դադարեցւի: Այս մասին յայտարարութեամբ է հանդէս եկել Ազգային Անվտանգութեան գերագոյն խորհուրդը:
«Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի նախագահութեամբ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհուրդը նիստ է անցկացրել՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը եւ սիոնիստական ռեժիմի արկածախնդրութիւնները:
Նիստում ընդգծւել է, որ ստեղծւած պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքականութիւնը կը լինի հնարաւորինս առաւելագոյն համագործակցութիւն՝ տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատելու համար:
Քննարկւել են նաեւ միջազգային ասպարէզում որոշ երկրների գործողութիւնները՝ ռազամական գործողութիւնների եւ պատժամիջոցների ոլորտներում, այդ թւում՝ երեք եւրոպական երկրների չմտածւած գործողութիւնները Իրանի միջուկային հարցի վերաբերեալ, եւ յայտարարւել է, որ չնայած Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան համագործակցութեանը եւ խնդրի լուծմանն ուղղւած ծրագրերի ներկայացմանը, եւրոպական երկրների գործողութիւնները փաստացի կը կասեցնեն Գործակալութեան հետ համագործակցութեան ուղին։
Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեանը յանձնարարւել է Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի որոշումների շրջանակում շարունակել խորհրդակցութիւնները՝ երկրի ազգային շահերի պաշտպանութեան ուղղութեամբ»,- ասւած է ԱԱԳԽ-ի հրապարակած յայտարարութեան մէջ:
Նշենք, որ նախօրէին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը չկարողացաւ ընդունել բանաձեւը, որը նպատակ ունէր կանխել Իրանի դէմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը՝ միջուկային ծրագրի պատճառով:
Միայն չորս երկիր՝ Չինաստանը, Ռուսաստանը, Պակիստանը եւ Ալժիրը, աջակցեցին պատժամիջոցներից ազատման ժամկէտի երկարաձգմանը։
Յիշեցնենք, որ Անցեալ ամիս Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ակտիւացրին Snapback մեխանիզմը, որը վերականգնում է ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, որոնք գործում էին 2015 թւականի Միջուկային համաձայնագրից առաջ։
Այս պատժամիջոցները ներառում են սովորական զէնքի էմբարգօ, բալիստիկ հրթիռների մշակման սահմանափակումներ, ակտիւների սառեցում, ճանապարհորդութեան արգելքներ եւ միջուկային տեխնոլոգիաների արտադրութեան արգելք։



