Նիկոլ Փաշինեանի հերթական դրական ժեստն Ապշերոնի Սուլթանին
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
Արցախի Հանրապետութիւնը Ադրբեջան անունով արհեստական, կեղծ կազմաւորման մաս ճանաչած ստի, կեղծիքի, տառապանքի, մահւան, դժբախտութեան, հայրենազրկման խորհրդանիշը համաձայնել է օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի՝ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորմամբ զբաղւելու միջազգայնօրէն ճանաչւած միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին առաջարկին:
Այս առնչութեամբ հարկ է նշել հետեւեալը:
Դեռեւս 1992 թ. միջազգային հանրութիւնը սկսել էր ուշադրութիւն դարձնել Ադրբեջան-Արցախ հակամարտութեանը եւ փորձել ձեռնարկել միջոցներ կարգաւորելու այն: Այդ նպատակով 1992 թ. մարտի 24-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հրաւիրւած Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդաժողովի (ԵԱՀԽ) Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշւել է հնարաւորինս շուտ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հրաւիրել խորհրդաժողով 11 պետութիւնների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնութեան, Ամերիկայի Միացեալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի եւ Սլովակիայի Դաշնային Հանրապետութեան եւ Շւեդիայի մասնակցութեամբ:
Որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղի ընտրւած եւ այլ ներկայացուցիչները` որպէս շահագրգիռ կողմ, կը հրաւիրւեն խորհրդաժողովին խորհրդաժողովի նախագահի կողմից խորհրդաժողովին մասնակից պետութիւնների հետ խորհրդակցութիւններից յետոյ:
Ադրբեջանի եւ Արցախի միջեւ ռազմական գործողութիւնների սրման պատճառով նշւած խորհրդաժողովն այդպէս էլ չհրաւիրւեց, սակայն անւանումը՝ Մինսկի խորհրդաժողով, պահպանւեց: Մինսկի խորհրդաժողովը վերածւեց Մինսկի խմբի, որի առաջին նիստը տեղի ունեցաւ ոչ թէ Մինսկում, այլ Հռոմում` 1992 թ. յունիսի 1-5-ին:
1994 թ. դեկտեմբերի 5-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ/ԵԱՀԿ գագաթնաժողովում որոշւել է հնարաւորինս շուտ նշանակել Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին, որպէսզի ստեղծւի ընդհանուր եւ համաձայնեցւած հիմք բանակցութիւնների համար:
Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման համաձայն՝ 1995 թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, բանակցային գործընթացն ապահովելու եւ հակամարտութեան կարգաւորման համար համապատասխան հիմք ձեւաւորելու համար:
Մանդատում նշւած են թւով 15 կէտեր, որոնք պէտք է իրականացնեն համանախագահները հակամարտութեան կարգաւորման նպատակով «լիակատար հաւասարութեան եւ անաչառութեան» սկզբունքների հիման վրայ:
Համաձայն համանախագահների մանդատի՝ համանախագահութեան ինստիտուտի գործունէութեան հիմնական նպատակն է. «…աջակցել հակամարտութեան կարգաւորմանն առանց ուժի կիրառման, մասնաւորապէս՝ դիւրացնելով բանակցութիւնները խաղաղ եւ համապարփակ կարգաւորման համար…»:
Մինսկի համանախագահութեան ինստիտուտը սկսել է գործել 1997 թ. փետրւարի 14-ից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան կողմից մշակւել եւ 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին է ներկայացւել հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների մասին մի փաստաթուղթ, որն առաւել յայտնի է «Մադրիդեան սկզբունքներ» անունով:
Արցախի Հանրապետութեան շահերի սպասարկման տեսանկիւնից անընդունելի համարելով յիշեալ փաստաթուղթը՝ այդուհանդերձ հարկ է նշել, որ փաստաթղթում արձանագրւել է, որ հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի 1975 թ. օգոստոսի 1-ին ընդունւած ԵԱՀԿ Հելսինկեան եզրափակիչ ակտում արձանագրւած միջազգային իրաւունքի տասը հիմնարար սկզբունքներից երեքի հիման վրայ, դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների իրաւահաւասարութիւն եւ ինքնորոշման իրաւունք, պետութիւնների տարածքային ամբողջականութիւն:
Ադրբեջան-Արցախ հակամարտութիւնը «Մադրիդեան սկզբունքներ»-ի համաձայն կարգաւորելու նպատակով իրենց համաձայնութիւնը տւել են Հայաստանը եւ Ադրբեջանը:
Մինչեւ 2018 թւականի մայիս ամիսն Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ «Մադրիդեան սկզբունքներ»-ին յաջորդած բոլոր փաստաթղթերում ուղղակի կամ անուղղակի կերպով մշտապէս նշւել է, որ հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի միջազգային իրաւունքի հանրայայտ սկզբունքների համաձայն: Խօսքն, անշուշտ, վերաբերում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքներին:
Նման փաստաթղթերից է օրինակ Մոսկւայի կամ Մայենդորֆեան հռչակագիրը: 2008 թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները մերձմոսկովեան Մայենդորֆ ամրոցում համատեղ ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը, մասնաւորապէս`
- «Յայտարարում են, որ կը նպաստեն Հարաւային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ տարածաշրջանում կայունութեան եւ անվտանգութեան մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան քաղաքական կարգաւորման ճանապարհով, միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունւած որոշումների ու փաստաթղթերի հիման վրայ…
- Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակութիւնը` հաշւի առնելով նրանց 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագայ քննարկումները քաղաքական կարգաւորման հիմնական սկզբունքների հետագայ մշակման նպատակով:»:
Ձգտելով հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ նաւթային դիկտատոր Իլհամը, կարծելով, թէ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտն արդէն լուծւած է, ցանկանում է հրաժարւել կոնֆլիկտը միջազգային իրաւունքի սկզբունքներին համաձայն լուծելու իր իսկ ստանձնած բազմաթիւ գրաւոր յանձնառութիւններից:
Իսկ արդեօ՞ք լուծւած է Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտն՝ ըստ միջազգային հանրութեան:
Բանն այն է, որ վերջինիս դիրքորոշումն արմատապէս տարբերւում է Ապշերոնի սուլթան Իլհամի եւ Նիկոլ Փաշինեանի դիրքորոշումներից:
Այսպէս՝
- 2022 թ. փետրւարի 17-ին Եւրոպական խորհրդարանն ընդունել է բանաձեւ, որտեղ, մասնաւորապէս, արձանագրել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտութեան կարգաւորման միակ միջազգայնօրէն ճանաչւած ձեւաչափը՝ տարածքային ամբողջականութեան, ուժի չկիրառման, ինքնորոշման եւ հաւասար իրաւունքների եւ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման սկզբունքների հիման վրայ. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին»:
- 2022 թ. յունիսի 6-ին կրկին Եւրոպական խորհրդարանն ընդունել է բանաձեւ, որտեղ, մասնաւորաբար, արձանագրել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգաւորւել, իսկ Արցախի տարածքը համարել է վիճելի տարածք:
- 2023 թ. հոկտեմբերի 12-ին Եւրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (այսուհետեւ՝ ԵԽԽՎ) ընդունել է «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով բանաձեւ, որտեղ, մասնաւորապէս, արձանագրել է՝
- «Խորհրդարանական վեհաժողովը խստօրէն դատապարտում է ադրբեջանական բանակի նախաձեռնած ռազմական գործողութիւնը Լեռնային Ղարաբաղում 2023 թ. սեպտեմբերի 19-ին:»:
- «Վեհաժողովը խորապէս համոզւած է, որ այս երկարամեայ եւ ողբերգական հակամարտութիւնը կարող է լուծւել միայն խաղաղ ճանապարհով, երկխօսութեան եւ բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով եւ կիրառելի միջազգային իրաւունքի հիման վրայ՝ լիովին յարգելով այնտեղ ապրող իւրաքանչիւր մարդու իրաւունքները:»: Մէջբերւածն անառարկելիօրէն վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ն ընդունում է, որ Ադրբեջան-Արցախ հակամարտութիւնը կարգաւորւած չէ:
- Արցախի «…գրեթէ ողջ հայ բնակչութիւնը՝ աւելի քան 100.600 անձ այս բանաձեւի ընդունման պահին լքել է իր նախնիների հայրենիքը…»:
- «Վեհաժողովը խորապէս համոզւած է, որ գրեթէ մի ամբողջ բնակչութեան այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպէտք է ընդունւի որպէս նոր իրականութիւն:»:
Այսպիսով, ինչպէս պարզորոշ վկայում են յիշատակւած փաստաթղթերը, միջազգային հանրութիւնն, ի տարբերութիւն նաւթային դիկտատոր Իլհամի եւ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինեանի, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծւած:
Նկատի առնելով վերոնշեալը՝ քիչ հաւանական է, որ միջազգային հանրութիւնը կը գնայ կոնֆլիկտի կարգաւորմամբ զբաղւելու միջազգայնօրէն ճանաչւած միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով, եթէ իրապէս հաւատարիմ է կոնֆլիկտը միջազգային իրաւունքի սկզբունքների համաձայն լուծելու իր յանձնառութեանը: