Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀԿ ԳՄ. «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են»

«ԱԼԻՔ» – ՀՀԿ ԳՄ-ը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է.

«Յունւարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով աւելի քան մէկ տարի Բաքւի բանտերում ապօրինի պահւող հայ գերիների նկատմամբ դատավարութիւնը: Այս մասին տեղեկացրել է Yerevan.today-ը:

Ինքնորոշման անօտարելի իրաւունքի վրայ ստեղծւած Արցախի Հանրապետութեան նկատմամբ իրականացւած ռազմական ագրեսիայի արդիւնքում Ադրբեջանի վարչախումբը, Արցախի ժողովրդին իր բնօրրանից բռնի տեղահանելուց յետոյ, խախտելով միջազգային մարդասիրական իրաւունքի տարրական նորմերը, այդպիսով փորձում է իրաւական շղարշ հաղորդել իր յանցաւոր գործողութիւններին:

Իւրաքանչիւր ողջամիտ մարդու համար ակնյայտ է, որ Բաքւում մեկնարկած դատավարութիւնը ծաղր է արդարութեան, արդարադատութեան եւ միջազգային իրաւունքի նկատմամբ։ Հայ ռազմագերիների եւ քաղաքացիական  անձանց նկատմամբ կիրառւում են այնպիսի մեթոդներ, որոնք ոտնահարում են մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային սկզբունքները: Նրանց նկատմամբ իրականացւող քրէական հետապնդումներն ընթանում են քրէադատավարական ընթացակարգերի աղաղակող խախտումներով, ներառեալ պաշտպանութեան իրաւունքի եւ գործի նիւթերին հասանելի լեզւով ծանօթանալու հնարաւորութեան բացակայութիւնը: Ակնյայտ է, որ Բաքւի վարչախումբն ամէն ինչ անում է շինծու դատավարութեամբ իր ապօրինութիւնները կոծկելու համար:
Այս ցուցադրական ներկայացումը ոչ թէ դատական գործընթաց է, այլ ինկւիզիցիայի եւ ֆաշիստական դատավարութիւնների զազրելի սիմբիոզ: Մարդկութեան պատմութեան մէջ շատ են դէպքերը, երբ բռնապետները դատել են ազատատենչներին, ֆաշիստները՝ այլախոհներին, յաղթածները՝ պարտւածներին։ Սակայն հակահայ եւ մարդատեաց ալիեւեան ռեժիմը միջազգային շրջանակների լուռ անտարբերութեամբ փորձում է ձեւաւորել մի աղաղակող նոր նախադէպ, երբ ցեղասպանը դատում է ցեղասպանւածին:

Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը յայտարարում է, որ Բաքւի բանտերում գտնւող ալիեւեան ռեժիմի պատանդ մեր հայրենակիցներն անմեղ են եւ արդար։ Դատելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը` Բաքւի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատւութիւնը, ազատատենչութիւնը, նրա պատմութիւնն ու հաւատը։

Ցաւով ենք արձանագրում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են, իսկ համազգային ջանքերը հեռու են բաւարար լինելուց։

Բաքւում մեկնարկող դատական ֆարսը հնարաւոր է դարձել նաեւ ՀՀ իշխանութիւնների յանցաւոր անգործութեան եւ կապիտուլեանտական քաղաքականութեան պատճառով: Հայաստանի գործող վարչախումբը փաստացի յանցակից է այսօր մեկնարկող ապօրինութեանը։

ՀՀԿ ԳՄ-ն խստօրէն դատապարտում է պաշտօնական Բաքւի կողմից հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացւող ապօրինի հետապնդումները եւ կոչ է անում միջազգային հանրութեանն ու իրաւապաշտպան կազմակերպութիւններին` իրենց բողոքի ձայնը բարձրացնել ի պաշտպանութիւն Բաքւի բանտերում գտնւող հայ գերիների` պահանջելով նրանց անվերապահ ազատ արձակումը: Հայաստանի եւ Սփիւռքի մեր հայրենակիցներին կոչ է անում իրենց բոլոր հնարաւորութիւններով աջակցութիւն յայտնել մեր պատանդառւած հայրենակիցներին:
ՀՀԿ-ն միաժամանակ վերահաստատում է, որ իր գործունէութեան ընթացքում, այդ թւում՝ միջազգային ասպարէզում, այս թեման շարունակելու է գերակայ պահել՝ հասնելու համար արդարութեանը, եւ  իր զօրակցութիւնն է յայտնում բոլոր գերիների ընտանիքներին»:

Related Articles

Back to top button