ՄիջազգայինՔաղաքական

Անորոշութիւն Դոհայում. Կողմերը մօ՞տ են արդեօք հրադադարի կայացմանը

Բայդէնը պնդում է, ՀԱՄԱՍ-ը՝ տարակուսում

«ԱԼԻՔ»- ԱՄՆ-ը, Կատարը եւ Եգիպտոսը յայտնել են, որ Վաշինգտոնը նոր առաջարկ է ներկայացրել, որն ուղղւած է Գազայի հատւածում հրադադարի ռեժիմի հաստատման եւ պատանդների ազատ արձակման երաշխաւորմանը։

Այս երեք երկրները, որոնք Գազայի հատւածում հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած միջնորդական առաքելութիւն են իրականացնում Իսրայէլի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ, Դոհայում ընթացող բանակցութիւնների աւարտին հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որում ասւում է, որ յաջորդ շաբաթ բանակցողները կրկին կը հանդիպեն Կահիրէում, որպէսզի փորձեն համաձայնութեան գալ Իսրայէլի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի աւարտի վերաբերեալ:

Դոհայում ընթացող բանակցութիւնների աւարտից յետոյ, ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը յայտարարել է, որ Իսրայէլը եւ ՀԱՄԱՍ-ը մօտ են Գազայի հատւածում հրադադարի եւ պաղեստինեան շարժման կողմից պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրի կնքմանը։

Նա ընդգծել է, որ օգոստոսի 16-ին զբաղւել է «Մերձաւոր Արևելքում բռնկւած հրդեհը դադարեցնելու ջանքերով»։

«Մենք շատ ու շատ աւելի մօտ ենք, քան երեք օր առաջ»,- նշել է Բայդէնը՝ խօսելով բանակցային գործընթացի մասին։

Միեւնոյն ժամանակ, ՀԱՄԱՍ-ը հանդէս է եկել տրամագծօրէն այլ յայատարարութեամբ՝ նշելով, որ Դոհայի բանակցութիւնների արդիւնքները չեն համապատասխանում յուլիսի 2-ի պայմանաւորւածութիւններին:

Անանունութեան պայմանով ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի հետ զրոյցում, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն ասել է, որ  բանակցութիւնները ոչ մի առաջընթաց չեն գրանցել, եւ Իսրայէլը շարունակում է պնդել իր դիրքորոշումը։

Նա վերահաստատել է ՀԱՄԱՍ-ի հաւատարմութիւնը յուլիսի 2-ին Բայդէնի յայտարարած հրադադարի նախագծին եւ այդ կապակցութեամբ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ընդունած բանաձեւին:

Անանունութեան պայմանով «Ալ-Ջազիրա»-ի հետ զրուցած ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը միջնորդ կողմերին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայէլի վրայ, եւ ստիպել նրան կատարել պայմանաւորւածութիւնները:

Նա ընդգծել է, որ ցանկացած համաձայնութիւն պէտք է ներառի պաղեստինեան ժողովրդի դէմ պատերազմի դադարեցումն ու իսրայէլական զօրքերի դուրս բերումը Գազայից:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ հնարաւոր համաձայնութիւնը պէտք է ներառի նաեւ մարդասիրական օգնութիւնների անյապաղ եւ անարգել առաքումը Գազայի հատւած, ինչպէս նաեւ իրական պայմանաւորւածութիւն՝ գերիների փոխանակման համար:

Related Articles

Back to top button