Մոսկւա-Բաքու սիրավէպ չունեցող սիրախաղի ժամանակաւոր պտուղները
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երէկ, երբ լրահոսում յայտնւեց «Զանգեզուրի միջանցք»-ով պայմանաւորւած Կովկասում խաղաղութեան մասին ՌԴ ԱԳ նախարար Լաւրովի յայտարարութիւնը, լսարանի ուշադրութիւնը ոչ այնքան ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների ուղղութեամբ էր, ինչքան՝ իրանական փորձագիտական շրջանակների մեկնաբանութիւնների:
Պատճառը մէկն է, եթէ այսօր չկայ Անկարայի նկրտումներով երանգաւորւած Հայաստան-Իրան միջազգային սահմանների վերացման վտանգ, ապա դա միայն Իրանի վճռորոշ եւ հաւասարում թելադրող դիրքի արդիւնք է, ինչը խիստ անհրաժեշտ է առաջինը Հայաստանին՝ իր գոյութեան իրաւունքի, եւ երկրորդը՝ Իրանին՝ իր անվտանգային շահերը ապաովւելու,տարածաշրջանում անկայունութիւն հաղորդող խաղացողներին զսպելու, եւ վերջապէս համաշխարհային տնտեսութիւնից եւ միջազգային բեռնափոխադրումների միջանցքներից չկտրւելու առումով:
Լաւրովի երկուշաբթի օրւայ յայտարարութեանն արձագանգած առաջիններից էր դոկտ. Էհսան Մովահեդիանը:
Միջազգային իրաւունքի եւ Կովկասի հարցերով աւագ փորձագէտն X-ում գրառում տեղադրելով նշել է. «Այն, որ ռուսների խելքը չի կտրում, որ Փաշինեանին հակազդելու համար պէտք չէ ինքնախարազանման դիմել, կամ այն, որ նրանք կարծում են՝ շատ են խորամանկ եւ այդպէս կը կարողանան վերահսկողութիւն սահմանել «Զանգեզուրի միջանցք»-ի վրայ յետ մղելով՝ ՆԱՏՕ-ին, ապա պէտք է ասել, որ հզօր եւ հեռատես Իրանի համար դրանք թեմա լինել չեն կարող, քանի որ Իրանը երբեք թոյլ չի տայ նման միջանցքի ստեղծմանը»:
Փորձագէտը յաւելել է, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ճանապարհին «Հայաստանի նետած քարերի մասին» Լաւրովի անհեթեթութիւնների հետ կապւած Փաշինեանն այլ տարբերակ չունի. «Կամ կործանելով Հայաստանը երկիրը յանձնւում է Բաքու-ՆԱՏՕ-Ռուսաստանին, որպէսզի «Զանգեզուրի միջանցք»-ը լինի: Կամ յայտարարում է 2020 թւականի խաղաղութեան համաձայնագրի մահւան մասին, որում Ռուսաստանի թերացումներն են արձանագրւած կապւած Լաչինի միջանցքի կամ արցախահայութեանը չպաշտպանելու իր պարտաւորութիւնների նկատմամբ, որպէսզի Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման համար չհենւի այս մեռած պայմանագրի վրայ»-գրել է նա։
«Հայաստանի կուրօրէն արեւելումը դէպի արեւմուտք՝ նրան ոչինչ չի տայ: Եթէ ցանկանում է իր գոյութիւնը շարունակւի , ապա պէտք է մտնի Իրանի հետ ռազմավարական դաշինքի մէջ՝ ռազմական եւ անվտանգային ոլորտներում»,- եզրափակել է փորձագէտը եւ յոյս յայտնել, որ Փաշինեանի հեծանւով զբօսանքն ու հանգիստը Եւրոպայում աւարտւած կըլինի եւ նա մտածելու ժամանակ կունենայ նման զգայուն հարցերի շուրջ՝ ճիշտ որոշում կայացնելու համար: