ԻրանՄիջազգայինՔաղաքական

G7-ի արտգործնախարարները Իրանին եւ ԱՄՆ-ին կոչ են արել ուղիղ բանակցութիւններ սկսելու

«ԱԼԻՔ» – Եօթնեակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարները, երկօրեայ հանդիպումից յետոյ հրապարակած համատեղ յայտարարութեամբ, կոչ են արել Իրանին եւ Միացեալ Նահանգներին սկսել ուղիղ բանակցութիւններ՝ միաժամանակ պահանջելով հրադադար Ուկրաինայում։

Հանդիպմանը մասնակցել են Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարները, ինչպէս նաեւ ԵՄ արտաքին քաղաքականութեան հարցերով պատասխանատուն։ G7-ը յայտարարել է, որ Իրանը պէտք է ամբողջութեամբ իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւերով եւ Միջուկային զէնքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտաւորութիւնները։

Յայտարարութեան մէջ նշւում է, որ Թեհրանը պէտք է վերսկսի Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ լիարժէք համագործակցութիւնը եւ ապահովի տեսուչների մուտքն իր միջուկային օբիեկտներ։ Եօթնեակը նաեւ կոչ է արել ՄԱԿ-ի անդամներին հաւատարիմ մնալ իրենց պարտաւորութիւններին՝ «իրաւական մեխանիզմների գործարկումից յետոյ»։

ԻՌՆԱ-ն անդրադառնալով այս խնդրին գրել է, որ այս դիրքորոշումը հնչում է այն ժամանակ, երբ Եւրոպական երեք երկրները՝ ԲԱՐՋԱՄ-ից տասը տարի անց անգործութեան եւ չկատարւած պարտաւորութիւններից յետոյ, «կարգաւորման մեխանիզմի» հիման վրայ գործարկեցին այսպէս կոչւած «վերադարձի մեխանիզմը» (snapback): Իրանի Իսլ. Հանրապետութեան գնահատմամբ՝ այս քայլը ինքնախոցող գործողութիւն էր՝ Եւրոպայի իսկ շահերի դէմ։

Յայտարարութեան մէջ Եօթնեակի նախարարները անդրադարձել են նաեւ Ուկրաինային եւ Մերձաւոր Արեւելքին՝ վերահաստատելով իրենց աջակցութիւնը Կիեւին, եւ ողջունել հրադադարը Գազայում եւ գերիների ազատումը։ Նրանք նաեւ կոչ են արել ապահովել մարդասիրական օգնութեան անխափան մուտքը Գազա։

Related Articles

Back to top button