Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ուրալօղլու. «Արագօրէն շարժւում ենք դէպի կոնսենսուս Երեւանի եւ Բաքւի հետ. Փաշինեանը շատ լուրջ ռիսկերի է դիմում»

«ԱԼԻՔ» – «Զանգեզուրի միջանցքի»  եւ Ալիջանի սահմանային անցակէտի նախագծերը կը վերաիմաստաւորեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առեւտրային ցանցում։ Դրա մասին յայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա նշել է, որ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքն» ուղղակիօրէն կը կապի Թուրքիան եւ Ադրբեջանը՝ ստեղծելով նոր առեւտրային երթուղի Ասիայից դէպի Եւրոպա։

«Դա կը կրճատի հեռաւորութիւնները, կը նւազեցնի ծախսերը եւ կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առեւտրային հզօրութիւնը»,- ասել է թուրք նախարարը։

Ուրալօղլուն յայտնել է, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են սկսւել հայ-թուրքական սահմանին տեղակայւած Ալիջանի սահմանային անցակէտում։

«Մենք աւարտել ենք մեր ծրագրերը, դրանց թւում՝ կամրջի ներկայիս վիճակի գնահատումը եւ դրա վերակառուցումը։ Արագօրէն շարժւում ենք դէպի կոնսենսուս՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Խաղաղութեան գործընթացի աւարտից յետոյ Ալիջանի անցակէտը եւս կը բացւի»,- յաւելել նա։

Նախարարը յայտնել է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների հետ հանդիպման մասին։

«Այստեղ լուրջ կարգաւորման գործընթաց է ընթանում։ Այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետը ցուցաբերում է զգալի նախաձեռնողականութիւն եւ լուրջ ռիսկերի է դիմում։ Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին։ Պատրաստել ենք կոնկրետ ծրագրեր, ներառեալ՝ Ալիջանի սահմանային դարպասի մօտ կամրջի ներկայիս վիճակի գնահատումը եւ նորի կառուցումը»,- նշել է Ուրալօղլուն։

«Մենք բառացիօրէն արագօրէն շարժւում ենք դէպի Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կոնսենսուսի։ Երբ դա Աստծոյ կամքով տեղի ունենայ, մենք այդ դուռն էլ կը բացենք»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ այդ զարգացումը կը բարձրացնի «Զանգեզուրի միջանցքի» արդիւնաւէտութիւնը եւ աւելի արդիւնաւէտ կը դարձնի Չինաստանից Մեծ Բրիտանիա առեւտրային ուղին։

Նա յաւելել է, որ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը կը կապի «Զանգեզուրի միջանցքը» եւ կամրապնդի Միջին (Անդրկասպեան) տրանսպորտային միջանցքը։

 «Կարս-Իգդիր-Դիլուջու գիծը ամենակարեւոր նախագծերից մէկն է, որը կը ձեւաւորի ոչ միայն Թուրքիայի, այլեւ ամբողջ Հարաւային Կովկասի եւ Եւրասիայի ապագան»,- ընդգծել է Ուրալօղլուն։

Նախարարը նշել է նաեւ, որ «Զարգացման ճանապարհային նախագիծը» (Development Road Project), որը մեծ հետաքրքրութիւն է առաջացրել եւրոպական երկրների շրջանում, կապահովի անխոչընդոտ ճանապարհային եւ երկաթուղային մուտք դէպի բոլոր եւրոպական երկրներ՝ Բասրայի Ֆաօ նաւահանգստից մինչեւ Լոնդոն։

«Այս ռազմավարական միջանցքը կը կրճատի համաշխարհային առեւտրային ուղիները, կբարձրացնի Թուրքիայի լոգիստիկ ներուժը եւ կամրապնդի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան»,- նշել է նա։

Related Articles

Back to top button