Վահէ Դաւթեան. «Հայաստանի արդիւնաբերական անկումը շարունակւում է»

«ԱԼԻՔ» – 2025 թ. յունւար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արդիւնաբերական հատւածը արձանագրել է 5.7% անկում։ ՀՀ վիճակագրական կոմիտէի տւեալներով՝ արդիւնաբերական արտադրանքի ծաւալը կազմել է 2.055 տրլն դրամ (մօտ 5.3 մլրդ ԱՄՆ դոլար)։ Ամենաուժեղ հարւածը հասցւել է վերամշակող արդիւնաբերութեանը՝ արդիւնաբերական զարգացման ռազմավարական միջուկին։ Այս մասին գրել է ք.գ.դ., պրոֆեսոր Վահէ Դաւթեանը։
Նա մանրամասնում է.
«Եթէ մէկ տարի առաջ ոլորտը ցուցադրել էր 18.9% աճ, ապա այժմ արձանագրել է 10.2% անկում. արտադրանքի ծաւալը կազմել է մօտ 1.4 տրլն դրամ։ Սեպտեմբերին գրանցւել է տեղային աճ՝ 9.6%, մինչեւ 205.8 մլրդ դրամ, սակայն դա չի կարող հաւասարակշռել ընդհանուր կորուստները:
Յատկապէս մտահոգիչ է մետաղագործութեան անկումը՝ 10%, որը յաջորդել է նախորդ տարւայ 7% աճին։ Սա լուրջ ազդակ է, քանի որ մետաղագործութիւնը աւանդաբար Հայաստանի արդիւնաբերական արտահանման հիմնական շարժիչ ուժն է։
Հանքարդիւնաբերութիւնը, հակառակը, որոշ չափով մեղմել է անկումը․ եթէ 2024-ին այն նւազել էր 7.8%, ապա այժմ՝ ընդամէնը 0.5%, կազմելով 360.5 մլրդ դրամ։ Սակայն այս թւացեալ «դրական միտումը» աւելի շուտ ստագնացիայի, քան վերականգնման ցուցիչ է. սեպտեմբերին կրկին արձանագրւել է 0.4% նւազում՝ 48.5 մլրդ դրամի չափով։
Այս ֆոնին ծառայութիւնների ոլորտը ցուցաբերում է հակառակ միտում․ աճը արագացել է 5.9%-ից մինչեւ 9.9%, հասնելով 2.9 տրլն դրամի (մօտ 7.5 մլրդ դոլար)։ Ծաւալային առումով ծառայութիւնների ոլորտը արդէն զգալիօրէն առաջ է անցել արդիւնաբերութիւնից՝ դառնալով ՀՆԱ-ի հիմնական շարժիչը։
Ընդհանուր պատկերը վկայում է ապաինդուստրիալիզացման խորացող գործընթացի մասին։ Հայաստանի տնտեսութիւնը արագօրէն կորցնում է հաւասարակշռութիւնը արտադրող եւ սպասարկող ոլորտների միջեւ՝ վերածւելով ծառայութիւնների տնտեսութեան առանց արդիւնաբերական յենարանի։ Սա ոչ թէ անցողիկ ճգնաժամ է, այլ տնտեսական անվտանգութեան եւ արդիւնաբերական քաղաքականութեան երկարաժամկէտ դոկտրինի բացակայութեան արտացոլում»։



