Ալիեւը չի հաւատում Փաշինեանի վերընտրութեանը
Երեւանի եւ Բաքւի միջեւ «մեղրամիս»-ն աւարտւել է

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
«Մեղրամիս»-ը Երեւանի եւ Բաքւի, աւելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ, աւարտւեց. այս մասին է վկայում ադրբեջանական հռետորաբանութեան հետեւողական խստացումը։
Ժամանակագրական առումով, ամէն ինչ սկսւեց ադրբեջանցի պատգամաւոր, այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» համայնքի ղեկավար Ազիզ Ալէքպերլիի յայտարարութիւնից, ով ասաց, որ արդէն ոչ թէ 300 հազար, այլ կէս միլիոն ադրբեջանցի պէտք է «վերադառնայ Հայաստան»։
Այն, որ Ալէքպերլիի խօսքերը պատահականութիւն չէին, այլ Բաքւի պաշտօնական քաղաքական գծի դրսեւորում էին, հաստատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով նոյեմբերի 3-ին յայտարարեց, թէ «հայերը եւ Հայաստանը չպէտք է վախենան ադրբեջանցիների «վերադարձից»», ինչպէս նաեւ յայտարարեց, որ 20-րդ դարի սկզբի քարտէզներում Սեւանայ լիճ գոյութիւն չունի, այլ իբր կայ միայն Գեոյչա լիճ։
Ալիեւից յետոյ «խաղի մէջ մտաւ» Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարութիւնը։ Ադրբեջանական արտաքին գերատեսչութեան մամուլի ծառայութեան ղեկավար Այխան Հաջիզադէն յայտարարեց, որ Տիգրանաշէն (Արարատի մարզ) գիւղի եւ Տաւուշի երեք «անկլաւների» վերադարձը» մնում է Բաքւի ուշադրութեան կենտրոնում։ Հաջիզադէին զուգահեռ, հանդէս եկաւ նաեւ Ադրբեջանի Միլլի Մէջլիսի պատգամաւոր Գուդրատ Հասանգուլիեւը, ով յայտարարեց, որ եթէ Հայաստանը արագօրէն չընդունի «միջանցքը բացելու» որոշումը, Ադրբեջանը ստիպւած կը լինի ուժով մաքրել միջանցքի տարածքը (նկատի ունի Հայաստանի Սիւնիքի մարզը-խմբ.), իսկ յետոյ, խիստ երաշխիքներով, այն յանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի վերահսկողութեանը՝ համաձայն 2020 թւականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թւականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի»։
Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներն, ինչպէս նաեւ ուժի կիրառման սպառնալիքները պայմանաւորւած են մի քանի բաղադրիչներով: Չնայած նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թւականի հոկտեմբերի վերջին հաստատել են սահմանազատման յանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, կողմերը չեն հաստատել միասնական, յստակ քարտէզ, որի հիման վրայ պէտք է տեղի ունենայ սահմանազատումը, եւ այսօր Ադրբեջանը մեկնաբանում է իրականութիւնն ի օգուտ իրեն (օրինակ՝ ըստ 1920-ականների խորհրդային քարտէզների՝ ՀՀ տարածքը կազմում է աւելի քան 31 հազար քառակուսի կիլոմետր, եւ անկլաւներ ընդհանրապէս չկան, սակայն այդ քարտէզները հիմք չեն ընդունւել սահմանազատման համար, այլ ընդունւել են այլ քարտէզներ, այլ ժամանակահատւածներից)։
Իսկ ինչ վերաբերում է ուժի կիրառման սպառնալիքին, ապա այս դէպքում հարցը յանգում է ոչ միայն նրան, որ օգոստոսի 8-ի պայմանաւորւածութիւնները մանրամասն չեն մշակւել (օրինակ՝ ենթակառուցւածքային ծրագրերի իրականացման ժամանակացոյցը), այլեւ այդ պայմանաւորւածութիւնների իրականացման միջազգային երաշխիքների բացակայութեանը։
Իրավիճակը կարող է սրւել նաեւ մէկ այլ պատճառով՝ ներհայաստանեան. ըստ երեւոյթին, նոյնիսկ Ադրբեջանում չեն հաւատում Փաշինեանի վերընտրութեանը 2026 թւականին։ Եւ սպասւելիք ԱԺ ընտրութիւններին նախորդող այդ կարճ ժամանակահատւածում, մինչ ՔՊ-ն եւ Փաշինեանը իշխանութեան ղեկին են, պաշտօնական Բաքուն կը փորձի ստանալ առաւելագոյն հնարաւորը, որպէսզի Հայաստանում քաղաքական փոփոխութիւնների դէպքում նոյնպէս լծակներ ունենայ ազդելու հայկական նոր իշխանութեան վրայ։ Սա հասկանալի մարտավարութիւն է։
Մօտակայ մի քանի ամիսները կը լինեն այն ժամանակահատւածը, երբ Ալիեւը Փաշինեանի ձեռքերով կը փորձի Հայաստանում ստեղծել տարբեր տեսակի «յենակէտեր» (սկսած «անկլաւներից» մինչեւ ադրբեջանցիների ներկայութիւն Հայաստանում կամ պարտաւորութիւն՝ ընդունել ադրբեջանցիներին եւ տալ նրանց յատուկ կարգավիճակ), որպէսզի հետագայում ճնշում գործադրի ՀՀ ցանկացած նոր կառավարութեան վրայ։
Այս ամէնն ուղղակի հետեւանքն է այն բանի, որ 2021 թւականին Փաշինեանը կարողացաւ պահպանել իշխանութիւնը, եւ դա առիթ է ՀՀ քաղաքացիների՝ իշխանութեան միակ աղբիւրի համար, մտածելու այն մասին, թէ ինչպիսին պէտք է լինի իրենց ընտրական վարքագիծը սպասւող ընտրութիւնների ժամանակ։ Եթէ հայ ժողովուրդը չձեռնարկի իրավիճակին համապատասխան քայլեր, Ալիեւը կանգ չի առնի։
Մտածէ՛ք այդ մասին․.․
Alpha News



