ԻրանՄիջազգայինՔաղաքական

Գրոսսի. «Իրանի միջուկային խնդրի լուծումը դիւանգիտութիւնն է»

«ԱԼԻՔ» – Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսին շւէյցարական Le Temps թերթին տւած հարցազրոյցում ողջունել է Իրանի որոշումը շարունակել անդամակցութիւնը Ատոմային զէնքերի չտարածման պայմանագրին (NPT)։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Գրոսսին նշել է, որ 12-օրեայ պատերազմի աւարտից յետոյ Թեհրանը կարող էր դադարեցնել յարաբերութիւնները միջազգային հանրութեան հետ եւ դուրս գալ պայմանագրից՝ դառնալով մեկուսացւած երկիր, սակայն նման քայլ չարեց։ Նա յաւելել է, որ Իրանի արտգործնախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի հետ շարունակական շփումներն օգնել են պահպանել դիւանագիտական միջավայրը։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ընդգծել է, որ Գործակալութեան եւ Իրանի փոխգործակցութիւնը շարունակւում է, թէեւ Թեհրանը սահմանափակել է տեսուչների մուտքը որոշ օբիեկտներ՝ անվտանգութեան մտահոգութիւններից ելնելով։ «Իրանի մտահոգութիւնները հասկանալի են, բայց խնդիրը պէտք է լուծւի դիւանագիտական ճանապարհով»,- ասել է նա։

Գրոսսին նշել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի վերջին յարձակումները Իրանի միջուկային կենտրոնների՝ Սպահանի, Նատանզի եւ Ֆորդոյի վրայ, զգալի վնաս են հասցրել ենթակառուցւածքներին, սակայն «իրանցի մասնագէտների գիտելիքն ու կարողութիւնները չեն ոչնչացւել, եւ կենտրոնները կարող են վերականգնւել»։

Նա նաեւ յայտարարել է, որ թէեւ Իրանն ունի ատոմային զէնք արտադրելու տեխնիկական կարողութիւն, բայց ՄԱԳԱՏԷ-ն ապացոյցներ չունի, թէ Թեհրանը նման ծրագիր է իրականացնում։ Գործակալութիւնը, ըստ նրա՝ այժմ արբանեակային տւեալներով է հետեւում Իրանի միջուկային օբիեկտներին։

Related Articles

Back to top button