Տիգրան Աբրահամեան. «Ուրւագծւում են իրադարձութիւններ, որոնք իրանական կողմի համար ռիսկեր են առաջացնում»
«ԱԼԻՔ»- «Իրանի ԱԳՆ-ից հնչող անհանգստութիւնը` տարածաշրջանում ԱՄՆ ներկայութեան վերաբերեալ, բազմաթիւ մտորումների առիթ է տալիս»: Ֆէսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ յարաբերութիւնների վերաբերեալ Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Նասէր Քանանիի նախօրէին կատարած յայտարարութեանը:
«Իրանական կողմը փակագծերը չի բացել եւ չի մանրամասնել, թէ մասնաւորապէս ինչո՞վ է պայմանաւորւած իր անհանգստութիւնը, սակայն կարելի է ենթադրել, որ արտաքուստ տեսանելի պրոցեսներից բացի կան կամ ուրւագծւում են իրադարձութիւններ, որոնք իրանական կողմի համար ռիսկեր են առաջացնում:
Այն, որ ՀՀ-ում ամերիկեան (հաւաքական Արեւմուտքի) ազդեցութիւնն աճել է` դա տեսանելի է եւ ակնյայտօրէն դա տեղի է ունեցել ՌԴ-ի հաշւին:
Իրանի անհանգստութեան բազմաթիւ պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանութեան նկատմամբ անվստահութիւնից մինչեւ հետախուզական տւեալներ, որոնք խօսում են ԱՄՆ դերակատարման այնպիսի ընդլայնման մասին, որը Իրանի համար սպառնալիք է դիտւում:
Միւս կողմից, ԱՄՆ-ն Հայաստանի հետ լաւ, երկուստեք շահաւէտ համագործակցութեան երկար տարիների փորձ ունի, ԱՄՆ-ում հայկական Սփիւռքն իրեն բաւականին կոնֆորտ է զգում, ի վերջոյ, իւրաքանչիւր երկիր ինքն է որոշում, թէ իր արտաքին քաղաքականութիւնն ինչպէս կառուցի կամ ում հետ համագործակցի:
Ու այս պայմաններում Իրանի անհանգստութիւնը հրապարակային դաշտում պէտք է նաեւ հիմնաւորումներով արտայայտւի, որպէսզի ընկալելի լինի արտայայտւող մտահոգութիւնների ողջ շերտաւորումը»,- գրել է նա։