Երկուշաբթի՝ յուլիսի 1-ին, ազգային առաջնորդարան այցելեցին Առաջատար Տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար՝ Սեդրակ Վարդանեանը եւ նրան ընկերակցող աշխատակիցները, հանդիպում ունեցան Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի եւ ատենադպիր Լինդա Ղարախանեանի հետ: Հիւրերին ուղեկցում էր Շապին Աբրահամեանը:
Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի ատենապետը ողջունեց հիւրերին եւ ընդհանուր անդրադարձ ունեցաւ թեմիս եկեղեցական ու ազգային կեանքին նաեւ կառոյցիս ընդհանուր դրւածքին ու գործունէութեանը:
Սեդրակ Ղազարեանը նախ խմբի անունից շնորհակալական խօսքեր յայտնեց հանդիպման առիթն ստեղծելու համար եւ նշեց, որ խումբը Հայաստանից ժամանել է Թեհրան մասնակցելու Իրանի Էլեկտրոնիկայի եւ համակարգիչների 24-րդ միջազգային (Elecomp 2024) ցուցահանդէսին, իսկ անդրադառնալով «Արմաթ» կրթական ծրագրին, պրն. Ղազարեանը ընդհանուր բացատրութիւն ներկայացրեց Հայաստանում տեխնիկական կրթութեան բազան ուժեղացնելու, դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու եւ տեխնիկական կրթութեամբ մասնագիտական աշխատուժ պատրաստելու ծրագրի հիմանական նպատակներին: Նա յաւելեց, որ «Արմաթ» լաբորատորիան գործում է նաեւ մի քանի այլ երկրներում եւ առաջարկութիւն ներկայացրեց Թեհրանում համագործակցութիւն ունենալու կապակցութեամբ:
Պրն. Ղազարեանը յայտնեց, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի շրջանակներում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութիւնը կազմակերպում է մի շարք խրախուսական միջոցառումներ, այդ թւում՝ մրցոյթներ, ճամբարներ, ցուցահանդէսներ, որտեղ խմբակ-լաբորատորիաներում ներգրաււած երեխաները հնարաւորութիւն են ստանում դրսեւորել իրենց ստացած գիտելիքները, ցուցադրել իրենց կատարւած աշխատանքները, մրցել իրենց այլ դպրոցների, մարզերի եւ երկրների հասակակիցների հետ, զարգացնել իրենց ունակութիւններն ու գիտելիքները եւ նորարար գաղափարները նաեւ ցուցադրել թիմային աշխատանքի առաւելութիւնները: Նա նշեց, որ սոյն միջոցառումները կազմակերպւում են նաեւ Հայաստանում համակարգչային ծրագրաւորման, ռոբոտաշինութեան, եռաչափ մոդելաւորման զարգացման եւ աջակցման, եւ համակարգչային խաղերի ծրագրաւորման ոլորտի զարգացման նպատակով:
Հանդիպման աւարտին, Նորայր Արամեանը նմանօրինակ ծրագրերի նախաձեռնութիւնը գնահատելով, յոյս յայտնեց համագործակցութեան եւ յաջողութիւն մաղթեց նրանց ապագայ աշխատանքներին:
* * *
Կիրակի՝ յունիսի 30-ին, Թեհրանի ազգային առաջնորդարան այցելեցին Իրանի Արտաքին Գործոց նախարարութեան մօտ հիւրաբար Իրանում գտնւող Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց նախարարութեան երիտասարդ դիւանագէտների մի պատւիրակութիւն։
Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ողջունեց հիւրերին եւ համապարփակ գծերով ներկայացրեց իրանահայ եւ ի մասնաւորի՝ թեհրանահայ համայնքի ազգային, կրօնական եւ համայնքային կառոյցը իսկ ներկաներին Թեհրանի հայոց թեմի առաջնորդի խօսքը փոխանցեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, որից յետոյ համեստ ընդունելութեան ընթացքին տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց։
Յաւարտ հանդիպման, պատւիրակութիւնը Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանսի եւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի գլխաւորութեամբ այցելեց Սուրբ Սարգիս եկեղեցի, ուր քահանայ հայրերը գոհացուցիչ բացատրութիւններ տւեցին համայնքի հոգեւոր կեանքի մասին։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ