Ադրբեջանն իր համար շատ լուրջ ռազմավարական խնդիրներ է լուծում, որը վտանգում է Հայաստանի լինելիութիւնը
Տաւուշի հայ-ադրբեջանական սահմանի երբեմնի հզօր բնագծին այսօր փոխարինում են բետոնէ սիւները․ մի կողմում՝ ARM, միւս կողմում՝ AZ գրութեամբ։ Ըստ Նիկոլ Փաշինեանի, նման սիւների տեղադրումն ու այս սահմանազատումը պատմական իրողութիւն են, այսպիսի սահմանն ապալեգիտիմացնում է Ադրբեջանի հնարաւոր նոր յարձակումը եւ մեզ համար խաղաղութիւն է ապահովում։ Թէեւ ոչ մի յարձակւող երկրի սահմանային սիւնը եւ անգամ հզօր պաշտպանական դիրքերը հետ չեն պահում յարձակւելու մտադրութիւններից: Բացի այդ, որքան մարդիկ շատ են խօսում այն մասին, որ սա սահմանազատում չէ, այլ՝ միակողմանի զիջումներ, իշխանութիւններն այնքան շատ են պնդում, թէ Տաւուշի հատւածում սահմանազատում են իրականացրել եւ դա շարունակելու են միւս հատւածներում, որ ունենանք սահման, ինչը չենք ունեցել, փաստօրէն, տասնամեակներ շարունակ: Մինչդեռ ԶՈՒ Գլխաւոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լէյտենանտ Տիրան Խաչատրեանը կարծում է, որ դա ոչ թէ սահմանազատում է, այլ միակողմանի հողերի յանձնում, որի աւարտը դեռ չի երեւում։
«Եթէ այս իշխանութեան մէջ կան մարդիկ, որ դա համարում են սահմանազատում, իրենք իրենց հակասում են։ Իրենք էլ են հասկացել, որ դա իրականում սահմանազատում չէ, ասում են՝ սահմանների վերարտադրութիւն է, վերակառուցում է եւ այլն։ Ով պատկերացում ունի այդ գործընթացներից, հասկանում է, որ զիջումների գործընթաց է։ Սահմանազատման համար հիմքեր ստեղծւած չեն, մինչ այդ պէտք է ունենան միջազգային պահանջներին համապատասխան փաստաթղթերի փաթեթ։ Չկայ, չի արւել դա, օդի մէջ գործընթացներ են գնում, պահանջներ են դրւում ՀՀ իշխանութիւնների առաջ, անունն էլ դնում են այն, ինչ ուզում են։ Դրանք միակողմանի անհասկանալի զիջումներ են։ Ես չեմ տեսնում, որ դա լաւ բանի կարող է յանգեցնել»,- ասում է նա։
Քաղաքագէտները պնդում են, որ այս տեմպերով գնալու դէպքում յաջորդ սահմանազատւող հատւածներից էլ ենք թշնամուն ինչ-որ տարածքներ զիջելու, ինչպէս Տաւուշում յանձնեցինք 4 գիւղերը, սակայն մեզ պատկանող հողերը չստացանք: Յաջորդը հարւածի տակ է լինելու Տիգրանաշէնը, որն Ադրբեջանը պահանջում է անկլաւների վերադարձի անւան տակ: Սակայն այստեղ էլ մեր անկլաւների մասին խօսք չի գնում, իսկ մեր Արծւաշէնի տարածքն ադրբեջանական անկլաւների գումարային տարածքին համարժէք է, եւ ժամանակին Նիկոլ Փաշինեանը խօսում էր դրանք փոխանակելու մասին: Տիգրանաշէնի մասին խօսակցութիւնները յատկապէս խորացան, երբ մայիսի 9-ին սահմանազատման հարցերով յանձնաժողովների հերթական հանդիպումից յետոյ Մուստաֆայեւի գրասենեակից յայտարարեցին․ «Սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշւի Հայաստանի կողմից օկուպացւած ադրբեջանական չորս էքսկլաւային գիւղերի ազատման հարցը»։
Ըստ Մուստաֆայեւի գրասենեակի, դրանք են՝ Տաւուշում գտնւող Իւխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպէս նաեւ Նախիջեւանին սահմանակից Քիարքի (հայկական անւանումը՝ Տիգրանաշէն) բնակավայրերը։ Այն, որ Տիգրանաշէնը յանձնելու են, երեւում է անգամ սահմանամերձ տարածքներում բնակարան կառուցելու ծրագրի ցանկից, որտեղ ներառւած են բոլոր սահմանամերձ գիւղերը, բացի Տիգրանաշէնից, ինչը խօսում է այն մասին, որ ՀՀ կառավարութիւնն արդէն այս գիւղը «յանձնել» է: Իսկ Տիգրանաշէնի յանձնմամբ վտանգւում է միջպետական ճանապարհը, եւ գիւղը վերցրած ադրբեջանցիները նաեւ ճանապարհ են ուզելու` դէպի Տիգրանաշէն:
Տիրան Խաչատրեանը պնդում է՝ միայն Տիգրանաշէնը չէ վտանգւած։ «Սեղանին դրւած են մեզ համար ոչ ցանկալի նաեւ այլ պահանջներ։ Ինչո՞ւ չենք խօսում միջանցքի պահանջի մասին, այն տարածքների մասին, որ այսօր գտնւում են Ադրբեջանի իշխանութեան ենթակայութեան տակ։ Վերջին հաշւով, այսօր Ադրբեջանն իր համար շատ լուրջ ռազմավարական խնդիրներ է լուծում, որը վտանգում է Հայաստանի լինելիութիւնը»,- նշեց նա։