
Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան հիմնադրման 70-ամեակին նւիրւած ծրագրերի շարանում, երեքշաբթի եւ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին եւ 24-ի երեկոյեան, յոբելեար միութեան Մշակութային միաւորի «Լեւոն Շանթ» թատերախումբը բեմականացրեց ֆրանսացի դրամատուրգ Մուլիեռի «Ակամայ բժիշկ» կատակերգութիւնը՝ Հաբիբ Նարիմանիի բեմադրութեամբ:
Երեքշաբթի օրւայ սեանսին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները:
Նախքան արարի մեկնարկը Մշակութային միաւորի անդամ Արսինէ Մարգարեանը հանդէս եեկաւ բացման խօսքով, ուր ասւած էր. «Յետադարձ հայեացք գցելով Նոր Ջուղայի թատրոնի փառահեղ անցեալին, կանգնում ենք այն փաստի առջեւ, որ ժամանակին ջուղայեցիների կեանքը ինչ որ կերպ հիւսւած է եղել թատրոնի հետ… «Լեւոն Շանթ» թատերախումբը վերջին անգամ ներկայացում է ունեցել 2017 թւականին, ուր Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակի առթիւ փայլուն ելոյթով ներկայացրել է «Բեբեկս» կատակերգութիւնը: Երկար դադարը խորթ էր Մշակութային միաւորի համար, այդու այս տարիների ընթացքում, չհաշւած քովիդի տարիները, միշտ աչալուրջ հետամուտ է եղել թատերախմբի աշխատանքը վերսկսելու եւ ակտիւացնելու գործին»։
Սցենարում մարմնաւորւած էր մի ծոյլ եւ հարբեցող տղամարդ՝ Ասկանազ անունով, ով շարունակ ընտանեկան անհամաձայնութեան մէջ էր իր տիկնոջ հետ: Վերջապէս համբերութիւնը կորցրած կինը, որոշում է իր անյաջող ամուսնուն պատժել եւ մի անգամ հանդիպելով երկու անցորդի, ովքեր բժիշկ էին փնռում գիւղապետի հիւանդ դստերը բուժելու համար, խաբում եւ ասում է, թէ Ասկանազը հմուտ եւ անկրկնելի բժիշկ է: Այնուհետեւ Ասկանազը որպէս բժիշկ տեղափոխւում է գիւղապետի տուն եւ իրադարձութիւնները զարգանում են այնպէս, որ նա իր խորամանկութեան եւ սրամտութեան շնորհիւ եւ իհարկէ զաւեշտալի իրադարձութիւնների արդիւնքում, ոչ միայն յաջողում է բուժել աղջկան, այլ նաեւ՝ նրան ամուսնացնել իր սիրած տղամարդու հետ:
Թատրոնի դերակատարներն ու կերպարներն էին՝ Ժոզէֆ Գրիգորեանը (Ասկանազ), Զարենուշ Աղուրեանը (Ժակլին), Հրաչ Տէր-Յովհաննիսեանը (ռեժիսոր), Հայդուկ Վարդեւանը (Վալոդ), Մարինէ Հայրապետեանը (Սոնիա), Կարօ Յովսէփեանը (Կարօ), Լինա Մանուկեանը (Մարգարիտ), Անահիտ Իսմայիլեանը (Անահիտ), Արթուր Բաղրամեանն (Մարտիկ) ու Թանիա Յովսէփեանը (Լուսինէ):
Յատկանշական է, որ թատրոնի բեմականացման խմբին օժանդակել էին՝ ռեժիսորի օգնական Սաղի Մոհամմադ Ռեզային, սցենարի թարգմանիչ՝ Արփինէ Դանիէլեանը, սցենարի վրեահսկիչ եւ յուշարար Այիդա Եղիկեանը, 2-րդ յուշարար Վիոլետ Աւանէսեանը, բեմահարդարիչ՝ Հրաչ Տէր-Յովհաննիսեանը, դերձակ Վիոլետ Թորոսեանը եւ երաժշտութեան կատարողներ՝ Ասպետ Սիմոնեանն ու Արին Խաչիկեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)