ԱտրպատականՀամայնք

Բացում Թաւրիզի հայոց ազգային «Թամարեան-Սահակեան» դպրոցի 2024-2025 տարեշրջանի

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, սեպտեմբերի 22-ի առաւօտեան ժամը 10:00-ին հնչեց Թաւրիզի հայոց ազգային «Թամարեան-Սա­հակեան» դպրոցի զանգը, պաշտօնական բացումը կա­տարելու համար կրթարանին:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ ազգային իշխանութեան հանդիսապետութեան ներքոյ սկսւեց բացման հանդիսու­թիւնը, հնչեցնելով առաջին զանգը: Պաշտօնական հրաւիրեալների շարքում ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, Պատգամաւորական ժողո­վի ատենապետ Արմինէ Վահրամեանը, որոնք հիւրընկալւեցին դպրոցի տեսչուհի Սիլւա Աշըղ­եանի, Հոգաբարձութեան եւ ուսուցչական կազմերի եւ Ծնողական խորհրդի կող­մից:

Դպրոցի շրջափակում Սրբազան Հայրը դիմաւորւեց աշակերտութեան եւ հրա­ւիրեալ­ների կողմից, եւ աղօթքով բացումը կատարեց կրթական նոր տարեշրջանին: Երգւեց Իրանի քայլերգն ու «Սարդարապատ» օրհներգը, մեկնարկելու համար օրւայ ծրա­գիրը: Աշակերտ-աշակերտուհիներ ողջոյնի խօսքերով հանդէս եկան, հայերէն եւ պարսկերէն լեզուներով: Նոյն առիթով խօսք առին դպրոցի նոր աշակերտներ, որոնք «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանից նոր էին արձանագրւել հայոց դպրոցում:

Տեսչուհի Սիլւա Աշըղեան բարի գալստեան խօսք ուղ­ղեց ներկաներին: Նա յատ­կապէս յիշեց հայ նահատակներին, «որոնք այս դպրոցում էին սովորում: Նրանց շարքում  էին իմ ընկեր-ընկերուհիները, որոնք այսօր երկնային բնակիչներ են: Նրանց երբեք չենք մոռանայ»,- ասաց նա: Իր խօսքը ուղղելով աշակերտութեան ասաց, որ իրար նկատմամբ միշտ սէր ունենան, իսկ մեծերի նկատմամբ՝ յարգանք: Միաժամա­նակ նա պատւիրեց բոլոր աշակերտութեան լաւ սովորել դասերը, որպէսզի ապագա­յին բարձր դիրքերի հասնեն:

Առաջնորդ Սրբազան Հայրը խօսք առնելով, դպրոցի բացման օրը կոչեց Թաւրիզա­հայութեան յոյսի օր. «Այսօր յոյսը դարձեալ ծագեց մեր համայնքի կեանքում: Դպրոցը խաղավայր չէ, ուսման կենտրոն չէ միայն, այլեւ յոյսի տուն է մեր թեմի, մեր համայնքի եւ ընդհանրապէս ներկայ հայութեան գոյութեան նպաստող»,- ասաց Սրբազան Հայրը: Այս առիթով, նա լաւագոյն նւէրը որը յանձնեց տեսչուհուն, իր հրատարակած երեք հա­տորներն էին, «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմի յուշարձանների հետքե­րով» անւամբ կնքւած, որոնք 1780 էջերից էին բաղկացած:

Տեսչութիւնը այս առիթով յատուկ ծաղկեկողովներ էր նախատեսել համայնքի բարերար տէր եւ տիկին Համազասպ եւ Սեդա Ոսկանեանին, ուսուցչա­կան կազմի հանգստեան կոչւած նոր անդամուհի Լուսիկ Ոսկանեանին, ինչպէս նաեւ նրա բարձ­րագոյն ուսման մէջ յաջողակ դստեր՝ Փաթրիշա Դանղեանի համար:

Վեր­ջապէս, տես­չութիւնը բոլոր հիւրերին յատուկ նւէրներով պարգեւատրեց, գնահաատելով նրանց զօրավիգ կանգնելը դպրոցի առաքելութեան:

Related Articles

Back to top button