Պուտինի վարչակազմի՝ Հայաստանի հարցերով զբաղւող ղեկավարը նոր լիազօրութիւններ կունենայ

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը փաստացի որոշում է ընդունել Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգէյ Կիրիենկոյի նոր լիազօրութիւններին առնչւող կառուցւածքային փոփոխութիւնների վերաբերեալ: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է ռուսական «Վեդոմոստի»-ն։
Մասնաւորապէս, կարող է ստեղծւել նոր գերատեսչութիւն, որը պատասխանատու կը լինի հարեւան երկրների հետ աշխատանքի եւ Գլոբալ Հարաւի որոշ երկրների հետ փոխգործակցութեան որոշակի տեսակէտների համար, յայտնել են վեց աղբիւրներ։
Փոփոխութիւնները կարող են տեղի ունենալ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Աղբիւրներից մէկը նշում է, որ գերատեսչութեան ստեղծումն արդէն վերջնական փուլում է։ Մէկ այլ աղբիւր յաւելում է, որ որոշումները սպասւում են մինչեւ տարեվերջ։
Աղբիւրներից մէկը նշել է, որ գերատեսչութիւնը հիմնականում կը զբաղւի այլ երկրների հետ «մարդասիրական համագործակցութեամբ»։ Մէկ այլ աղբիւր պարզաբանում է, որ նոր կառուցւածքի խնդիրների մէջ կը ներառւի նաեւ «մեղմ ուժի» խթանումը։
Ներքին քաղաքականութեան բլոկը կը ներգրաււի այս աշխատանքում հիմնականում այն պատճառով, որ Ռուսաստանը պատրաստ է օգնութիւն ցուցաբերել մի շարք երկրների պետականաշինութեան գործում։
«Վեդոմոստի»-ն 2025 թւականի մայիսին գրել էր, որ Կրեմլը քննարկում է «արտաքին ուրւագծում» Կիրիենկոյի նոր լիազօրութիւններին առնչւող հնարաւոր փոփոխութիւնները։
Ներկայում Կիրիենկօն վերահսկում է չորս գերատեսչութիւն՝ ներքին քաղաքականութիւն, սոցիալական գործընթացների մոնիթորինգ եւ վերլուծութիւն, հանրային նախագծեր ինչպէս նաեւ տեղեկատւական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ հաղորդակցական ենթակառուցւածքների զարգացում։
Կրեմլի ներքին քաղաքականութեան բլոկի համար նոր խնդիրներ են դրւել 2024 թւականի վերջից մինչեւ 2025 թւականի սկիզբը, երբ Կիրիենկօն սկսեց համակարգել Աբխազիայի, Հարաւային Օսեթիայի, Մոլդովայի, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Մերձդնեստրի հետ յարաբերութիւնները։