Միջազգային իրաւունքը կորցնում է հեղինակութիւնը, երբ իրաւախախտումները մնում են անպատիժ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը Հաագայում ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում՝ «Միջազգային իրաւունք եւ սկզբունքներ» օրակարգով.
Խաղաղութեան եւ արդարութեան քաղաք Հաագայում քննարկում ենք միջազգային հանրութեան կողմից ամենաշատ քննարկւող հարցերից մէկը՝ միջազգային իրաւունքը։
Պէտք է անկեղծ լինեմ. իմ երկրում՝ Հայաստանում, այսօր շատերն են կասկածի տակ են դնում միջազգային իրաւունքի հեղինակութիւնն ու, առհասարակ, միջազգային աշխարհակարգի յուսալիութիւնը։
Սակայն միջազգային իրաւունքը մէկ օրում չէ խոցելի դարձել։ Այն ամէն անգամ կորցնում է իր հեղինակութիւնը, երբ իրաւախախտումները մնում են անարձագանք, երբ քաղաքական նպատակայարմարութիւնը գերակայում է իրաւական պարտաւորութիւններին, եւ յատկապէս այն ժամանակ, երբ նրա սկզբունքներն ու չափանիշները ընտրողաբար են կիրառւում։
Մեր ստանձնած պարտաւորութիւնների եւ մեր կայացրած որոշումների միջեւ աճող վիհը պէտք է բոլորին մտահոգի։
Ինչպէ՞ս կարող ենք յաւակնել լինել ժողովրդավարութեան, անվտանգութեան եւ խաղաղութեան պաշտպաններ, երբ շրջապատւած ենք պատերազմներով, երբ երկակի չափանիշների քաղաքականութիւն վարելով՝ հրաժարւում ենք արձանագրել ակնյայտ խախտումները, իսկ ստանձնած պարտաւորութիւնների եւ իրականութեան միջեւ անջրպետը շարունակաբար խորանում է։
Դժւար է խօսել համընդհանուր արժէքների եւ սկզբունքների մասին այնպիսի աշխարհաքաղաքական միջավայրում, երբ ամէն վայրկեան հէնց այդ արժէքների շարունակական քայքայմանը ականատես ենք դառնում։
Լեռնային Ղարաբաղից աւելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանումը տեղի ունեցաւ ոչ այն պատճառով, որ միջազգային իրաւունք գոյութիւն չունէր։ Ադրբեջանի ագրեսիան եւ դրան յաջորդած էթնիկ զտումը բացայայտեցին մեր հաւաքական արձագանքի եւ վերաբերմունքի չգոյութիւնը։ Վերջին վեց տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս անտեսել է միջազգային կոնւենցիաներն ու բանաձեւերը, այդ թւում՝ Միջազգային դատարանների պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնք պարտադրում էին Արցախի շրջափակման անյապաղ վերացում, տեղահանւած բնիկ բնակչութեան անվտանգ վերադարձի ապահովում դատապարտում էին հայկական մշակութային ժառանգութեան շարունակական ոչնչացումը, ինչպէս նաեւ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարների նկատմամբ շարունակւող շինծու դատավարութիւնները։
Աւելի քան ակնյայտ է, որ միջազգային իրաւունքի նկատմամբ վստահութիւնը խարխլւում է, երբ նրա սկզբունքներն ու կանոնները չեն պաշտպանւում, իսկ միջազգային ապօրինութիւնները մնում են անպատիժ, մատնւում լռութեան։
Վերահաստատենք, որ միջազգային իրաւունքը սակարկութեան առարկայ չէ, եւ ոչ էլ նրա սկզբունքներն՝ ընտրովի կիրառման առարկայ։
Մեր սկզբունքներն այնքան են ամուր, որքան մեր կամքն ու պատրաստակամութիւնը՝ պաշտպանելու դրանք։
8.7.2026, Հաագա



