Փաշինեանը, Էրդողանն ու Ալիեւը դժգոհ են Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից

Իսրայէլի կառավարութեան կողմից 2026 թւականի յունիսի 28-ին Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը տարաբնոյթ արձագանքների տեղիք է տւել։
Ահա մի քանի հիմնական իրողութիւններ՝ յստակեցման համար.
Տասնամեակների ժխտողականութիւնից եւ խուսանաւումներից յետոյ՝ Իսրայէլի կառավարութիւնը վերջապէս հանդէս եկաւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութեամբ: Այս երկարատեւ ուշացումն ամօթալի եւ անբարոյական էր, յատկապէս մի ժողովրդի համար, որը ինքն էլ զոհ էր գնացել ցեղասպանութեանը: Իրավիճակն աւելի վատթարացնելով, Իսրայէլի կառավարութիւնը տարիներ շարունակ յանցակցել է Թուրքիայի ժխտողական քաղաքականութեանը՝ յորդորելով հրեայ-ամերիկեան խոշոր կազմակերպութիւններին խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փորձերը:
Ակնյայտ է, թէ ինչու Իսրայէլը նախկինում չէր ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը եւ ինչու է այժմ ճանաչում։ Սա որեւէ կապ չունի Հայոց Ցեղասպանութեան փաստերի հետ։ Պետութիւններն իրենց քաղաքական որոշումները կայացնում են՝ ելնելով ազգային շահերից, այլ ոչ թէ զգացմունքային կամ բարոյական նկատառումներից։ Իսրայէլին դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու համար՝ նշանակում է անտեսել այդ կարեւոր քաղաքական իրականութիւնը։ Իսրայէլը չէր ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը քանի դեռ չէր համարում, որ այդ քայլը բխում է իր շահերից, ինչպէս եւ այն ճանաչած աւելի քան 30 այլ երկրները։
Յաջորդ թիւրըմբռնումը հէնց հայերի շրջանում է, որոնք հարցնում են. «Ի՞նչ է մեզ տւել օտարերկրեայ պետութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը»։ Անիրատեսական է ակնկալել, որ որեւէ երկրի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կստիպի Թուրքիային ընդունել այն, փոխհատուցում վճարել հայ ժողովրդի կորուստների համար եւ վերադարձնել Արեւմտեան Հայաստանը…
Ցեղասպանութեան ճանաչումը խորհրդանշական քայլ է, որն ունի մի շարք իրատեսական օգուտներ.
- Այն անդադար յիշեցնում է աշխարհին, որ ցեղասպանութեան սարսափելի յանցագործութիւն է կատարւել հայ ժողովրդի դէմ: Աւելի քան մէկ դար անց այն շարունակում է հետապնդել թուրք ժխտողականներին: Աշխարհի ցանկացած անկիւնում, որտեղ էլ որ թուրք ղեկավարները գնում են, նրանք բախւում են իրենց նախնիների զանգւածային սպանութիւնների հետ:
- Այն որոշակի բաւարարւածութիւն է պատճառում զոհերի ժառանգներին՝ փաստելով, որ նրանց ողբերգութիւնը չի մոռացւել: Ժխտողականութիւնն էլ աւելի է խորացնում հասցւած ցաւն ու վիրաւորանքը:
- Այն պատասխանում է Հիտլերի հանրայայտ հարցին. «Ո՞վ է, ի վերջոյ, այսօր խօսում հայերի բնաջնջման մասին»: Հիտլերի այս թիւր համոզմունքը դրդապատճառներից մէկն էր, որը նրան քաջալերեց ծրագրել Հոլոկոստը:
- Չմոռանալով Ցեղասպանութիւնը՝ հայ ժողովուրդը վառ կը պահի այն յոյսը, որ մի օր՝ հեռաւոր ապագայում, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հանգամանքները փոխւեն, հնարաւորութիւն կունենայ վերականգնելու իր կորուստները։
- Ամէն անգամ, երբ որեւէ երկիր ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը, միջազգային լրատւամիջոցներում հազարաւոր հրապարակումներ են յայտնւում, որոնք բարձրաձայնում են Թուրքիայի զանգւածային յանցագործութիւնների մասին: Թուրքիայի կառավարութիւնը տարիների ընթացքում միլիարդաւոր դոլարներ է վատնել՝ փորձելով թաղել այս հարցը, սակայն՝ ապարդիւն:
- Անկախ նրանից, թէ ինչն է դրդել Իսրայէլին կամ որեւէ այլ երկրի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, հայ ժողովուրդը պէտք է առաջնորդւի բացառապէս սեփական շահերով։
- Հայաստանի ռազմավարական շահերից է բխում օգտւել Թուրքիայի, Իսրայէլի եւ Ադրբեջանի միջեւ խորացող դիւանագիտական պառակտումից: Նման տարաձայնութիւնների հնարաւոր ցուցիչ է անցեալ շաբաթ Իսրայէլում Ադրբեջանի դեսպանի վերադարձը Բաքու:
Այժմ անդրադառնանք նրանց, որոնք Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն արձագանքել են անտեսմամբ կամ բացայայտ ժխտմամբ։
Թուրքիա. 111 տարւայ ժխտողականութիւնից յետոյ թուրքական կառավարութիւնը շարունակում է վատնել իր ժամանակն ու ռեսուրսները՝ հերքելով անհերքելին: Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարարութիւնը հանդէս է եկել խուսափողական յայտարարութեամբ, որտեղ Իսրայէլին մեղադրում է Գազայում իրագործւող վայրագութիւնների մէջ, ինչը, սակայն, չի արդարացնում թուրքական կառավարութեանը միլիոնաւոր հայերի, ասորիների եւ յոյների զանգւածային սպանութիւնների պատասխանատւութիւնից: Աւելին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է ակնյայտ սուտը. «Մեր հազարամեակների պատմութեան մէջ չկայ ցեղասպանութիւն, կոտորած, ճնշում եւ գաղութատիրութիւն»: Օսմանեան կայսրութիւնը եւ Թուրքիայի Հանրապետութիւնը գոյութիւն չեն ունեցել նոյնիսկ 1000 տարի, եւ այդ ժամանակահատւածում իրականացրել են թէ՛ կոտորածներ ու ճնշումներ, եւ թէ՛ գաղութատիրութիւն եւ բազմաթիւ ցեղասպանութիւններ:
Էրդողանը նաեւ կեղծօրէն յայտարարում է, որ պաղեստինցի ժողովրդի պաշտպանն է։ Տասնամեակներ շարունակ Թուրքիան սերտ ռազմական դաշինք է ունեցել Իսրայէլի հետ, միլիարդաւոր դոլարների ապրանքներ է վաճառել նրան եւ թոյլատրել ադրբեջանական նաւթի մեծածաւալ փոխադրում Իսրայէլ՝ դրանով նպաստելով Գազայում ընթացող պատերազմին, ինչի հետեւանքով զոհւել են տասնեակ հազարաւոր պաղեստինցիներ։
Ադրբեջան. Չնայած Ադրբեջանն ինքն էլ զանգւածային յանցագործութիւններ է գործել հայերի դէմ, այժմ այն դառնում է 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան մեղսակիցը՝ մասնակցելով դրա ժխտմանը: Ադրբեջանը նաեւ պաղեստինցիների բարեկամը չէ. նա միլիարդաւոր դոլարներ է վճարում Իսրայէլին զէնք գնելու համար եւ հանդիսանում է Իսրայէլի նաւթի ամենամեծ մատակարարը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնն անցեալ շաբաթ յայտարարութիւն տարածեց, որում «լուրջ մտահոգութիւն» էր յայտնում Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման կապակցութեամբ՝ կոչ անելով Իսրայէլի կառավարութեանը վերանայել այդ որոշումը: Բաքւի յայտարարութեան ամենաանհեթեթ հատւածն այն է, թէ «Ադրբեջանը շարունակում է հաստատակամօրէն յանձնառու լինել պատմական ճշմարտութեան պահպանմանը, միջազգային իրաւունքի սկզբունքների յարգմանը եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան ու կայունութեան խթանմանը»:
Ամօթալի է, որ Ադրբեջանի աշկենազի հրէական համայնքի գլխաւոր ռաբբի Շնեուր Սեգալը նամակ է յղել՝ կոչ անելով Քնեսեթին չճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Ինչպէ՞ս կարող է հոգեւորականը մերժել ճշմարտութիւնը եւ դէմ լինել դրա ճանաչմանը: Ակնյայտ է, որ Ադրբեջանի կառավարութիւնը ճնշում է գործադրում իր տեղական հրէական համայնքի վրայ՝ ադրբեջանամէտ եւ թուրքամէտ քարոզչութիւն իրականացնելու համար:
Հիւսիսային Կիպրոս. Այս խամաճիկային «հանրապետութիւնը», որը ճանաչւած է միայն իրեն օկուպացրած պետութեան՝ Թուրքիայի կողմից, որեւէ հարցի շուրջ յայտարարութիւն անելու իրաւունք չունի: Նրա կողմից Հայոց Ցեղասպանութեան անհիմն ժխտումը պայմանաւորւած է բացառապէս Անկարայում իր տէրերին հաճոյանալու ցանկութեամբ:
Նիկոլ Փաշինեան. Ցաւօք, Հայաստանի վարչապետը կորցրել է իր հեղինակութիւնը, երբ խօսքը վերաբերում է Հայոց Ցեղասպանութեան թեմայով դիրքորոշում յայտնելուն։ Վերջին տարիներին նա վիրաւորական մեկնաբանութիւններ է արել այս հարցի շուրջ՝ կասկածի տակ դնելով Հայոց Ցեղասպանութեան իսկութիւնը։ Երբ նրան խնդրեցին մեկնաբանել Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, նա անամօթաբար ասաց. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, կարծում ենք, որ Հայոց Ցեղասպանութեան զէնքայնացման թեմայի մէջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետութեան շահերից»։ Խիստ հիասթափեցնող է, որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետը փորձում է հանգստացնել իր ոխերիմ թշնամիներին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային՝ ձեռնպահ մնալով Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փաստին պատշաճ կերպով անդրադառնալուց։
Ժամանակը ցոյց կը տայ, թէ երբ եւ արդեօք Իսրայէլի Քնեսեթը կը քննարկի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը եւ կառավարութեան ընդունած որոշումն օրէնսդրական ճանապարհով կը վերածի պետական պաշտօնական ճանաչման։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



