ԱտրպատականՀամայնք

Ազգի հիմքը՝ եկեղեցու հիմքում

Խմբագրական «Արտազ» պաշտօնական ամսագրի

Սրբոց Հռիփսիմեանց տօնի իմաստն իր ազգային խորքով, ու մեր ժողովրդի քրիստոնէացման յուզիչ եւ յուսադրիչ պատմութեամբ, բոլոր ժամանակներում եւ բոլոր քրիստոսադաւան ժողովուրդների համար, մնում է յաւերժօրէն ուսուցողական:

Հռոմէական կայսրութիւնից հալածական, եւ դժոխային մահւանից մազապուրծ փրկւած կոյսերը միախումբ Հայաստանի սահմաններն են մտնում, ազատութիւն գտած լինելու յոյսով. սակայն արեան նահատակութեան են մատնւում հայոց արքայի թրով, եւ յաւիտենութեան կեանքն են անցնում հաւատքի անկորնչելի ճանապարհով:

Լուսաւորչահաստատ մեր եկեղեցու առաջին սրբազան հայրապետ՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ձեռամբ են նրանց աճիւնները հաւաքւում, եւ թաղւում են Վաղարշապատում:

Հայոց հայրապետին Խոր Վիրապ նետող Տրդատ արքան, իր անասնական հիւանդութիւնից Սուրբ Գրիգորի աղօթքով փրկւելուց անմիջապէս յետոյ ծունկի է գալիս նրա առջեւ, եւ իրօք քրիստոնէանում, ու ազատւում է յաւիտենական կորստից:

Մարդկային ամենազարգացած միտքն էլ դժւար կարողանայ մուտք գործել այս ծածուկ եւ անդրերկրեայ միջավայրը, որտեղ հրաշագործ ոյժն է բանում, ամենաիմաստուն մարդու իմացական կարողութիւնից շատ աւելի բարձր գիտութեամբ:

Ներկայ աշխարհում, գիտական մեծագոյն յաջողութիւնների շրջագծում իրականացւած գործերը հետզհետէ կորցնում են իրենց արժէքը, երբ հոգեկան ու ոգեղէն աշխարհից շա՜տ հեռու, կենտրոնացել են միայն նիւթեղէն իրագործումների ոլորտում: Շարժւող, գործող, պատասխանող եւ աւելի «իմաստուն» համարւող մարդակերտ ռոբոդների միջում, նիւթեղէն ուղեղների ի մէջ չկան հոգեկան ապրումներ, ինչպէս նաեւ մորթի վրայ շօշափւող զգացական ցաւ, եւ կամ՝ ոգեշունչ ապրում…:

Աստծու երկնային ոյժը մոռացութեան տալու ձգտումները, քաղաքակիրթ եւ զարգացած ներկայ մարդկութեանը մղում են անհաւատութեան, եւ առհասարակ վերածւում ցուցական երեւոյթների: Ազգի հիմքը եկեղեցու հիմքո՛ւմ տեղադրած Լուսաւորչի արարքը անկարող է որեւէ հայ ուրանալ, կամ լրիւ անտեսել:

Հեթանոսական տաճարին՝ Ս. Էջմիածնի վայրում, երկնային անմոռանալի միջամտութեամբ քրիստոնէական առաջին սրբավայրի վերածւելը, Աստծու Միածնի ուղղակի էջքովը, եւ բացայայտ տեսիլքովը Սուրբ Լուսաւորչի, ո՛չ ոք չի՛ կարող պատմութեան էջերից մրոտել, ինչքան էլ զարգացած դարերում ապրող գիտնական, կամ աշխարհային ղեկավար լինի:

Ազգը անհիմն է մնալու առանց եկեղեցուն՝ հաւատքի տան ամուր սիւներին: Սովետական միութեան Աստւածահալած եւ ազգակործան պահւածքը, մշակութային հարուստ ժառանգութիւնից եւ, հոգեկան մեծ հարստութիւնից դատարկւեց, եւ ամենաուժեղ հոգեւոր զէնքից՝ հաւատքից թուլացաւ: Հոգեւորական ծառայողների աքսորն ու սպանդը, Մուրադբէգեան Խորէն կաթողիկոսի խեղդամահ լինելը, ու բազմաթիւ այլ հալածանքներ, չկարողացան փակել հաւատքի անցքը դէպի երկինք՝ եկեղեցու «սրբազան դուռ»-ը:

301 թւին, մեր հայ ժողովրդի սրբադասւած պատմական անցքերը խեղաթիւրելու բոլոր քայլերի անհնար լինելը փաստւում է, մինչեւ այսօր մեր Սուրբ եկեղեցու դռների բաց լինելովը, եւ Սուրբ Պատարագի անընդմէջ մատուցմամբ:

Ազգի հիմքը խարխլելու եւ անձնական շահերի համար մարդկային քաղաքական ժամանակաւոր իմաստութիւնը օգտագործելու ձեւերը, իրենք են ժամանակաւոր, եւ միայն սահմանափակ արժէքով իրողութիւններ:

Ազգի հիմքը ո՛չ միայն ամրացնողը, այլեւ պահպանողը եղել է, ու մնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, դրա անձնւէր հոգեւորականութեամբ եւ հաւատացեալ ժողովրդով…:

Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 6, յունիսի 2026 թ.)

Related Articles

Back to top button