Ուրմիայի «Նայիրի» կրթարանի երեխաները դիմաւորեցին Նոր տարին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երկուշաբթի, 29 դեկտեմբերի 2025-ի երեկոյեան ժամը 3:30-ին, Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի երեխաները ամանորի հանդէս կատարեցին «Արամ Մանուկեան» հանդիսասրահում:
Հանդիսութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Սրբազան Հօր ընկերակցում էին Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, ատենադպիր Վարդան Կարապետեանը, Գործխորհրդի ատենապետ Վանիկ Յակոբեանսը:
Իրենց ուսուցչուհիների հետ շուրջ մէկ ամիս միայն պարապած երեխաները սքանչելի ծրագիր էին պատրաստել, որի ընթացքում նախ աղօթքով, եւ ապա յատուկ կենդանակերպերի զգեստներով ելոյթ ունեցան:
Մանկական թատերական բաժին եւս պատրաստել էին նրանք, երբ «Կարմիր գլխարկիկ»-ի դերով, ինչպէս նաեւ այլ դերերով հաճոյալի ելոյթներ ունեցան նրանք:
Տեսչութեան անունից խօսք առաւ Լալա Ֆարհադեանը: Նա առաջին տարին լինելով սոյն պաշտօնում, շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, որոնք մօտկից հետեւում են կրթարանի կանոնաւոր դասընթացքների կատարումին: Իր գնահատանքը յայտնեց ուսուցչական կազմին եւ ծնողական խորհուրդին, որոնք ամէն ջանք ի գործ են դնում, բարձրագոյն մակարդակի հասցնելու «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանը:
Տեսչուհին այս առիթով յայտնեց նաեւ հայերէն լեզւի տիրական ուսուցումը, նոյնիսկ այն երեխաներին, որոնք հայ եւ ասորի խառնամուսնութիւնից ծնւել են, եւ սակայն հարթւել է նրան հնչունային արտայայտութիւնը, սահուն հայերէնով:
Իր օրհնութեան խօսքում, առաջնորդ Սրբազանը վեր հանեց դաստիարակ ուսուցիչների հրաշալի աշխատանքը, որը կարճ ժամանակում մեծ ճանապարհ էր անցել, եւ հայախօսութեան բացառիկ յաջողութիւն արձանագրել: Ներկայ ժողովուրդը ծափողջոյններով շնորհաւորեց կրթարանի սոյն մեծ յաջողութիւնը, որը ի նախապատրաստութիւն հայ դպրոց յաճախելու նրանց ապագայ ուղուն, մեծ յաջողութիւն էին արձանագրել:
Սրբազան հայրը շնորհաւորելով կրթարանի նոր տեսչուհու կարեւոր պաշտօնը, Թեմական խորհրդի կողմից նրան նւիրեց արծաթեայ ծաղկաքանդակ, մաղթելով, որ Ուրմիայում ուսումնական ու կրթական կեանքը միշտ ծաղկուն մնայ:
Իր խօսքի երկրորդ բաժնում, Սրբազանը Ամանորի խորհուրդը բացատրեց եւ մարդկութեան միջեւ խաղաղութեան գոյութիւնը անկարելի համարեց, երբ բացակայում է սէրը: Ուստի, քննութեան ենթարկելով ներկաների գիտութիւնը սոյն երկու արժէքաւոր բառերի առաջնահերթութեան շուրջ, նախադասեց սէրը, որից ծնւելու է խաղաղութիւնը, ի հետեւումն սիրոյ խաղաղարար բնոյթի:
Ծրագրի երկրորդ մասում Ձմեռ պապը ժամանեց սրահ, բոլոր ներկաներին անսահման ուրախութիւն պատճառելով, սկսեալ երեխաներից: Նրանք շրջապատեցին Ձմեռ պապը, եւ յատուկ նւէրներ ստացան նրանից: Ձմեռ պապը իր բարի խրատները տւեց երեխաներին, իսկ բոլոր ներկաներին մաղթեց խաղաղ ու բարգաւաճ տարի:
Յայտնենք, որ Ծնողական խորհուրդը յատուկ հիւրասիրութեամբ պատւեց բոլորին, որոնք քաղցր յուշերով բաժանւեցին սրահից, եւ վերադարձան իրենց տները, ամանորի ջերմ մթնոլորտը տանելով իրենց հետ:









