Արաղչին Գուտերէշի հետ քննարկել է Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակը
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշի հետ հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել է Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակը:
Հեռախօսազրոյցի ընթացքում, Արաղչին անդրադառնալով Գազայում շարունակւող ցեղասպանութեանը եւ Լիբանանում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար աղէտալի իրավիճակին, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին կոչ է արել օգտագործել այս միջազգային կազմակերպութեան բոլոր հնարաւորութիւնները՝ կասեցնելու համար սիոնիստների յանցագործութիւններն ու ագրեսիան, եւ նպաստել մարդասիրական օգնութիւնների առաքմանը Գազա եւ Լիբանան:
Վերահաստատելով մեր երկրի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանման անհրաժեշտութեան վերաբերեալ՝ Արաղչին յայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը տարածաշրջանի խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանմանն ուղղւած իր գործադրած համակողմանի ջանքերով հանդերձ, լիովին պատրաստ է կտրուկ պատասխանելու Սիոնիստական ռեժիմի ցանկացած արկածախնդրութեանը:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում էսկալացիայի աճի հետեւանքների պատասխանատւութիւնը կրելու է այս ռեժիմը եւ նրա գլխաւոր աջակիցը՝ Ամերիկայի Միացեալ Նահանգները։
ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարն իր հերթին մտահոգութիւն է յայտնել Գազայի եւ Լիբանանի վրայ Իսրայէլի շարունակւող յարձակումնեի հետեւանքով տարածաշրջանում լարւածութեան աճի կապակցութեամբ՝ ընդգծելով պատերազմին վերջ տալու համար քաղաքական լուծման հասնելու ջանքերի կարեւորութիւնը, եւ Գազայի ու Լիբանանի պատերազմի հետեւանքով տուժածներին եւ տեղահանւածներին օգնութիւն տրամադրելու անհրաժեշտութիւնը:
Շեշտելով Լիբանանի ինքնիշխանութեան պաշտպանութեան կարեւորութիւնը, Գուտերէշն ընդգծել է, որ Լիբանանի հարաւում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումն ուղղւած է հէնց այդ հարցին՝ չնայած այդ ուժերին սպառնացող վտանգներին:
Կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը Եմէնում, այդ թւում՝ հումանիտար պայմանները։