
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-րդ տարեդարձին նւիրւած միջոցառումնրի շրջանակում, հինգշաբթի՝ փետրւարի 6-ին համայն երկրում մեծարւեց նահատակների յիշատակը:
Այդ առիթով, իւրաքանչիւր տարի Աստւածային կրօնների հետեւորդների եւ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման յիշատակը տեղի է ունենում կրօնական փոքրամասնութիւններից մէկի գերեզմանատան նահատակների շիրիմների մօտ: Այս տարի նախաձեռնութեամբ Թեհրան նահանգի նահատակների եւ անձնուրացների հիմնարկի՝ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման 19-րդ միջոցառումը տեղի ունեցաւ հրեաների գերեզմանատանը:
Արարողութեանը ելոյթներով հանդէս եկան Նահատակների հիմնարկում «Վալի ֆաղիհ»-ի ներկայացուցիչ հոջ. Մուսաւին, Թեհրան նահանգի քաղաքների նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսչութեան պատասխանատու Հոսէյն Նասրօլլահը, Իսլամական խորհրդարանում հրեաների համայնքի պատգամաւոր Սամեհ Եահ Նաջաֆաբադին եւ ռաբբի՝ Իւնոս Համամի Լալեզարը: Վերջում գնահատւեցին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքներից մի քանիսը: Թեհրանահայ նահատակներից գնահատւեցին Վիգէն Կարապետեանի եւ Ռազմիկ Դաւթեանի ընտանիքները:
Ելոյթներից յետոյ բոլոր ներկաները ծաղիկներ խոնարհեցին նահատակների շիրիմներին եւ բանակի ուղղաթիռի միջոցով ծաղիկներ թափւեց շիրիմների վրայ:
Միջոցառմանը ներկայ էին պետական հիւրեր, Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ եւ հոգեւորականներ:
Արարողութեանը մասնակցել էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ խորհրդի անդամներ, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, հայ նահատակների ընտանիքներ, ազգային մարմինների ներկայացուցիչներ: