«ԻՐԱՆԻ ՀԱՅԵՐԸ ԵՒ ԱՆՒԱՆԻ ԻՐԱՆԱՀԱՅԵՐ»

Իրանահայ համայնքը դարեր շարունակ իր անմնացորդ ներդրումն է բերել իրանեան հայրենիքի բազմազան ոլորտներում եւ յաճախ իրանահայը դարձել է առաջինը Իրանում ինչ որ ոլորտում, լինի դա գիտութիւն, արւեստ, մշակոյթ, ռազմական թէ…: Իրանահայ համայնքի հանրահռչակ զաւակներին Իրանի մեր միւս հայրենակիցներին ծանօթացնելու նպատակով մինչ այժմ հրատարակւած գրքերը համալրւեցին օրերս լոյս տեսած, «Իրանի հայերը եւ անւանի իրանահայերը» (ارمنیان ایران و نام آوران ارمنی) պարսկերէն լեզւով գրքով:
Գրքի հեղինակն է Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ դոկտ. Իսակ Իւնանէսեանը: Գիրքը հրատարակել է «Նեշանէ» հրատարակչութիւնը:
Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի՝ ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ յիշեալ փաստավաւերագրական գրքի շնորհանդէսը տեղի ունեցաւ մարտի 3-ին երեկոյեան՝ Թեհրանի Հայ Հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում:
Իրանի պետական հիմնով մեկնարկած միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար Սօսէ Իւնանէսեանը: Կազմակերպիչ յանձնախմբի անունից, նա ողջունելով պետական հիւրերին եւ ներկաներին, համապարփակ գծերով անդրադարձաւ, Իրանի ու Հայաստանի պատմամշակութային ընդհանրութիւններին եւ Իրանում իրանահայ համայնքի անմնացորդ դերակատարութեանը: Նա ընդգծեց, որ Թեհրանում իր աշխատանքը ծաւալող ՀՈՒՍԿ հաստատութեան հիմնական առաքելութիւնն է Իրանի մեր հայրենակիցներին ծանօթացնել հայ ժողովրդի ու Հայաստանի դարաւոր պատմութեանը, իրանահայ դարաւոր համայնքի Իրանում եւ ինչու չէ միջազգային բեմում կատարած ներդրումներին եւ այսպիսով՝ էլ աւելի խթանել, երկու վաղեմի ժողովուրդների փոխգործակցութիւնը:
Ապա ցուցադրւեց ՀՈՒՍԿ-ի աւելի քան չորս տասնամեակ գործունէութիւնը պատկերող տեսաֆիլմ: Իսկ ամբողջ ծրագրի ընթացքում պատկերասփռւում էր հրատարակւած գրքից էջեր:
Օրւայ բանախօս էր հրաւիրւել արւեստի եւ մշակոյթի վերլուծաբան, համալսարանի դասախօս՝ Արիասբ Դադբեհը: Նա համապրփակ գծերով անդրադարձաւ Իրանի ու հայ ժողովրդի պատմական անցեալին, փոխգործակցութեանը եւ այն հանգամանքներին, որ դոկտ. Իսակ Իւնանէսեանի գրչին պատկանող գիրքը ինչ դեր է կարող ունենալ իրանահայ համայնքին ներկայացնելու առումով: Իր ելոյթի ընթացքում բանախօսը համեմատական եզրեր անցկացրեց հայ եւ Իրանի պատմական ժողովուրդների մշակութային ընդհանրութիւնների եւ Իրանում՝ արւեստի ու գիտութեան ոլորտներում իրանահայութեան ներմուծումների մասին: Նա նշեց, որ աշխարհի որ անկիւնում էլ հաստատւել է հայը, ստեղծել է համատեղ յիշողութիւնը, սակայն հայերի եւ իրանցիների համատեղ յիշողութիւնը դարերից է ակունք առել եւ անդրադարձաւ երկու ժողովուրդների համատեղ աւանդոյթների մասին: Նա նշեց որ թէեւ հայ ժողովուրդը դարեր շարունակ եւ ինչու չէ պատմական Իրանը մի ինչ որ ժամանակաշրջանում զրկւել են պետականութիւնից, սակայն գոյատեւել են յանուն իրենց պատմական յիշողութեան, քանի որ նրանք երկուսն էլ հոգով ու սրտով են պահել իրենց ազգութիւնը եւ երկիրը:
Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հարցով՝ Հանրապետութեան նախագահի յատուկ ներկայացուցիչ՝ հոջ. Մահմուդ Ալաւին: Նա գնահատելով Իսակ Իւնանէսեանի կարեւոր քայլը իրանահայ համայնքի ականաւոր դէմքերին Իրանի հասարակութեանը ներկայացնելու գծով: Իր ելոյթի ընթացքում, նա նշեց, Իրանում մենք չունենք փոքրամասնութիւն, քանի որ Իրանի 90 միլիոնանոց բնակչութիւնը պարփակում է տարբեր կրօնական ու էթնիկ խմբերի, որոնք կազմում են Իրանի մեծ ժողովուրդը եւ Իրանում բոլորը Իրանի մեծ ժողովրդի անբաժան մասնիկն են: Նա կարեւորեց Իրանում միաստւածեան կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութիւնը եւ գնահատանքով անդրադարձաւ իրանահայերի, Իրանում իրականացրած անգնահատելի դերակատարութեանը եւ ընդգծեց, որ Իրանում իրանահայերը չեն խնայում իրենց կարելին իրենց աւանդութիւնները պահպանելու համար, որը յոյժ կարեւոր քայլ բնութագրեց: Նա վերջում փոխանցեց Հանրապետութեան նախագահի ողջոյնները:
Օրւայ առիթով հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Հասարակական հարցերով Հանրապետութեան նախագահի յատուկ ներկայացուցիչ դոկտ. Ալի Ռաբիին: Նա գնահատելով գրքի հեղինակի աշխատանքը նշեց, որ նա բծախնդրօրէն է մօտեցել իր գրքի թեմաներին եւ անդրադարձել է ոչ միայն անցեալի դէմքերին, այլ նաեւ ներկայի դէմքերին: Դոկտ. Ռաբիին իր ելոյթի ընթացքում նշեց, որ ականաւոր դէմքերին անդրադառնալը նախ նշանակում է մեծարել նման արժէքներին եւ երկրորդ՝ հաւատարիմ մնալ պատմութեանը, եւ ընդգծեց այն հասարակութիւնն է յաջողակ, որ ունենայ բազմազան ոլորտներում յաջողակ անձինք: Նա ընդգծեց Իսակ Իւնանէսեանի գրչին պատկանող գրքի կարեւորութիւնը, որ անդրադարձել է նման անձանց, որը յիշւելու է նաեւ պատմութեան մէջ: Դոկտ. Ռաբիին նշեց, որ ոչ ոք կարող հերքել իրանահայերի դերը Իրանի պատմութեան էջերում ու ներկայում եւ աւելացրեց, որ պարծանք է մեզ համար, որ իրանահայերը պանծալի քայլեր են կիրառել Իրանում մեր միւս հայրենակիցների հետ միասին:
Իր ելոյթի այլ բաժնում Հանրապետութեան նախագահի յատուկ ներկայացուցիչը կարեւորութեամբ ընդծեց. «Մենք եւս Ձեր նման անհանգիստ ենք Ապլիրի 24-ի հարցով, Ապրիլի-24-ը շատ վատ իրադարձութիւն էր աշխարհի արդի պատմութեան էջերում, եւ այդ մասին նիւթեր կան այն գրադարաններում, որոնց երկրները յաւակնում են մարդու իրաւունքների մասին,սակայն մեր համատեղ պատմութեան միջեւ երբեւէ նման դէպքեր չեն պատահել»: Նա վերջում շնորհաւորեց գրքի հեղինակին նման մտայղացման կապակցութեամբ:
Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու «Նեշանէ» հրատարակչութեան տնօրէն Աթուսա Սամիին: Նա ընդգծեց, որ իրանահայ համայնքի հետ իր ծանօթութիւնը վերադառնում է 1993 թւականին երբ «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրատանը, ժամանակի խմբագիր՝ Սեդա Դաւթեանը իրեն է յանձնել Ռիչարդ Յովհաննիսեանի «Հայաստանի Հանրապետութեան» թարգմանւած գիրքը տպագրութեան համար եւ անդրադարձաւ Իսակ Իւնանէսեանի կողմից իրեն վստահւած գրքի հրատարակութեան փուլերին: Նա նշեց, որ գրքի բնօրինակի էջերը թերթելիս ականատեսն է եղել մի աշխուժ, եւ աշխատունակ համայնքի ջանքերի եւ հանգել այն եզրակացութեան, որ գրքի հրատարակութիւնը կարող է լաւագոյն առիթը հանդիսանալ իրանահայութեանը Իրանի ժողովրդին ծանօթացնելու առումով:
Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու ՀՈՒՍԿ-ի կողմից 27 տարի հրատարակւող «Պայման» եռամսեայ հանդէսի խմբագրական կազմի անդամ, համալսարանի դասախօս՝ դոկտ. Արփի Մանուկեանը: Իր ելոյթի ընթացքում նա համապարփակ գծերով անդրադարձաւ «Պայման» հանդէսի առաքելութեանը, որը տասնամեակներ շարունակ ներկայացրել է հայ ժողովրդին, Հայաստանին եւ իրանահայութեանը ոչ հայ լսարանին: Բանախօսը անդրադարձաւ Իրանի, Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմական եւ դարաւոր անցեալին, խաղաղ գոյակցութեանը ու սերտ համագործակցութեանը: Նա պամականօրէն անդրադարձաւ Նոր Ջուղայում դարաւոր բնակութիւն հաստատած իրանահայ համայնքի բազմազան ոլորտներում դրսեւորած աշխատանքներին եւ հայ-իրանական համատեղ ճարտարապետութեանը ու մշակութային համատեղ արժէքների ստեղծմանը: Նա գնահատեց Իսակ Իւնանէսեանին եւ բոլոր նրանց ովքեր չեն խնայում իրենց ջանքը երկու ժողովուրդների փոխգործակցութիւը եւ ի մասնաւորի իրանահայութեան անմնացորդ դերակատարութիւնը Իրանում բացայատելու առումով:
Օրւայ առիթով հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Պատգամաւորը կարեւորութեամբ ընդգծեց, որ իրանահայ համայնքը, ոչ թէ Իրանում բնակւող հայեր են ինչը թիւրիմացաբար երբեմն նշւում է ոմանց կողմից, այլեւ իրանահայ համայնքը Իրանի ժողովրդի անբաժանելի մասնիկն է, ով իր անմնացորդ դերակատարութիւնն է ունեցել Իրանի քաղաքա-տնտեսական, հասարակական, գիտական, մշակութային, եւ բազմաթիւ այլ ոլորտներում: Պատգամաւորը ընդգծեց, որ իրանահայութիւնը Իրանում բազմաթիւ բնագաւառներում՝ տպագրական, գիտական, մշակութային կամ արւեստի ոլորտում յաճախ եղել է առաջիններից եւ նշեց, որ այս առումով մինչ այժմ հրատարակւել են մի քանի գրքեր ինչպէս Էսմաիլ Ռաինի, Անդրանիկ Յովեանի եւ Ժանեթ Լազարեանի գրչին պատկանող գրքեր: Նա կարեւորեց որ Իսակ Իւնանէսեաի գրչին պատկանող գրքում նշւած են ոչ միայն անցեալի պանծալի դէմքերը, այլ նաեւ բազմազան ոլորտներում համայնքում ներկայ ականաւոր դէմքերը, որը համարեց գնահատելի քայլ, որով հնարաւոր է առաւել քան երբեւէ ներկայացնել իրանահայութեան անմնացորդ դերը Իրանեան հայրենիքում:
Միջոցառմանը յանուն Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի խօսք փոխանցեց ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը: Իր ելոյթի ընթացքում, նա ընդգծեց, որ Իսակ Իւնանէսեանի գրչին պատկանող գրքում ներկայացւել են աւելի քան 400 իրանահայ ականաւոր դէմքեր, որոնք ոչ միայն ունեցել են համայնքային համբաւ, այլ նաեւ Իրանի եւ միջազգային մակարդակում եղել են ականաւոր դէմքեր: Նա նշեց, որ նման դէմքերի առկայութիւնը գալիս է ապացուցելու իրանահայ համայնքի անմնացորդ դերը Իրանի մշակութային, գիտական, արդիւնաբերութեան, քաղաքականութեան, ռազմական, վարչական եւ այլ ոլորտներում: Նա բազմազան ոլորտներում ներկայացրեց այն իրանահայերին, որոնց մասին նշւած էր գրքում եւ մեծամասնաբար ներկայ էին դահլիճում:
Հանդիսութեանը հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, փոխանցելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը: Պատգամի մի բաժնում նշւած էր. «Տիար Իսակ Իւնանէսեանի հեղինակած «Իրանի հայերը եւ անւանի հայերը» աշխատութիւնը արժանապէս եւ արդարօրէն ցոյց է տալիս իրանահայ ժողովրդի նկարագիրը: Իրանահայ ժողովուրդը երբեք կրաւորական դիրք չի ունեցել Իրանի կեանքում, այլ միշտ դարձել է ներգործական ներկայութիւն: Նա իր մէջ չի կղզիացել, այլ ինքզինք բացել է Իրանի կեաքնի ընդառաջ: Իրանահայերի համար Իրանը սովորական ծննդավայր կամ պարզապէս բնակավայր չի եղել երբեք, այլ դարձել է նւիրական, պատւական, սիրելի եւ սուրբ հայրենիք»: Պատգամի մէջ նշւած էր. «Այդ իսկ պատճառով, իրանահայը իբրեւ հաւատարիմ եւ Իրանով հետաքրքրւող քաղաքացի իր գիտութիւնը, տաղանդը, արհեստը, մասնագիտութիւնը եւ կարողութիւնները իգործ է դրել Իրանի զարգացման եւ բարգաւաճման ի խնդիր: …«Իրանի հայերը եւ անւանի հայեր»-ը հատորում յիշւած բոլոր իրանահայերը այս ոգիով եւ շունչով եւ ապրել, գործել, արարել եւ ստեղծագործել»:
Հանդիսութեանը հրաւիրւեց գրքի հեղինակ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ դոկտ. Իսակ Իւնանէսեանը: Նա իր ելոյթի ընթացքում նախ իր երախտագիտութիւնը յայտնեց գրքի ամենամեծ մեկենասներից՝ բարերար Վահէ Ահարոնեանին, ով իր հօր, գործարար եւ բարերար հանգուցեալ՝ Լեւոն Ահարոնեանի յիշատակին է կատարել մեկենասութիւնը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին եւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին, որոնք գնելով հրատարակւած գրքի բազմաթիւ հատորներ, հնարաւորութիւն են ընձեռնել գրքի հրատարակման բիւջէի այլ բաժնի ապահովման գծով: Իր ելոյթի ընթացքում, գրքի հեղինակը իր գնահատանքը յայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց անվերապահ համագործակցութիւնն են դրսեւորել շնորհանդէսը կազմակերպելու գործով: Նա ընդգծեց. «Օրւայ առիթով բանախօսների՝ դոկտ. Արիասբ Դադբեհի, դոկտ. Արփի Մանուկեանի, պատգամաւոր Արա Շահվերդեանի ելոյթները եւ Թեմական խորհրդի պատգամը, որ ներկայացրեց Զօրիկ Կարապետեանը, իսկ Թեմակալ առաջնորդի պատգամը որ ներկայացրեց Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, կատարելապէս անդրադարձել են գրքի մասին, իսկ ես ցանկանում եմ անդրադառնալ նման գիրք հեղինակելու իմ նպատակների մասին: Գաղափարը ինձ մօտ յղացաւ 2012-ին, երբ Իրանի «Խանէ Հոնարմանդան»-ում ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր իրանահայ մնայուն դէմքերի ցուցահանդէսը, նաեւ գիրքը հեղինակելու այլ դրդապատճառը, Իրանում սերնդափոխութիւնն էր, քանզի անհրաժեշտ է նոր սերնդին ծանօթացնել նաեւ մեր ոչ միայն անցեալի, այլ նաեւ ներկայի իրանահայ դէմքերին, որպէսզի Իրանի եւ իրանահայ հասարակութեան մօտ ճիշտ ընկալում ստեղծւի իրանահայութեան անմնացորդ դերի մասին»: Նա իր երախտագիտութիւնը յայտնեց օրւայ բանախօսներին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանին, «Նեշանէ» հրատարակչութեան տնօրէն՝ Աթուսա Սամիիին, իր տիկնոջ՝ Քարոլին Խուդադեանին, ՀՈՒՍԿ հաստատութեանը, Իրանի Հայ Հասարակական միութեան (Հայ ակումբ)-ի վարչութեանը սրահը տրամադրելու համար, կազմակերպիչ յանձնախմբին եւ բոլոր նրանց, որոնք իրենց անվերապահ համագործակցութիւնն են դրսեւորել շնորհանդէսը կազմակերպելու գործով: Նա մասնաւոր շնորհակալութիւն յայտնեց Իրանի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեանը, որ ամենակարճ ժամականահատւածում գրքի հրատարակութեան արտօնութիւնն է տւել:
Օրւայ յայտագրին մաս էր կազմել գեղարւեստական կատարումներ: Դաշնամուրային կատարումներով ելոյթ ունեցան երաժիշտ եւ դաշնակահար Անդրէ Մուրադեանը, երաժիշտ եւ դաշնակահար Արմէն Ասատրեանը, քամանչայով Ֆարշադ Ռոստամին, իսկ դափով Քարոլին Խուդադեանը (Իւնանէսեան):
Միջոցառմանը ներկայ էին՝ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը, Իրանի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան ներկայացուցիչներ, Իրանի եւ իրանահայ քաղաքական, գիտական, հասարակական, արւեստի ու մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ ու գործարարներ եւ ազգային կառոյցների ու միութիւնների ներկայացուցիչներ: Շնորհանդէսը եզրափակւեց «Իմ Իրանը» երգով, որի տողերը պատկանում են Իսակ Իւնանէսեանին, երգի մշակումը կատարել է երաժիշտ եւ դաշնակահար Արմէն Ասատրեանը, երգը կատարեց Ռոմիկ Ազիզեանը:
Հեղինակի ելոյթից յետոյ կատարւեց գրքի շնորհանդէսը, ձեռամբ՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանի եւ Գեղարդ Մանսուրեանի, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի, մեկենաս Վահէ Ահարոնեանի եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ