Ամավերջի հանդէսով եւ ճամբարով եզրափակւեց Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» տարրական դպրոցի 6-րդ դասարանցիների ուսումնական ժամանակաշրջանը
Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» երկսեռ տարրական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ-աշակերտուհիները աւանդոյթ դարձած տարեվերջի հանդէսով եւ ճամբարով հրաժեշտ տւեցին անցնող վեց տարիների ընթացքում իրենց իր գիրկն առած եւ հարազատ օջախ դարձած ուսումնարանին:
Աւարտական հանդիսութիւնը տեղի ունեցաւ երեքշաբթի՝ յունիսի 18-ի երեկոյեան, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում: Երեկոն նւիրւած էր համայնքի հայկական վարժարաններին՝ ի մասնաւորի 144-ամեայ «Արմէն» դպրոցին:
Հանդիսութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները, սաների ծնողներն ու հարազատները եւ մի շարք այլ հրաւիրեալներ:
Ընթացքում ելոյթներով հանդէս եկան դպրոցի տնօրէն Արսինէ Դաւթեանը, նախկին տնօրէն եւ այժմ խորհրդարանի պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը եւ Կրթական խորհրդի անդամ Ժանետ Բաղումեանը:
Արսինէ Դաւթեանը շնորհակալական խօսք ուղղելով դպրոցի աշխատանքների իրականացման գործում սատար հանդիսացած ազգային մարմիններին եւ անհատներին՝ աւելացրեց. «Դպրոցի անձնակազմի եւ ծնողական խորհրդի ջանադիր աշխատանքի եւ ծնողների համագործակցութեան արդիւնքում կարելի դարձաւ իրականացնել այն ինչ ծրագրւել ու նախատեսւել էր 2023-2024 ուսումնական տարեշրջանի համար եւ արդիւնքում արձանագրած բոլոր յաջողութիւններն ու ձեռքբերումները գոհացուցիչ են եղել:
Անցնող տարեշրջանի ընթացքում աշակերտութիւնը, ոչ միայն սերտել է գրքերում նախատեսւածը, այլ նաեւ սովորել է առնչակից այլ թեմաներ, մասնակցել է մարզական, մշակութային եւ արւեստի փառատօններին՝ արձանագրելով ձեռքբերումներ ու յաջողութիւններ»,- յաւելեց նա:
Գեղարդ Մանսուրեանը շնորհաւորելով շրջանաւարտներին՝ անդրադարձ ունեցաւ իր տնօրէնութեան ժամանակաշրջանում այս շրջանաւարտների մէջ նկատած բնաւորութեան գծերին եւ գնահատելի համարեց նրանց մէջ եղած՝ ընկերասիրութիւնը, սէրը դէպի հայերէն լեզուն ու հայկական մշակոյթը, հայրենասիրութիւնը, միջոցառումներին աշխոյժ եւ կամաւոր մասնակցութիւնը եւ այլն: Նա նաեւ շնորհակալութիւն յայտնեց ազգային մարմիններին եւ ծնողներին՝ իր տնօրէնութեան ժամանակաշրջանում իրենց աջակցութիւնը վայելելու համար:
Ժանետ Բաղումեանը գնահատանքի խօսք ասելով արձանագրած յաջողութիւնների եւ աւարտական երեկոյի կազմակերպման համար՝ շեշտեց, որ այս շրջանաւարտների կողքին են եղել սրտցաւ եւ հոգատար ուսուցիչներ, որոնց շնորհիւ կարելի է դարձել աշակերտների առջեւ բացել գիտութեան աշխարհի լայն դռները եւ նրանց մատուցել հայեցի դաստիարակութիւն: Նա գնահատեց դպրոցի անձնակազմի գործունէութիւնը եւ երախտիքի խօսք ասաց այս ուղղութեամբ աջակցութիւն ցուցաբերած անհատներին ու մարմիններին:
Աշակերտական ելոյթների բաժինը ողողւած էր բազմաթիւ խօսքերով, ասմունքով, պարով, երգերով եւ երաժշտական կատարումներով: Հինաւուրց «Կենտրոնական դպրոց»-ի (այժմ «Արմէն») պատմական անցեալի մասին բացատրութիւններով հանդէս եկան՝ Անժելա Քեշիշեանը, Արամէ Սիմոնեանը, Արութին Մանուկեանը, Նինելիա Քեշիշեանը, Թէօ Մանսուրեանը եւ Էրիկ Յովսէփեանը: Երաժշտական համարներ նւագեցին՝ Էլլադա Մելիքեանը (դաշնամուր), Մանէ Բարսեղեանը (դաշնամուր), Բենիկ Ծատուրեանը (գիթար), Արթինէ Շահբազեանը (ջութակ) եւ Տաթեւիկ Ալեքսանդրեանը (ֆլէյտա): Ասմունքով հանդէս եկաւ Մենուա Մարկոսեանը, հայոց լեզուն անաղարտ պահելու խոստում փոխանցող երդման կարգն ընթերցեցին՝ Ադրիանա Տէր-Յարութիւնեանն ու Դանիէլ Փանոսեանը եւ երեկոն վարեցին՝ Նելլի Թորոսեանը, Վանայր Յովսէփեանն ու Նատալի Յակոբեանը: Ընթացքում ցուցադրւեցին՝ պատկան դպրոցի հին համազգեստներից երեքը՝ աշակերտների միջոցով, ընթերցւող բնագիրներին առնչւող լուսանկարներ եւ յատկապէս շրջանաւարտների անցնող վեց տարիների ուսումնական աշխատանքներից պատկերներ, հնչեցին բազմաթիւ երգեր ու կատարւեց մէկ պարային ներկայացում: Ծրագրի ընդհանուր պատասխանատուն եւ սցենարի կազմողն էր 6-րդ դասարանի հայերէնի ուսուցչուհի Սքարլետ Հայրապետեանը, որի հետ համագործակցել էին երգուսոյց Արսինէ Մարգարեանն ու պարուսոյց Ալինէ Յարութիւնեանը:
Երեկոյի եզրափակիչ փուլում, որը հանդիսավարեց ուսուցչուհի Անահիտ Օհանեանը, նախ տեղի ունեցաւ շրջանաւարտների վկայականների բաշխման ծրագիրը, ուր նրանք իրենց աւարտական վկայագրերը ստացան ձեռամբ թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական ու Կրթական խորհուրդների ներկայացուցիչներ Վաչիկ Հայրապետեանի եւ Ժանետ Բաղումեանի, խորհրդարանի պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի, դպրոցի տնօրէն Արսինէ Դաւթեանի եւ պարսկերէն ու հայերէն առարկաների դասատուներ Ֆաթեմէ Ռահիմիֆառի ու Սքարլետ Հայրապետեանի: Նշելի է, որ 2023-24 ուսումնական տարեշրջանի 6-րդ դասարանի հայերէն առարկաների աւարտական քննութիւնների արդիւնքը գերազանցել է վերջին տարիների արդիւնքին, որը մեծ հպարտութեան առիթ է հանդիսացել թէ՛ ծնողների եւ թէ՛ դպրոցի պատասխանատուների համար:
Շարունակութեան մէջ ներկաների ծափողջոյններով խրախուսւեցին դպրոցի մարզական խմբերն ու նրանց հետ աշխատած մարզանքի ուսուցիչներ՝ Թալին Խաչատրեանն ու Գեւիկ Մկրտչեանը՝ գլխաւորութեամբ վերակացու Սերժիկ Ասատրեանի: Նշելի է, որ այս տարեշրջանին Կրթադաստիարակութեան նախարարութեան յատուկ դասաւորութեամբ մարզական մրցոյթներին փոխարինեցին մարզական փառատօները: «Արմէն» տարրական դպրոցի տղայոց եւ աղջկանց բասկետբոլի խմբերը, ինչպէս նաեւ տղայոց ֆուտբոլի խումբը մասնակից դարձան նշւած փառատօնին եւ արդիւնքում, խորհրդանշականօրէն, «Արմէն»-ի բասկետբոլի խմբերը ստացան ոսկէ, իսկ ֆուտբոլինը՝ բրոնզէ մեդալներ:
Այնուհետեւ վկայագրերով եւ Կրթական խորհրդի կողմից տրամադրւած նւէրներով գնահատւեցին «Օմիդ ֆարդա» մշակութային փառատօնում յաջողութիւն արձանագրած աշակերտները: Այս պահին նւէրները բաշխող խմբին աւելացաւ դպրոցի արւեստի ուսուցիչ Արփա Մարգարեանը: Յաջողութիւններ ունեցած աշակերտներն էին՝
– Թանաքով գեղանկարչութիւն
Տաթեւիկ Ալեքսանդրեան- 6-րդ դասարան՝ առաջին
– Ջրաներկ
Մանէ Բարսեղեան- 6-րդ դասարան՝ երկրորդ
Արէն Բաբումեան- 5-րդ դասարան՝ երկրորդ
– Փասթել
Արթինէ Շահբազեան- 6-րդ դասարան՝ երկրորդ
– Ածուխով նկարչութիւն
Անժելինա Թորոսեան- 5-րդ դասարան՝ երկրորդ
– Գովաշ
Հայկ Ղարախանեան- 4-րդ դասարան՝ երկրորդ
– Լուսանկարչութիւն
Քեւին Թորոսեան- 4-րդ դասարան՝ երկրորդ
Ծրագրի եզրափակիչ խօսքն ասաց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա հպարտութեան առիթ համարելով մէկ ուսումնական տարեշրջան եւս յաջողութեամբ աւարտւելու կապակցութեամբ, անդրադարձ ունեցաւ ծրագրի ընթացքում դպրոցի հին շէնքից ցուցադրւած նկարներին, եւ ասաց, որ հին շէնքի գմբէթի վրայ կանգնեցւած խաչը յիշեցնում է երկու տաճարները՝ եկեղեցին եւ հայկական վարժարանը, որոնցից առաջինում մարդկանց սրտում ցանւում են հաւատի, իսկ երկրորդում՝ հայկական մշակոյթի եւ լեզւի սերմեր: Սրբազան Հայրը գնահատանքի խօսք ուղղելով աշակերտներին՝ քննութիւններում արձանագրած գերազանց արդիւնքի համար, իր հայրական պատգամն աւարտեց շնորհաւորանքի եւ շնորհակալական խօսքերով:
Վերջում շրջանաւարտները աւարտական գլխարկների վեր նետումով պահը յաւերժացրին թէ՛ իրենց եւ թէ՛ ներկաների յիշողութեան մէջ:
Աւանդոյթի համաձայն, «Արմէն» տարրական դպրոցի 6-րդ դասարանցիները, աւարտական հանդէսից յետոյ, ուղեկցութեամբ դպրոցի պատասխանատուների, յունիսի 21-ից 25-ը մեկնեցին ճամբար: Այս տարի ճամբարի վայր էր նկատի առնւել Թեհրան քաղաքը եւ կեցութիւնը տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի շրջափակում: Ճամբարականները ծրագրի համաձայն կատարեցին մի շարք այցելութիւններ ու հանդիպումներ, որոնցից կարելի է մատնանշել՝ «Ալիք» հաստատութիւն եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդարան կատարած այցելութիւնները, որոնց ընթացքում ոչ միայն աշակերտների մօտ մեծ հետաքրքրութիւն առաջացաւ իրականացւող աշխատանքների շուրջ, այլ նաեւ նրանք ստացան իրենց հարցումների պատասխանները: Այցելութիւն կատարւեց նաեւ «Հիւման փարք» գիտական կենտրոն, «Սաադ Աբադ» թանգարանային համալիր, ինքնաշարժերի թանգարան եւ այլ վայրեր:
Թղթակցութիւնը կազմեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝ դպրոցի տնօրէնութեան զեկոյցի համաձայն:
Լուսանկարները՝ Գեւիկ ստուդիոյի