Ինչո՞ւ են ականջները խցանւում թռիչքի ժամանակ եւ ինչպէ՞ս կարելի է լուծել այս խնդիրը

Օդային ճանապարհորդութիւններ նախընտրող մարդկանց մեծամասնութիւնը բախւում է ականջների խցանման խնդրին։ Խնդիրը լուծելու համար ոմանք դիմում են մաստակ ծամելուն, կոնֆետ ծծելուն կամ շատ հորանջելուն, սակայն դրա լուծումը շատ աւելի հեռու է այս մեթոդներից։
Լաւ նորութիւնն այն է, որ թռիչքի եւ վայրէջքի ժամանակ զգացւող տհաճ զգացողութիւնը օրգանիզմի նորմալ պաշտպանական ֆունկցիա է։ Ըստ աուդիոլոգ եւ Ամերիկեան աուդիոլոգիայի ակադեմիայի նախագահ Պատրիսիա Գաֆնիի՝ ականջների խցանումը ճնշումը հաւասարեցնելու օրգանիզմի բնական միջոց է եւ դէպքերի մեծամասնութիւնում այս գործընթացն անցնում է արագ եւ առանց բարդութիւնների, գրում է Popular Science-ը։
Բայց կոնկրետ ի՞նչն է առաջացնում դա եւ ինչու՞։ Գաֆնին մանրամասն պատմել է, թէ ինչ է տեղի ունենում մեր ականջներում թռիչքի ժամանակ, հաղորդում է Ֆոկուսը։
Յայտնի է, որ մարդու ականջը բաղկացած է երեք մասից՝
արտաքին ականջ,
միջին ականջ,
ներքին ականջ։
Արտաքին ականջը ներառում է տեսանելի ականջաբլթակը եւ լսողական ապարատը։ Թմբկաթաղանթն առանձնացնում է արտաքին ականջը օդով լցւած միջին ականջից, որը ներառում է երեք մանր ոսկրիկներ եւ եւստախեան փողը՝ նեղ անցուղի, որը միացնում է միջին ականջը կոկորդի վերին մասին կամ քթըմպանին։ Ներքին ականջում գտնւում են խխունջիկը՝ մեր լսողութեան օրգանը եւ վեստիբոլյար ապարատը, որը պատասխանատու է հաւասարակշռութեան համար։
Թռիչքի ժամանակ ականջների խցանումն առաջանում է Եւստախեան փողից։ Պրոֆեսոր Գաֆնիի խօսքով՝ Եւստախեան փողի ամբողջ աշխատանքը կայանում է նրանում, որ այն պէտք է հաւասարաչափ ճնշում պահպանի ականջի արտաքին եւ միջին հատւածների միջեւ։
Միջին ականջի եւ արտաքին միջավայրի միջեւ օդի ճնշման հաւասարակշռութիւնը կարեւորագոյն նշանակութիւն ունի մեր ականջների ճիշտ գործելու համար։ Երբ միջին ականջի ճնշումն աւելի ցածր է, քան արտաքին օդի ճնշումը՝ կարող է առաջանալ բացասական ճնշում։ Այն կարող է թմբկաթաղանթը ներս քաշել՝ նւազեցնելով դրա թրթռալու ունակութիւնը եւ մեր լսողութիւնը դարձնել խուլ։ Սա շարունակւում է այնքան ժամանակ, մինչեւ ճնշումները հաւասարւեն։
Յայտնի է, որ առօրյա կեանքում մեր Եւստախեան փողը կարճ ժամանակով բացխում է, երբ մենք՝
կուլ ենք տալիս,
հորանջում ենք,
խօսում ենք։
Այս ամէնը օգնում է փոխհատուցել օդի ճնշման փոքր փոփոխութիւնները։ Սակայն թռիչքի, ջրի տակ սուզւելու եւ լեռ բարձրանալու ժամանակ բարձրութեան արագ փոփոխութիւնը այլ բան է։ Այս փոփոխութիւնները կարող են հանգեցնել զգալի փոփոխութիւնների, քանի որ օդի արտաքին ճնշումը աւելի արագ է փոխւում, քան միջին ականջի ներսի ճնշումը։ Այդ պահին եւստախեան փողը արձագանքում է եւ բացւում՝ ճնշումը հաւասարեցնելու համար։
Պրոֆեսոր Գաֆնիի խօսքով՝ կան մի շարք ապացուցւած եղանակներ՝ թռիչքի ժամանակ արեան ճնշումը վերահսկելու եւ Եւստախեան փողը բացելու համար։ Դրանք ներառում են.
Մանուկների համար կարող է օգնել կրծքի կերակրումը եւ ծծակը:
Աւելի մեծ երեխաների եւ մեծահասակների համար՝ մաստակ ծամելը, քաղցրաւենիք ծծելը եւ դիտաւորեալ հօրանջելը։
Կարելի է նաեւ օգտագործել այսպէս կոչւած Վալսալւայի հնարքը։ Դրա համար անհրաժեշտ է շունչ քաշել, բերանը փակել, քիթը բռնել եւ զգուշօրէն փռշտալ։ Բացի այդ, փորձագէտները նշում են, որ կան առանց դեղատոմսի դեղամիջոցներ, որոնք նոյնպես կարող են հեշտացնել թռիչքը։
News.am