Այլ

Մազերի սպիտակելու եւ մելանոմայի առաջացման ռիսկը կախւած է մէկ բջջային արձագանքից

Մելանին գունանիւթ արտադրող բջիջները կարող են տարբեր կերպ վարւել, երբ ԴՆԹ-ն վնասւում է. մի մասն անհետանում է՝ ճերմակացնելով մազերը, միւսները մնում են, բայց դա մեծացնում է մելանոմայի (մաշկի քաղցկեղ) առաջացման ռիսկը: Նման եզրակացութեան են յանգել Տոկիոյի համալսարանի հետազօտողները: Արդիւնքները հրապարակւել են Nature Cell Biology բժշկագիտական հանդէսում:

Գիտնականներն ուսումնասիրել են, թէ ինչպէս են մելանոցիտային ցողունային բջիջները՝ գունանիւթային բջիջների նախորդները, արձագանքում ԴՆԹ-ի վնասմանը եւ ինչպէս է այս արձագանքն ազդում մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկի վրայ: Նախկինում արդէն ապացուցւել է, որ սթրեսը եւ տարիքը նպաստում են մազերի ճերմակմանը ու նաեւ մեծացնում քաղցկեղի առաջացման ռիսկը: Հետեւաբար, հետազօտողները ենթադրել են, որ այս գործընթացների միջեւ հնարաւոր կենսաբանական կապ կայ:

Մկների վրայ կատարւած փորձերը ցոյց են տւել, որ երբ տեղի են ունենում ԴՆԹ-ի կրկնաշղթայ խզումներ, մելանոցիտային ցողունային բջիջները սկսում են մի գործընթաց, որը կոչւում է ծերացման հետ կապւած դիֆերենցիացիա: Սա յանգեցնում է դրանց սպառման եւ, հետեւաբար, գունանիւթի կորստի՝ մազերի ճերմակացման: Այնուամենայնիւ, մարմինը նաեւ պաշտպանութիւն է ստանում մելանոմայի դէմ, քանի որ վնասւած բջիջներն այլեւս չեն բաժանւում:

Սակայն, եթէ տեղի է ունենում քաղցկեղածին նիւթերի ազդեցութիւն, այս պաշտպանական մեխանիզմը խաթարւում է. դիֆերենցիացիան արգելափակւում է, եւ ցողունային բջիջները շարունակում են ինքնանորանալ նոյնիսկ վնասւած ԴՆԹ-ով։ Արդիւնքում, դրանք կարող են կուտակել մուտացիաներ եւ առաջացնել ուռուցքներ։

«Ցողունային բջիջների նոյն պոպուլիացիան կարող է ենթարկւել հակառակ փոփոխութիւնների՝ կա՛մ անհետանալ, կա՛մ ընդլայնւել՝ կախւած սթրեսի տեսակից եւ շրջակայ միջավայրի ազդանշաններից»,- բացատրում է ուսումնասիրութեան գլխաւոր հեղինակ պրոֆեսոր Նիշիմուրան։

Հետազօտողներն ընդգծում են, որ մազերի ճերմակումն ուղղակիօրէն չի պաշտպանում քաղցկեղից, այլ արտացոլում է բջջային մեխանիզմների աշխատանքը, որոնք հաւասարակշռում են ծերացումը եւ չարորակ վերափոխման ռիսկը։

News.am

Related Articles

Back to top button