Այլ

Որովայնի եւ լեարդի ներսում թաքնւած ճարպը կարող է վնասել զարկերակները

ՄըքՄասթերի համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազօտութիւնը պարզել է, որ որովայնի եւ լեարդի խորքում թաքնւած ճարպը կարող է աննկատ վնասել զարկերակները, նոյնիսկ այն մարդկանց, որոնք առողջ են թւում։

Հետազօտութեան արդիւնքները, որոնք հրապարակւել են Communications Medicine բժշկագիտական հանդէսում, կասկածի տակ են դնում երկար ժամանակ տարածւած այն համոզմունքը, ըստ որի մարմնի զանգւածի ինդեքսը (BMI) ճարպակալման չափանիշ է, եւ առաջարկում են նոր պատկերացումներ այն մասին, թէ ինչպէս է թաքնւած ճարպը նպաստում սրտանօթային հիւանդութիւնների զարգացմանը։

Որովայնային ճարպը (ներքին օրգանները շրջապատող ճարպը) եւ լեարդի ճարպը (լեարդում պահւող ճարպը) յայտնի են նրանով, որ մեծացնում են 2-րդ տիպի շաքարախտի, բարձր արեան ճնշման եւ սրտի հիւանդութիւնների առաջացման վտանգը, սակայն դրանց ազդեցութիւնը զարկերակների առողջութեան վրայ քիչ է ուսումնասիրւել։

Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում աւելի քան 33 հազար չափահասների տւեալների եւ առաջադէմ մագնիսառեզոնանսային շերտագրման տեխնիկայի միջոցով գիտնականները պարզել են, որ որովայնային եւ լեարդի ճարպը սերտօրէն կապւած է պարանոցի քներակային զարկերակների հաստացման եւ խցանման հետ։ Այդ զարկերակներն արիւն են մատակարարում ուղեղին, եւ դրանց նեղացումը ուղեղի կաթւածի եւ սրտի կաթւածի հիմնական կանխատեսող գործօն է։

«Այդ հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ նոյնիսկ աւանդական սրտանոթային ռիսկի գործօնները, մասնաւորապէս՝ խոլեստերինը եւ արեան ճնշումը, հաշւի առնելով, նոյնիսկ ներքին եւ լեարդի ճարպը դեռեւս նպաստում է զարկերակային վնասմանը»,- ասում է ուսումնասիրութեան համահեղինակ, ՄըքՄաստերի համալսարանի գիտաշխատող Ռասէլ դէ Սոուզան: «Այդ արդիւնքներն արթնացման կոչ են ինչպէս բժիշկների, այնպէս էլ հանրութեան համար»:

Հետազօտական խումբը վերլուծել է երկու հիմնական խմբերի՝ «Առողջ սրտի եւ բանականութեան կանադական դաշինքի» (CAHHM) եւ Մեծ Բրիտանիայի կենսաբանկի տւեալները՝ օգտագործելով մագնիսառեզոնանսային շերտագրում՝ ճարպի բաշխումը եւ զարկերակային առողջութիւնը գնահատելու համար: Նրանք պարզել են, որ ներքին ճարպը մշտապէս կապւած է քներակային անօթների վահանիկների առաջացման եւ զարկերակային պատի հաստացման հետ, մինչդեռ լեարդի ճարպը աւելի թոյլ, բայց դեռեւս նշանակալի կապ է ցոյց տւել: Կարեւոր է, որ այս կապը պահպանւել է նոյնիսկ, երբ հետազօտողները ճշգրտումներ են կատարել կենսակերպի եւ նիւթափոխանակութեան ռիսկի գործօնների համար:

Դրա հետեւանքները միանգամայն ընդարձակ են: Բժիշկների համար դա ընդգծում է մարմնի զանգւածի ինդեքսից եւ իրանի շրջագծից այն կողմ նայելու անհրաժեշտութիւնը՝ ճարպի բաշխման պատկերագրական գնահատումները դիտարկելու համար: Միջին տարիքի մարդկանց համար դա յիշեցում է, որ թաքնւած ճարպը, ոչ միայն տեսանելի քաշը, կարող է աննկատելիօրէն մեծացնել սրտանօթային հիւանդութիւնների ռիսկը:

«Միշտ հնարաւոր չէ մարդու արտաքին տեսքից պարզել՝ նա վիսցերիալ կամ լեարդի ճարպ ունի՞ արդեօք»,- ասում է հետազօտութեան համահեղինակ Սոնիա Անանդը ՄըքՄասթերի համալսարանից: «Այդ տեսակի ճարպը նիւթափոխանակօրէն ակտիւ է եւ վտանգաւոր. այն կապւած է բորբոքման եւ զարկերակային վնասման հետ նոյնիսկ տեսանելի աւելորդ քաշ չունեցող մարդկանց շրջանում»: Ահա թէ ինչու է այդքան կարեւոր վերանայել ճարպակալման եւ սրտանոթային հիւանդութիւնների ռիսկի գնահատման եղանակները»:

News.am

 

Related Articles

Back to top button