Այլ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ

Յունւարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով։

Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը։ Ժողովը բացւեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ժողովի օրակարգում ընդգրկւած էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական խնդիրներին առնչւող հարցեր։

Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների եւ ստեղծւած իրավիճակի մասին զեկոյցով հանդէս եկաւ ի.գ.դ. տիար Գէորգ Դանիէլեանը։

Ընդգծւեց, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն յուզող խնդիրները քննւում են եկեղեցական սահմանւած կարգով համապատասխան կառոյցներում ու առաջադրւում համարժէք լուծումներ։ Նշւեց, որ շրջանառւող «ներեկեղեցական հակադրութիւնների» թէզը արհեստածին է եւ նպատակ ունի օրինականացնել իշխանութիւնների ապօրինի միջամտութիւնը Եկեղեցու ներքին գործերին։

Արձանագրւեց նաեւ, որ 2025 թ. մայիսի վերջից իշխանութեան նախաձեռնած հակաեկեղեցական արշաւը ստացել է համակարգւած բնոյթ՝ ուղեկցւելով հակասահմանադրական գործողութիւններով, քրէական հետապնդումներով եւ հոգեւորականների նկատմամբ բռնաճնշումներով։

Գերագոյն հոգեւոր խորհուրդն իր գնահատանքը յղեց Հայ Եկեղեցուն իրենց աջակցութիւնը ցուցաբերած հաւատաւոր ժողովրդին, ինչպէս նաեւ կառոյցներին եւ առանձին անհատներին, ովքեր օրինական քայլերով իրենց վճռական դիրքորոշումն են արտայայտում ի պաշտպանութիւն Եկեղեցու իրաւունքների։

Քաղաքականութեան մէջ Եկեղեցու ներգրաււած լինելու մեղադրանքը անհիմն եւ անընդունելի համարելով՝ ԳՀԽ-ը մերժելի նկատեց իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձեւաւորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մէջ ներքաշելու փորձերը, ինչը նոր բաժանումներ ու հակառակութիւններ է առաջ բերում ազգային կեանքում։ ԳՀԽ-ն նաեւ իր մտահոգութիւնն արտայայտեց տասը եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ կեցւածքի, հանրային ելոյթներում Մայր Աթոռի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցէին հնչեցրած զրպարտիչ յայտարարութիւնների ու մեղադրանքների առնչութեամբ։

Ժողովականները խստօրէն դատապարտեցին եպիսկոպոսների միանալը վարչապետի կողմից նախաձեռնւած եւ անթաքոյց հովանաւորւող «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման ծրագրին», ինչպէս նաեւ ՏԻՄ ղեկավարների, իրաւապահ եւ ուժային կառոյցների ներգրաւմամբ թեմակալ առաջնորդների կողմից եկեղեցականների նկատմամբ գործադրւող ապօրինի ճնշումներն ու սպառնալիքները։

Գերագոյն հոգեւոր խորհուրդը յորդորեց հոգեւորականներին չտրւել հակաօրինական պարտադրանքներին եւ, հաւատարիմ մնալով իրենց կոչմանը, առաջնորդւել բացառապէս Հայոց Եկեղեցու կանոնական կարգով։ Քննարկելով առկայ իրադրութեան յաղթահարման ուղիները՝ որոշւեց նախորդ տարեվերջին հրաւիրւած եւ ժամանակաւորապէս յետաձգւած Եպիսկոպոսաց ժողովը եւ աղօթական առանձնացումը կազմակերպել փետրւար ամսւայ ընթացքում։

Ժողովը փակւեց «Պահպանիչ» աղօթքով։

yerkir.am

Related Articles

Back to top button