Արմէն Աշոտեան. «TRIPP-ի մասին հրապարակւած յայտարարութիւնը, որ Փաշինեանը փորձելու է թմբկահարել, որպէս դիւանագիտական յաջողութիւն, իրականում աննախադէպ է»

«ԱԼԻՔ» – TRIPP-ի մասին հրապարակւած յայտարարութիւնը, որ Փաշինեանը փորձելու է թմբկահարել, որպէս դիւանագիտական յաջողութիւն, իրականում աննախադէպ է։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը:
«Նախ, իրաւական ուժ չունեցող, սակայն երկրի ճակատագիրը երկարատեւ առումով կանխորոշող փաստաթուղթն ինքնին գէոպոլիտիկ խաղամոլութեան՝ geopolitical gamble, դրսեւորում է։
Երկրորդը. այն ցաւալիօրէն յիշեցնում է ժամանակին առկայ նմանատիպ նախագծերը՝ Պանամայի եւ Սուէզի ջրանցքներ, Սեւծովեան նեղուցներ եւ այլն։
Նշւած երեք օրինակներն ապացուցում են մէկ ընդհանուր ճշմարտութիւն, որը փորձում է սւաղել Փաշինեանը՝ գէոպոլիտիկ նշանակութեան օբիեկտների ցանկացած իրաւական եւ փաստացի արտապատւիրակում հարւած է ինքնիշխանութեանը։
Իսկ արժանապատվութիւն ունեցող պետութիւնները ոչ միայն նման նոր սխալներ չեն գործում, այլեւ ուղղում են նախկինները։
Երրորդը. Հայաստանի լոգիստիկ պոտենցիալի մսխումն ու վերածումը լոկ մէկ ուղղութեամբ, մէկ ուժի կենտրոնի շահերի սպասարկման անւան ներքոյ թուրք-ադրբեջանական ռազմավարական գերակայութիւնների իրագործմանը ինքնին ծանր հարւած է ինքնիշխանութեանը։
Չորրորդը. Յայտարարութիւնը փաստացի կիրառում է Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ անարգել կապի սկզբունքը՝ մինչ Հայաստանը ստանում է երկարաժամկէտ եւ պայմանական «փոխադարձ օգուտների» խոստում։ Այսպիսով, Ադրբեջանն անմիջապէս հասնում է իր ռազմավարական նպատակին, մինչդեռ Հայաստանի օգուտները կախւած են ապագայ «բարեփոխումներից» եւ Ադրբեջանի հետ երկկողմ յարաբերութիւններից։
Հինգերորդը. Իրական ինքնիշխանութիւնը պահանջում է լոգիստիկ նախագծեր, որոնք զարգանում են ազգային շահերի պահպանմամբ եւ չեն վերածում պետութիւնը միջազգային տարանցիկ գօտու՝ կառավարւող փաստացի օֆշորային կորպորատիւ կառոյցների կողմից։
Վեցերորդը. Փաստաթղթում բարձրաձայնւած «լիակատար ինքնիշխանութեան» դրոյթները հակասում են սահմանւած «առջեւի-յետեւի գրասենեակ» օպերատիւ մոդելին: Մինչ մաքսային եւ անվտանգութեան որոշումները մնալու են հայաստանեան մարմինների ձեռքում, ողջ օպերատիւ հոսքը, տւեալների հաւաքումը եւ լոգիստիկան կը վերահսկւեն օտարերկրեայ կապիտալով ընկերութեան կողմից ընտրւած մասնաւոր օպերատորներով։ Սա ստեղծում է ինքնիշխանութեան ձեւական եւ իրական բաղադրիչների տարաբաժանում՝ վտանգելով պետութեան գործունակութիւնը սեփական տարածքում։
Այդ յայտարարութեանը առաւել մանրամասն կանդրադառնամ հետագայում, այդ թւում՝ Արարատ Միրզոյեանի ափալ-թափալ եւ փնթի ինքնաասուլիսին։
Մի բան ակնյայտ է՝ Նիկոլի իշխանութեան ամէն օր առաւել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրայ»,- գրել է նա:



