Արթուր Խաչատրեան. «Հայաստանը կարող է դառնալ տիտանների մարտադաշտ»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ-ի անդամ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը, կարծում է, որ Հայաստանն ինչ-որ մի պահի կարող է յստակ կանգնել երկընտրանքի առաջ։
«Թրամփի ուղու» շուրջ հայ-ամերիկեան վերջին քննարկումներն արագ կազմակերպւեցին ու անցկացւեցին՝ հաշւի առնելով Իրանում զարգացումները։ Ազգային ժողովում ճեպազրոյցի ժամանակ այս տեսակէտը յայտնեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
Աւելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն յունւարի 13-ին հանդիպել են ՀՅԴ Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
«Ես յոյս ունեմ, որ այս ստորագրման արարողութեան եւ քննարկումների ընթացքում իրանական հարցը չի արծարծւել, քանի որ դա մեզ համար բաւականին ծանր անվտանգային մարտահրաւէր կարող է ստեղծել»,- ասաց Խաչատրեանը։
Նա յիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետութեան ստեղծման օրւանից իշխանութիւնները կարողացել են աշխատանքային, բարեկամական յարաբերութիւններ ստեղծել թէ՛ ԱՄՆ-ի, թէ՛ Եւրամիութեան, թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Իրանի հետ։
«Մեր ամենածանր զգուշացումը, մտահոգութիւնն այն է, որ Հայաստանն ինչ-որ մի պահի կարող է յստակ կանգնել երկընտրանքի առաջ՝ կա՛մ-կա՛մ, այս դէպքում մենք շատ լուրջ անվտանգային մարտահրաւէրների առաջ ենք կանգնելու»,- յաւելեց Խաչատրեանը։
Նա նշեց՝ օրինակ՝ իրանական կողմը շատ լուրջ մտահոգութիւններ ունի, որ «Թրամփի ուղու» շինարարութեան պատրւակի ներքոյ այլ ուժեր կարող են տեղակայւել։
«ՀՀ գործող իշխանութիւնը Հայաստանը կարող է դարձնել տիտանների մարտադաշտ, իսկ դա Հայաստանի համար լուրջ գլխացաւանք կարող է լինել»,- ընդգծեց Խաչատրեանը։
Յիշեցնենք՝ տեւական ժամանակ է՝ ՀՀ իշխանութիւնը արշաւ է սկսել եկեղեցու ու յատկապէս կաթողիկոսի դէմ։ Ճաղերի հետեւում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, Մայր աթոռի դիւանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը։
2026 թ.-ի յունւարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները յայտարարեցին Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպէս կոչւած իրենց «ճանապարհային քարտէզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինեանի ստորագրած փաստաթղթով ստեղծւում է համակարգող խորհուրդ, որը պէտք է զբաղւի Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։



