Արմէն Աշոտեան. «Նիկոլի ռազմավարութիւնն է՝ մի դատարկ թուղթ ստորագրել Ալիեւի հետ՝ վերարտադրւել 2026-ին, յետոյ անցնել ՀՀ վերացման վերջին արարին՝ Սահմանադրութեան փոփոխութիւն, «Զանգեզուրի միջանցք»»
«ԱԼԻՔ» – Հիւսիսային Աֆրիկայի անխիղճ արեւի ճառագայթներից թաքնւելով՝ մի խումբ կարթագենցի սենատորներ նոյնքան թէժ վէճի էին բռնւել Հռոմի հետ երկրորդ պատերազմում ցաւոտ պարտութիւն կրած Կարթագենի Սենատում։ «Թշնամու հետ բարիշենք, նրա բոլոր պահանջները կատարենք, լաւ առեւտուր կանենք հետները,- պնդում էին Կարթագենի մեծամեծերը եւ յաւելում,- Բոլորը, ովքեր դէմ կարտայայտւեն դրան, պէտք է բանտարկւեն, լռեցւեն կամ արտաքսւեն»։ Նուբարաշէն ՔԿՀ-ից գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը:
«Ծերակոյտը յստակ ատամ ուներ յատկապէս զօրավար Հանիբալի վրայ, ով կոչ էր անում իր հայրենակիցներին՝ չհաւատալ խորամանկ եւ ուխտադրուժ Հռոմի քաղցր խոստումներին, չտրւել ոխերիմ թշնամու հետ «խաղաղութեան դարաշրջանի» հեքիաթին եւ չյանձնւել նրա ողորմածութեանը։
Կարթագենի սենատորների մեծամասնութիւնն ատում էր Հանիբալին դրա համար եւ պատրաստ էր իր հայրենիքի համար արիւն թափած եւ փառք բերած զօրավարին փուռը տալ՝ կա՛մ արտայանձնելով Հռոմ, կա՛մ արտաքսելով նրան։ «Դու ես պարտութեան եւ պատերազմի մեղաւորը»,- ֆշշացնում էին ողջ պատերազմի ընթացքում իրենց փորն անդարդ քորած եւ հարստանալու վրայ տարած տռզած պետական այրերը (անգամ 2200 տարի առաջ նմանների աչքերում ամէն ինչում մեղաւոր էին իրենց անդորրը խանգարող կռւած տղերքը)։
«Արտաքին թշնամի չունենալու համար դուք ստեղծում էք ներքին թշնամիներ»,- Կարթագենի Սենատում իր վերջին ելոյթներից մէկում ասաց Հանիբալը եւ ստիպւած հեռացաւ իր հայրենիքից, որ չընկնի վրէժխնդիր Հռոմի եւ նրան ծառայելու պատրաստ սեփական իշխանութիւնների ձեռքը։
Մի կողմ դնենք այս պատմութեան պատկերաւոր գեղարւեստականութիւնը եւ աղաղակող զուգահեռներ անցկացնենք այսօրւայ Հայաստանի եւ նրա ներկայիս ղեկավարութեան հետ։ 44-օրեայ պատերազմից յետոյ «թազա Հայաստանի» փինաչի ճարտարապետներն անում են ճիշտ նոյն քայլերը, ինչ Հռոմի հետ առեւտրի մասին երազող երբեմնի փառահեղ Կարթագենի իշխանութիւնները. խաղաղութեան պատրանք դրսում եւ սանձարձակ թշնամանք ներսում։
Ընդդիմադիր պայքարի հերթական անյաջողութիւնից յետոյ Փաշինեանն անցել է յարձակման բոլոր ուղղութիւններով։ Արտաքին ճակատում Ալիեւի եւ Արեւմուտքի հետ միասին ափալ-թափալ եփում են ոչինչ չնշանակող, Հայաստանին սպառնացող ոչ մի վտանգ չչէզոքացնող «խաղաղութեան պայմանագիրը», որի մասին արդէն կարելի է դառը վստահութեամբ պնդել, որ այն չարժի անգամ այն թղթին, որի վրայ գրւած է։ Իսկ ներքին կեանքում պոտենցիալ եւ գործող ընդդիմախօսների նկատմամբ բռնաճնշումները նոր պտոյտի մէջ են՝ ՍԴ աղմկահարոյց որոշումը, Միքայէլ Մինասեանի նկատմամբ բեմադրւող շոուն, մաշւած, բայց շնչառական ապարատին կրկին միացւած հին թեմաներ «թալանչիների» մասին, շարունակւող քաղաքական բանտարկութիւններ, եւ այլն։
«Մեզ արտաքին թշնամի պէտք չէ, պէտք են ներքին թշնամիներ» սկզբունքը կեանքի է կոչւում արագընթաց տեմպերով, ինչը վկայում է այն մասին, որ ինչպէս մարզչական թիմն է պատրաստում մարզիկին գալիք առաջնութեանը, այնպէս էլ Նիկոլին բերած եւ պահող շրջանակները պատրաստում են նրան 2026-ի ընտրութիւններին։ Այդ նպատակով համաձայնել են անգամ սպասել Փաշինեանի խոստման կատարմանը, ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան հետ կապւած, մինչեւ 2027թ.։
Սա է Նիկոլի ռազմավարութիւնն այս պահին. ճնշել ընդդիմախօսներին, բթացնել ժողովրդի զգօնութիւնը, մի դատարկ թուղթ ստորագրել Ալիեւի հետ, վերարտադրւել 2026-ին եւ դրանից յետոյ անցնել Հայաստանի Հանրապետութեան վերացման վերջին արարին՝ Սահմանադրութեան փոփոխութիւն, «Զանգեզուրի միջանցք» եւ այլն։
Այս ֆոնին առաւել սուր է դառնում հետեւեալ հարցը. Իսկ ո՞րն է մեր ռազմավարութիւնը…
Յ.Գ. Կարթագենի ներկայիս մնացորդները՝ տուրիստների համար նկարահանւելու ֆոն ծառայող փլատակներով, լաւագոյն վկայութիւնն են կարճատես, դիւրահաւատ եւ անթասիբ ժողովուրդների ճակատագրի մասին։ Չէ, կարթագենցիք իրօք ուզում էին խաղաղութիւն՝ հետեւողականօրէն կատարելով Հռոմի բոլոր, նորանոր պահանջները՝ «սա էլ տանք ու նորմալ ապրենք» յոյսով։
Նրանք արտաքսեցին կամ թշնամուն յանձնեցին «խաղաղութեան դարաշրջանի» բոլոր ընդդիմախօսներին, համաձայնեցին հսկայական վճարումների, հրաժարւեցին սեփական ռազմական նաւատորմից։ Սակայն ոչինչ չփրկեց առեւտրի եւ հեշտ կեանքի յոյսով վարակւած Կարթագենին. Հռոմն ի սկզբանէ գիտէր, որ ուզում է ոչնչացնել նրանց։
Եւ ահա սեփական հզօրութիւնից հարբած Հռոմը նոր պահանջ դրեց «ապագայ կայ» աուտոթրենինգով ինքնամոռաց զբաղւող կարթագենցիների առաջ. դուք չպիտի ունենաք ելք դէպի ծով, ուստի քանդէք ձեր ներկայիս քաղաքը եւ տեղափոխւէք Աֆրիկա մայրցամաքի խորքը։ Այս վերջին լկտիութիւնը լցրեց Կարթագենի անպատւութեան կերակրատաշտակը, եւ նրանք ոտքի կանգնեցին։ Սակայն արդէն ուշ էր, շատ ուշ…»,- գրել է Աշոտեանը: